Հայաստանում թափ առած «լրտեսական կրքերն» ու «մասկի-շոուները», իհարկե, կանխատեսելի էին։ Ավելին՝ որքան ընտրությունների օրը մոտենա, այնքան «Մուրադը կատաղել ա» վիճակը խորանալու է։ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ անոնսը տվեց՝ էլի՛ լրտեսներ կան, դեռ պետք է պարզել, թե ինչո՞ւ է Ծառուկյանն իր ցուցակի երկրորդ տեղը տվել Անդրանիկ Թևանյանին, և այլն։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև եթե ընտրություններից ամիսներ առաջ խոսում ես «Հայաստանի դեմ Ռուսաստանի կողմից իրականացվող հիբրիդային պատերազմի» մասին ու դրա դեմ պայքարելու պատրվակով դրսից փող բերում, ուրեմն պիտի նաև կոնկրետ արդյունքներ ցույց տաս։
Ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Եթե որևէ երկրի դեմ հիբրիդային պատերազմ է իրականացվում՝ այդ երկրի իշխանությունները, բնականաբար, պիտի պայքարեն դրա դեմ։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ ոչ թե «Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ», այլ «Ռուսաստանն ու Արևմուտքը միմյանց դեմ հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի համար»։ Ընդ որում՝ հենց Հայաստանի տարածքում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի էլ փորձում կանխել դա, որովհետև ինքը Ռուսաստան-Արևմուտք հիբրիդային հակամարտության ԿՈՂՄ է և «կռվում է» Արևմուտքի (իսկ գործնականում՝ Թուրքիայի և Ադրբեջանի») կողմից։ Թե ինչու՝ հասկանալի է․ իր իշխանության աջակիցներն Արևմուտքն ու Թուրքիան են, իսկ Ադրբեջանը ոչ միայն սովորական աջակից է, այլև, ըստ Ալեն Սիմոնյանի, Հայաստանի անվտանգության երաշխավորը։
Ի դեպ՝ մեր պատմության ընթացքում թշնամուն սեփական անվտանգության երաշխավոր հռչակելու դեպք էլի է եղել։ 18-րդ դարում Արցախի Վարանդայի Մելիք-Շահնազար Բ-ն, որի մայրը, ի դեպ, էթնիկ թուրք էր, այսօրվա լեզվով ասած՝ «բռնության կիրառմամբ ապօրինաբար զավթում է իշխանությունը» (սպանում է մելիքության լեգիտիմ ժառանգորդ իր խորթ եղբորն ու նրա ողջ ընտանիքին), որից հետո՝ Արցախի մյուս չորս հայ մելիքների վրեժխնդրությունից փրկվելու նպատակով, իր համար «անվտանգության երաշխավոր» է գտնում Փանահ խանին և որպես վարձատրություն նրան նվիրում Շուշին՝ հարակից տարածքներով։ Թե ինչ հետևանքներ է ունենում դա՝ բոլորս գիտենք․ երեք դար անց Շուշին հռչակվում է «դժբախտ-դժգույն քաղաք», ու Էրդողանն էլ այդ բարձունքից նայում է հայաթափված Արցախին ու ասում «Էնվեր փաշայի հոգին փառավորվեց»։
Ինչևէ, վերադառնանք այսօրվա իրողություններին։ Օրեցօր ահագնացող «լրտեսական կրքերի» ֆոնին հստակ երևում է Հայաստանի ամենամեծ պրոբլեմը, այն է՝ որևէ մեկը լուրջ չի ընդունում այս ամենը։ Խնդիրն այն չէ՝ մարդիկ հավատո՞ւմ են, որ Անդրանիկ Թևանյանը, Սամվել Կարապետյանը և էլի շատերը «օտարերկրյա լրտեսներ» են, թե՞ չեն հավատում։ Խնդիրն այն է, որ համարյա բոլորը հարյուր տոկոսով համոզված են՝ եթե այդ մարդիկ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության նկատմամբ լոյալություն դրսևորած լինեին՝ ոչ մի «մասկի-շոու» էլ չէր լինի։ Այսինքն՝ և՛ ՔՊ-ի կողմնակիցները, և՛ ընդդիմադիր հայացքներ ունեցողները շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հատուկ ծառայություններն օգտագործում է հանուն իր անձնական և քաղաքական շահերի։ Իսկ դա հենց պետության դեգրադացիան է։
Ի դեպ՝ այս պրոբլեմը նախկինում էլ է եղել։ Նախկինում էլ են հատուկ ծառայություններն օգտագործվել օրվա իշխանության քաղաքական նպատակներով։ Եթե այդպես չլիներ՝ ոչ 2018-ի «թավշյա աղետը» կլիներ, ոչ էլ այսօրվա վիճակը։ Բայց սա արդեն այլ խոսակցության թեմա է։
Մարկ Նշանյան