«Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը․․․ ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«ՉԻ»․ Նիկոլ Փաշինյանի «խստորեն դատապարտելը» միանգամայն հասկանալի է․ փաստորեն անհայտ անձինք ցուցադրաբար արհամարհել են իր ուղղակի հրահանգը և ընդդիմադիր գործիչների նկատմամբ կիրառել են ոչ թե «բանտիկով» մուրճ, այլ ատրճանակ։ Իսկ ահա «հանցագործությունը շուտափույթ բացահայտելու»՝ իրավապահներին ուղղված կոչը, մեղմ ասած, տեղին չէ։ Խեղճ իրավապահներն ինչպե՞ս բացահայտեն, եթե Նիկոլ Փաշինյանից դեռևս SMS չեն ստացել, որտեղ մանրամասն գրված կլինի, թե կոնկրետ ում պետք է ձերբակալել և ինչ մեղադրանքով, «ում ականջները պիտի երևան» կատարողի ետևում, և այլն։
Ինչ վերաբերում է «ներգրավված բոլոր անձանց բացահայտելուն», ապա դա շատ վտանգավոր հանձնարարություն է։ Որովհետև եթե խոսքը նաև անուղղակի ներգրավվածության մասին է՝ ապա պիտի պատասխանատվության ենթարկվեն նաև մուրճ ճոճողները, պատերին ծեփելու և ասֆալտին փռելու կոչեր հնչեցնողները, ինչպես նաև նրանք, ովքեր ծափահարում ու խրխնջում էին այդ տեսարաններից։ Իսկ այդ դեպքում բոլոր բարձրաստիճան ՔՊ-ականները կհայտնվեն այնտեղ, որտեղ իրենց շեֆը բանավեճի էր հրավիրում ՀՀ նախկին նախագահներին։