...

«ՉԻ» ռիթմով

«ՉԻ» ռիթմով

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՌԵԿՈՐԴ ԽՓԵՑ

Անցնող շաբաթը թարմություն մտցրեց մեր ներքաղաքական դաշտում: Առաջին հերթին, վերջապես խոսեց Սերժ Սարգսյանը: Միանգամից նշենք, որ լռության պահով նա գերազանցեց Լևոն Տեր-Պետրոսյանի ռեկորդը: Առաջին նախագահը 1998թ. փետրվարին հրաժարական տալուց հետո առաջին անգամ հրապարակավ լրագրողների հետ զրուցեց 1999թ. հունվարին՝ ՀՀՇ-ի համագումարում, այսինքն՝ լռեց գրեթե մեկ տարի, իսկ Սերժ Սարգսյանը՝ գրեթե 1,5 տարի:

Տեր-Պետրոսյանը հրաժարականից հետո ակտիվ քաղաքականություն վերադարձավ գրեթե 10 տարի անց: Տեսնենք, թե Սերժ Սարգսյանը այս ռեկորդին ինչ կպատասխանի: Մշուշոտ կասկածներ ունենք, որ այդքան չի դիմանա:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի պատրաստակամությանը՝ ձերբակալվել, եթե դա կերջանկանցնի հայ ժողովրդին, ապա պետք է խոստովանենք, որ մի անգամ Սերժ Սարգսյանն արդեն երջանկացրել է ժողովրդին՝ հրաժարական տալով վարչապետի պաշտոնից: Թեպետ, եթե անկեղծ լինենք, Ռ. Քոչարյանն այդ առումով շատ ավելի երջանկացնող հատկանիշ ունի. քանի անգամ ձերբակալեցին, այդքան անգամ Հայաստանում տոն էր: 

ՋԻՋԻԼԱԲԱՐՈ

Քոչարյանի պես հայ ժողովրդին երջանկացնելու ճանապարհին է կանգնած նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Ընդ որում, շատ հաստատակամ է կանգնած: Որքան այսպես համառ կանգնի, այնքան ժողովրդի ուրախությունը վերջում փսիխոզի կվերածվի:

Ժարգոնային լեզվով ասած, Հրայր Թովմասյանն այլևս ընդունում է, որ կեղծիքներով ՍԴ նախագահ ընտրելու ամբողջ պատմությունը «պալիտ» է եղել: Դա չի թաքցնում: Բայց իր չեմուչումը բացատրում է նրանով, որ ինքը սահմանին կանգնած զինվոր է, հսկում է, որ Արցախը անվտանգ լինի, բերքատվությունը բարձր լինի, Դոու-Ջոնսի ինդեքսը չընկնի: Սուրբ առաքյալ է, պատրաստ է զոհողությունների: Այդպես էլ ասում է. այո, ես խարդախություն եմ արել, լավ եմ արել, բայց ինձ չեք կարող բռնել, դե ջիջիլ: ՍԴ-ի համաձայնությունն է պետք: Արանքում Արա Բաբլոյանը տուժեց: Արսեն Բաբայանի դեպքում ընդհանրապես սահմաններն անցան. թույլ չտալով տեսակցություններ նրա հետ, ոչ մի լավ բանի չենք հասնի: 

ՍԱՄԱԼՅՈՏԻ ՄԻՍԸ

Իշխանություններն էլ որոշեցին երջանկացնել: Բայց այս դեպքում՝ իրենք իրենց: Հոկտեմբերը ամիսն ընդհանրապես շատ պտղաբեր եղավ նրանց համար: Սկզբից աշխատավարձերը ինքնաբարձրացվեցին, իսկ հիմա էլ հանկարծ սրտները սամալյոտի միս ուզեց: Պարզվում է, որ մեր այս կառավարական «Էյրբասը» մի շատ վատ հատկություն ունի. տիեզերք չի թռչում, հզորությունները չեն բավարարում: Նույնիսկ ԱՄՆ չի թռչում: Ի վիճակի չէ Ատլանտյան օվկիանոսը հատել: Բա ի՞նչ անեն, բա ո՞նց անեն, տարին երկու անգամ ԱՄՆ գնալու համար կամ առանձին ինքնաթիռ պետք է վարձել, կամ՝ չարթերային չվերթով գնալ: Որոշել են նոր ինքնաթիռ գնել: 55 միլիոն դոլարով: Միայն նրա համար, որ կարողանան մի չվերթով հասնել ԱՄՆ: Եթե իմանայինք, որ Ամերիկա ամեն օր են գնալու, դեռ կհասկանայինք, իսկ այսպես, չտեսնված շռայլություն է: Իշխանությունը նաև արբեցնող հատկություն ունի, բայց ոչ 55 միլիոն դոլարի:

ԻՆՉՊԵՍ ՉԿԻՍՎԵՆՔ

Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի մասին չենք խոսում, ամբողջ մեդիադաշտը գրավել է: Բավարարվենք Հանրային Խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանով: Վերջինս քննարկում էր կազմակերպել, մի շարք լրատվամիջոցների նախօրոք արգելել էր մուտք գործել քննարկման վայր: 

Պետք է խոստովանենք, որ Ստյոպա Սաֆարյանի այս քայլը մեզ շատ բարդ վիճակի մեջ դրեց: Ինչպե՞ս արձագանքել: Մի կողմից, փաստաթղթերով սա ԶԼՄ-ների նկատմամբ խտրական դրսևորում է, լրատվամիջոցների գործունեությունը խոչընդոտող քայլ, ստիպված ես ասել՝ լավ չես անում, պրն Սաֆարյան:

Բայց մյուս կողմից, այդ լրատվամիջոցներից շատերը վաղուց արդեն լրագրության բարոյական և էթիկական բոլոր սահմանները անցել են: Մեկ-մեկ ամաչում ենք, տեսնելով, թե այդ լրատվամիջոցները ինչպիսի ատելություն, թույն, ապատեղեկատվություն, հայհոյանքներ են տարածում: Ստյոպա Սաֆարյանի և նրա քրոջ մասին բռնում, ամենանողկալի ֆեյքերի գրառումներն են հրապարակում, էլ չենք խոսում իշխանությունների մասին ինչեր են գրում: Բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներին չեն խնայում, ինչ մտքներով անցնում, գրում են, մարտի 1-ի զոհերի հարազատներին են ծաղրում: Խոսքի ազատությունը փոխել են խոսքի սանձարձակությամբ: Ու մեր գործընկերներն են համարվում: Մենք էլ մեջտեղից պիտի կիսվենք. կեսը պիտի դատապարտի Ստյոպա Սաֆարյանին, կեսը՝ լիովին իր դրության մեջ մտնի: Այսպես կիսվելու առիթներ դեռ շատ ենք ունենալու: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 7, 2019

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ