...

Դատարկ խոսակցությունների ժամանակներն անցել են, պետք է պայքարել ներսի վիրուսների դեմ

Դատարկ խոսակցությունների ժամանակներն անցել են, պետք է պայքարել ներսի վիրուսների դեմ

Երեկ մարտի մեկն էր: Նորագույն պատմության ողբերգական էջերից մեկը։ Նախատեսված երթն էլ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում վարչապետ Փաշինյանը չեղարկեց, բայց դե մեր երկրում շատ ավելի վտանգավոր վիրուսներ կան, որ դրանց դեմ պայքարում առայժմ վարչապետը հաջողություն չի արձանագրել։   

Եթե երկրի ներսում վտանգավոր վիրուսները չլինեն, ապա դրսից ներթափանցած վիրուսը երկար կյանք ունենալ չի կարող, վերջապես կորոնավիրուսի դեմ կարելի է պայքարել հիգիենայի ճիշտ կանոններով։ Իսկ ներսի վիրուսների վտանգը մեծ է։ Արդեն հայտնվում են մարդիկ, որ պահանջում են Արսեն Թորոսյանի հրաժարականը, կարծես թե Արսեն Թորոսյանը հատուկ գնացել և Թեհրանից կորոնավիրուս է բերել։ Պարզապես առիթից օգտվում և անկայունության օջախներ են ստեղծում։ Մեզանից շատ ավելի զարգացած երկրներում են տարատեսակ վիրուսներ լինում։

Հետհեղափոխական Հայաստանում արդեն երկրորդ մարտի մեկն է, բայց մարտի մեկի գործով գրեթե առաջընթաց չկա։ Կալանավորված է Քոչարյանը, մնացած մեղադրյալներից մի մասի նկատմամբ հետախուզում է հայտարարված, իսկ մյուսներն ազատություն են վայելում։ Դատական գործընթացը վեր է ածվել զավեշտի, Քոչարյանի պաշտպանական թիմն անընդհատ միջնորդություններ է ներկայացնում, և դատն անընդհատ հետաձգվում է։ Առջևում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է։ Ամենայն հավանականությամբ Քոչարյանի և նրա փոքրաթիվ կողմնակիցների հույսը հանրաքվեի «այո»-ի պարտությունն է, որ ՍԴ-ն նույն կազմով իրենց հարմար որոշում կկայացնի։ Իսկ հանրությունն այս ամենին ականատես է լինում և դժվար թե «այո»-ն չապահովի։ Հանրությունը նաև գիտակցում է, որ հանրաքվեն հեղափոխությունից հետո իրավական քաոսից ազատվելու միակ հնարավորությունն է։ 

Իհարկե, պատճառը իշխանությունների անվճռականությունն ու դանդաղկոտությունն է։ Բայց դե ինչ ունենք, ունենք։ Երկու տարեկան հեղափոխական Հայաստանում իշխանությունները ոչինչ չարեցին դատաիրավական համակարգում բարեփոխումների համար, արդյունքում դատարանները որոշումներ են կայացնում ինչպես նախկինում։ Ոստիկանության նույն համակարգն է՝ նույն կադրերով, ՊԵԿ-ը մնացել է նույնը։ Հեղափոխությունից հետո իշխանություններին մի շատ կարևոր բան հաջողվեց՝ կազմակերպել ազատ, արդար ընտրություններ։ Հա, մի բան էլ, իրենց բարկեցությունը ապահովեցին՝ աշխատավարձերը կրկնապատկելով ու գումարած էլ պարգևավճարները։ 

Վարչապետն ամիսներ առաջ հայտարարել էր, թե պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, ենթադրվում էր, որ եթե համակարգային փոփոխություն չի անում, գոնե կադրային փոփոխություններ կլինեին, էդ էլ չեղավ։ Իսկ օրեր առաջ էլ կոռուպցիայի դեմ պայքարին նոր թափ ու որակ հաղորդելու համար կառավարությունում նիստ էր հրավիրել և հայտարարեց, որ բավարարված չէ իրավապահ համակարգի կողմից կոռուպցիայի դեմ տարվող պայքարի տեմպերից ու արձանագրված արդյունքներից, թե համակարգում կան «դավաճաններ», ինչը դարձյալ ենթադրում էր, որ եթե երկրի ղեկավարը գիտի դավաճանների տեղը, ապա պիտի հաջորդեին իրավական գործընթացները. դարձյալ ոչ մի բան։ 

Վարչապետին թվում է, թե ինքը ընդդիմադիր Փաշինյան Նիկոլն է և կարող է խնդիրների մասին հայտարարել, դե իշխանություններն էլ չեն ուզում բան փոխել։ Այսքանով ամեն ինչ ավարտված է համարում։ Վարչապետն ունի բոլոր լծակները և բավարար լեգիտիմություն, որ հեղափոխությանը դիմադրող համակարգն արդեն անցյալ համարվեր և համակարգի դավաճաններն էլ այլևս տեղ չունենային համակարգում և հայտնվեին այնտեղ, որտեղ պետք է լինեին։ Վարչապետն ինչպես որ արձագանքեց կորոնավիրուսի դեմ պայքարին, նույն ձևով էլ պետք է պայքարի ներսի վիրուսների դեմ։ Այ, այդ դեպքում կունենանք նոր Հայաստան իր բոլոր կառույցներով։ Թե չէ միայն հայտարարություններով բան փոխելն անհնար է։ Դատարկ խոսակցությունների ժամանակներն անցել են, պետք է պայքարել ներսի վիրուսների դեմ, հետո ուշ է լինելու։

Ջավահիր Այվազյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2471 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ