...

Դու մենակ ես, մենակ ես, մենակ

Դու մենակ ես, մենակ ես, մենակ

Մարդ ա ընտրվել

Շաբաթն ավարտվեց, բայց չավարտվեցին մեր մտահոգությունները, մռայլ կանխազգացումները, տհաճ զգացողությունները, որոնք կապված են տարածաշրջանում, հայ-ադրբեջանական սահմանում և Արցախում ընթացող զարգացումներով:

Արցախում գոնե մի հարցում կոնկրետություն եղավ. այնտեղ Արայիկ Հարությունյանի փոխարեն նոր նախագահ դարձավ Սամվել Շահրամանյանը: Սուտ կլինի, որ ասենք, թե հինգ մատի պես գիտենք նրան, ինչ մարդ է, բայց երևի ճանաչում են այստեղի ընդդիմության ներկայացուցիչները, որոնք շատ են ուրախացել նրա ընտրությամբ: 

Շատ տեղերում ենք կարդում, որ Արցախում պարտվեց նիկոլական թևը, սորոսական խումբը, պարտվողական շրջանակները, որ Սամվել Շահրամանյանի ընտրությունը խորհրդանշում է նրանց վերջը: Չգիտենք, թե ում վերջն է եկել կամ գալու, ովքեր են այդ նիկոլական թևից, կապրենք կտեսնենք: Համարվում է նաև, որ Սամվել Շահրամանյանը, ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, Ադրբեջանի հետ ավելի կոշտ և անզիջում պայքար տանելու, նրանց պայմանները չընդունելու կողմնակից է: 

Համենայնդեպս, Արցախի խորհրդարանում իր թեկնածության շուրջ քննարկումների ժամանակ Ս. Շահրամանյանը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին:

Բանակցություններ պետք է լինեն, ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ»:

Շատ ամբիցիոզ հայտարարություններ են, միայն ուրախ կլինենք, եթե Սամվել Շահրամանյանին հաջողվի իրականացնել այդ նպատակները:

Բոլոր դեպքերում, այս փոփոխությունից մարդ ա վատացել, մարդ ա ուրախացել:

Հայ-ռուսական անհարաբերություններ

Ինչպես որ վատացել են հայ-ռուսական հարաբերությունները: Մեր Երրորդ Հանրապետության պատմության մեջ այսպիսի լարված ու այսպիսի մեղադրանքներով լի հարաբերություններ չեն եղել: Փաշինյանը նույնիսկ կարող է հպարտալ դրանց աննախադեպ բնույթով: Կամ Ալեն Սիմոնյանը: Դիվանագիտական էթիկայի, կոռեկտության, առաջացած հարցերը հնարավորինս կառուցողական շփումների միջոցով հարթելու փոխարեն ընտրվել է հրապարակային դեստրուկտիվ ճանապարհը: 

Իբր քիչ են Ադրբեջանից ու Թուրքիայից հնչող սպառնալիքները, հիմա էլ դրանց ավելացավ Ռուսաստանը: Չենք ասում, որ ռուսները սուրբ են, բայց նրանց հետ հարաբերությունները նորմալացնելու ռեսուրսները չէին սպառվել: 

Գիտեք, երևի հայտնի խոսույթը. «Դիվիանագիտությունը հնարավորի արվեստն է»: Էս իշխանությունների դեպքում դա լրիվ ուրիշ ձև է հնչում. «Դիվանագիտությունը անհնարինի արվեստն է»: Այն, ինչը անհնարին էր թվում, սրանք անում են: 

Մի հատ նայեք. ռուսներին հարվածող քանի քայլ է արվել այս շաբաթ: Աննա Հակոբյանի այցը Կիև դեռ անմեղ բան է: Հայ-ամերիկյան զորավարժություններ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հասցեին վիրավորական արտահայտություններ, Հռոմի ստատուտի վավերացում, ո՞ր մեկը ասես: Ու, եթե չենք սխալվում, առաջին անգամ ՌԴ արտգործնախարարությունը հրավիրել է Հայաստանի դեսպանին ու բողոքի նոտա է հղել, թե էս ի՞նչ եք անում: Մենք չենք հիշում նման բան: 

Էն Միկա Բադալյանի պահն էլ է խիստ զայրացրել ռուսներին, բայց այ էս մեկը իզուր. այդ անձնավորությունը շատ մուխանաթ տիպ է, պրովոկատոր, քանի անգամ սադրիչ ու չստուգված տեղեկություններ է տարածել: Իր հանդեպ որոշ պրոֆիլակտիկ քայլեր արժե իրականացնել: Իսկականից համը շատ է հանում: Իր հետ ինչ-որ մարդկանց էլ են բռնել, որոնց մասին չգիտենք, թե ովքեր են, բայց այս Միկային գիտենք: 

Խառնվել է իրար

Ռուսների հետ հարաբերությունները փչացրել են, հիմա էլ դրան զուգահեռ միայն մի օրվա մեջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի, Ֆրանսիայի նախագահների հետ, ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ: Ենթադրում ենք, որ խոսակցության հիմնական թեման Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունն ու մտադրություններն են: 

Բայց առայժմ ոչ մի շփում Ռուսաստանի իր գործընկերոջ հետ: Սա էլ է խորհրդանշական: 

Վերջ, ավարտեցինք, դրսում ձայներ են հնչում, գնանք, տեսնենք Երևանի ընտրություններին մասնակցող որ գործիչն է քարոզարշավ անում: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ