...

Ձեզ էլ էին դավաճան անվանում, հետո կոալիցիա կազմեցիք

Ձեզ էլ էին դավաճան անվանում, հետո կոալիցիա կազմեցիք

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի «ՔՊ»-ի թեկնածուն իր «ծրագրային» ելույթում ոչ մի բառ, կրկնում եմ՝ ոչ մի բառ չասեց Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման մասին, ինչպես նաև թուրքական ժխտողականության մասին։ 

Սա է սրանց «իզմեր» չունենալու արդյունքը։

Հրաժարվել ցեղասպանության միջազգային ճանաչումից՝ ահա սրանց իրական «քաղաքական» դիմագիծը։
Դավաճանությունն էլ ո՞նց է լինում»։

«ՉԻ». Դավաճանությունը չգիտենք՝ ոնց է լինում, բայց այ նման որակի քննադատության պատճառով է գործող իշխանությունը վերարտադրվում:

Այսպիսի չհիմնավորված քննադատության պատճառով է, որ 10 ամիս տևող դավաճանության մասին պնդումները արձագանք չստացան հանրության կողմից: Դրա պատճառով է, որ ՊՈՒ դաշինքը միայն իրավունքի ուժով հայտնվեց խորհրդարանում:

Անցյալ տարի էլ Նիկոլ Փաշինյանը հիշել էր Սևրի պայմանագիրը, հիմա ըստ Շարմազանովի տրամաբանության ի՞նչ է ստացվում՝ Փաշինյանը մեծ հայրենասե՞ր էր, գոնե մինչև 2020 թվականի օգոստոսի 10-ը: Կամ ողջունեց ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը, և ի՞նչ, այդ օրը արձակուրդ էր վերցրել ու չէ՞ր զբաղվում դավաճանությամբ:

Նախկին ռեժիմը իր գոյության 10 տարիների ընթացքում միայն մեկ խելացի պետականամետ նախաձեռնությամբ է հանդես եկել՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հայտնի պրոտոկոլները ստորագրելով: Այն կյանքի չկոչվեց Հայաստանի իշխանությունների կամքից անկախ, բայց Շարմազանովը այդ մի խելացի քայլն էլ է փորձում զրոյացնել: Իմիջիայլոց, այդ ժամանակ իրենց էլ դաշնակներն էին դավաճան անվանում: Բայց հետո ոչինչ, ամեն ինչ ուղղվեց, և մեծ հայրենասերներն ու դավաճանները կրկին կոալիցիա կազմեցին:

Հ.Գ. Ինչ վերաբերում է իզմերին: Սրանք գոնե անկեղծ ասում են, որ գաղափարախոսություն չունեն: Ո՞ւմ էր պետք ձեր գաղափարախոսությունը, իբր պահպանողական կամ նժդեհական լինելը: Եթե ինչ-որ հրաշքով Գարեգին Նժդեհը վերակենդանանար ու տեսներ իր ժառանգորդներին, թերևս հրաժարվեր իր գաղափարներից, միայն թե ձեզ հետ չասոցացվեր:

ՎԱՐԿԱՆԻՇ

   610 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ