Անդրադառնալով Պարույր Սևակի սկանդալային արձանին՝ Աննա Հակոբյանը հայտարարել է, թե վերընթերցել է «Անլռելի զանգակատունը», ապա արձանի մասին կարծիքներ հնչեցրած մարդկանց խորհուրդ տվել անպայման նորից կարդալ պոեմը՝ «գուցե պարզվի, որ Լևոն Թոքմաջյանը դեռ մի բան էլ մե՞ղմ կոմպոզիցիա է ստացել»։
«ՉԻ»․ Լինում է, չէ՞, որ փողոցում ինչ-որ մեկը մեկին հայհոյում է, մարդիկ կողքից կշտամբում են հայհոյողին, ու հանկարծ կարծիք է հնչում՝ «շատ էլ լավ ա արել, հլը մի բան էլ քիչ ա քրֆել․․․»։ Հիմա Աննա Հակոբյանի ասածը նույնն է՝ նա փաստացի ընդունում է, որ Սևակի արձանը եթե ոչ հայհոյանքի, ապա առնվազն վիրավորանքի պես բան է, ու ասում է «հա, բայց դուք «Անլռելի զանգակատունը» կարդացե՞լ եք, Սևակին էդ հլը քիչ ա, նրա արձանը կարելի էր ավելի այլանդակ ձևով քանդակել»։
Կարող է հարց առաջանալ՝ իսկ Աննա Հակոբյանն ինչո՞ւ է հանկարծ որոշել անդրադառնալ այդ թեմային։ Պատասխանն ակնհայտ է՝ որովհետև «Անլռելի զանգակատունը» հայոց ցեղասպանության մասին է, իսկ դա, ըստ օրվա իշխանությունների, Հայաստանում համարյա արգելված թեմա է, դրա արծարծումն էլ «իրական Հայաստանի» դեմ թշնամական գործունեություն է, իսկ թշնամիների արձանները պիտի հենց այդպիսին լինեն՝ հնարավորինս այլանդակ ու վանող։ Մինչդեռ Թոքմաջյանը բավարար չափով չի կատարել այդ առաքելությունը, «դեռ մի բան էլ՝ մեղմ կոմպոզիցիա» է ստեղծել։
Այ եթե հարյուր տոկոսով ընկալեր «իրական Հայաստանի գաղափարախոսությունը»՝ Պարույր Սևակը կներկայացվեր խորհրդային ՆԿՎԴ-ի լեյտենանտի համազգեստով՝ Լուբյանկայից հայոց ցեղասպանության մասին պոեմ գրելու պատվերով հեռագիրն ընթերցելիս։