...

Դրա համար էլ բերել, հասցրել են այս օրին

Դրա համար էլ բերել, հասցրել են այս օրին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրել է. «Մեր ձեռքում թղթե շերեփը փոխարինվել է երկաթե մահակով ու մեծ կճուճով միայն այն ժամանակ, երբ ապավինել ենք ինքներս մեզ ու դրսում դաշնակիցներ, այլ ոչ թե տերեր ենք փնտրել։ Վերջին 144 տարվա մեջ մի քանի անգամ նման բան եղել է, բայց չենք գնահատել ձեռքբերումները, տեր չենք կանգնել մեր հաղթանակներին ու եկել հասել ենք այս օրին»:

«ՉԻ». Հիմնականում ադեկվատ մտքեր է հայտնել պատգամավորը: Սա նշանակում է, որ լավ էլ հասկանում են քաղաքականության որոշ աքսիոմատիկ ճշմարտություններ: Առաջին հերթին՝ սեփական ուժերին ապավինելու և իրատես լինելու վերաբերյալ: Ու սա հասկանալով՝ 20 տարի ահա այս աքսիոմատիկ ճշմարտություններին հակառակ են գործել: Վատը սա է:

Ինչ որ ասում է Անդրանիկ Թևանյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը միլիոն անգամ ասել է. սկսած 1997թ. մամուլի ասուլիսից և «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածից: «Արկածախնդիրների ուղին տանելու է դեպի անխուսափելի պարտություն։ Մենք մի անգամ արդեն, «Ստամբուլը արյան ծով դարձնելով», կորցրել ենք Արևմտահայաստանը, իսկ մի այլ անգամ՝ պահանջելով Սևրի դաշնագրով գծված տարածքները, կորցրել ենք Արևելահայաստանի կեսը։

Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք։ Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու առկա կնճիռը։ Մենք ենք լուծելու, և լուծելու ենք մեր ուժերի ներածի չափով։ Մեր միակ դաշնակիցը արկածախնդրության մերժումն է»:

Հիմա նույն բանը Թևանյանն է ասում: Տարբերությունն այն է, որ Առաջին նախագահը սա ասում էր՝ զգուշացնելով, թե ինչ կարող է լինել, Թևանյանն ասում է պոստֆակտում, երբ արդեն եղել է այն, ինչ եղել է. պարտություն, աղետ և տարածքային կորուստներ: Հետին թվով ով էլ ասես, խելոք է: 

Բայց այսքանով հանդերձ, հեսա գնալու է, հերթական հոդվածը գրի այն մասին, թե ինչպես էր Լևոնը քիրվայություն անում թուրքերի հետ, Եղիազար Այնթափցու պես ծախում հողերը և այլն:

Սրա պատճառներից մեկը թերևս այն է, որ ողջամտությունն ու իրատեսությունը այնքան էլ ժողովրդահաճո չեն, ընտրությունների ժամանակ անդուր են թվում ընտրողներին, իսկ ահա ոչմիթիզականությունը միշտ էլ ձայներ է բերում: Դրա համար եկել, հասել ենք այս օրին, ոնց որ պատգամավորն է ասում: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   957 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ