...

Դեռ հնարավոր է լռել

Դեռ հնարավոր է լռել

Չնայած ՀՀ իշխանությունների ու քաղաքական ուժերի զգուշավոր լռությանը՝ ռուս-ուկրաինական պատերազմի ստվերը հասկանալի պատճառներով չի շրջանցելու Հայաստանը։ Վերջին մեկ-երկու օրվա մեջ պատերազմի շրջանակներում հոլովվել է նաև Հայաստանի անունը։ 

Դրվագ 1․ Մասնավորապես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Ելիսեյան պալատում ընդունելիս չի շրջանցել այս թեման։ Վերջինս հայտարարել է․ «Ռուսաստանը պատերազմը բերեց Եվրոպա, և այն չի կարող հետևանքներ չունենալ Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի համար»։ «Պետք է աչալուրջ լինել։ Այս իրավիճակում չպետք է մոռանանք 2020 թվականի աշունը։ Այստեղ էլ ամեն ինչ լուծված չէ, և շատ անելիքներ կան»,- նշել է Մակրոնը։

Դրվագ 2․ Ուկրաինայի Կենտրոնական բանկը ի թիվս այլ երկրների՝ նաև Հայաստանին է դիմել՝ խնդրելով սառեցնել բոլոր փոխանցումները ռուսական «Միր» վճարային համակարգի միջոցով։ «Այս դիմումը հրատապ կարգով քննարկման կարիք ունի՝ արագացնելու ֆինանսական ճնշումներն ագրեսոր երկրի նկատմամբ, որն առաջ է տանում հարձակումն Ուկրաինայի դեմ»,- հայտարարել է Ուկրաինայի Կենտրոնական բանկը։ Նույն խնդրանքը հասցեագրվել է Թուրքիային, Ղազախստանին, Տաջիկստանին, Ղրղըզստանին և Վիետնամին։ 

Դրվագ 3։  Մարտի 4-ին ՌԴ Արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ «ԱԳ ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների համաձայնեցումը»,- նշված էր հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ դրանից ընդամենը երկու օր առաջ՝ մարտի 2-ին, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ բանաձև ընդունեց, որով Ռուսաստանից պահանջում էր դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայում և դուրս բերել զորքերն այդ երկրի տարածքից։ Բանաձևին կողմ էր քվեարկել 141 պետություն, դեմ՝ 5, իսկ ձեռնպահ՝ 35։ Հայաստանը ձեռնպահ քվեարկած երկրների շարքում էր։ Հնարավոր է՝ զուգադիպություն է, հնարավոր է՝ Լավրովը կոնկրետ ցուցման համար է զանգահարել։ 

Առաջիկայում պատերազմն ավելի առարկայական անդրադարձներ է բերելու Հայաստան։ Խոսքը քաղաքական անդրադարձների մասին է, տնտեսականն ինքնին հասկանալի է։ 

Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ