Մի քանի օր առաջ արհեստական բանականությանը խնդրել էինք վերլուծել այս օրերին Հայաստանում կատարվող իրադարձությունները և ըստ այդմ՝ ներկայացնել 6 ամիս հետո հայկական լրատվամիջոցներում հրապարակվելիք «օրվա ամփոփումները»։ Ստացել ենք հետևյալ պատասխանը․
# «Քիթը քչփորելը նորաձև է» արշավի շրջանակներում Մարալիկում գտնվող Նիկոլ Փաշինյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել այն առթիվ, որ Գորիսում կայացած թուրք-ադրբեջանական համատեղ գործարար համաժողովի ընթացքում և ամփոփիչ հռչակագրում Հայաստանի նկատմամբ տարածքային նոր պահանջներ գրեթե չեն հնչեցվել։ «Սա վկայում է այն մասին, որ խաղաղության դարաշրջանը չափազանց մոտ է», 150 ոստիկանների ուղեկցությամբ իր հետ հանդիպմանը մասնակցելու եկած շուրջ 18 քաղաքացիների առջև հայտարարել է վարչապետը։
# Ամենայն Հայոց նորընծա Կաթողիկոս Ստեփանոս Գ-ի (Ավազանի անունը՝ Սծյոպ, մականունը՝ Կընդըլ) հրավերով տեսչական այցով Հայաստան ժամանած Ալլահշուքյուր Փաշազադեն այցելել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկ և տեղում իրականացրած անաչառ ուսումնասիրությունների արդյունքում պարզել, որ քաղաքացի Կտրիճ Ներսիսյանի հայտարարած հացադուլը կեղծ է։
# Ադրբեջանական բանակի՝ արձակուրդում գտնվող մի խումբ զինվորականներ ճանաչողական այցով ժամանել են Տավուշի մարզի Մովսես գյուղ, սակայն տեղի բնակիչները, նախապես հանցավոր համաձայնության գալով, կայուն ձևավորված խմբի կազմում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հրազենի կիրառմամբ իրականացրել են հանցավոր գործողություններ։ Վերջիններիս նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ սպանության և սպանության փորձի, ապօրինի զենքի ձեռքբերման և օգտագործման, ինչպես նաև իշխանությունների պահանջներին չենթարկվելու հոդվածներով։ Կան ձերբակալվածներ։
# ՀՀ առաջին փոխվարչապետ, Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ՀՀ գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Աննա Հակոբյանը հայտարարել է, որ այսուհետ «Հաջողակ տղամարդիկ» են համարվելու բոլոր նրանք, ում հայտարարագրած ամսական եկամուտները գերազանցում են 1 մլն դրամը։
# Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ՀՀ Գիտությունների պետական ակադեմիայի նախագահ Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ ստեղծվում է աշխատանքային խումբ՝ Էջմիածնի Մայր տաճարի ալբաներեն արձանագրությունները վերականգնելու նպատակով, իսկ դեմ արտահայտվողներն իրենց բերաններում կզգան պետության համը։
# Մամուլի հրապարակումների հիման վրա իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում ՀՀ տարածքում իրականացվել են բազմաթիվ խուզարկություններ։ Հայտնաբերվել են լուցկու տուփեր, կերակրի աղ, սոդա, լվացքի պարան, բջջային հեռախոսներ, ինչպես նաև պետական հեղաշրջման համար անհրաժեշտ այլ իրեր։ Ձերբակալվել է շուրջ 825 մարդ։ Ձերբակալություններն իրականացրած ինտերնացիոնալ ուժերի կազմում հատկապես աչքի են ընկել Թուրքիայի Հանրապետության Կարս քաղաքում տեղաբաշխված ՆԳ ստորաբաժանումները։
# Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ հարուցված շուրջ 312 քրեական վարույթները կարճվել են՝ վաղեմության ժամկետի սպառման հիմքով։ Փոխարենը հարուցվել են ավելի քան 250 նոր վարույթներ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է Երկիր մոլորակից բացակայելու արգելքը։
Շարունակելի