Անդրադառնալով 2026 թ․ ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Նախորդ շրջանի քաղաքական էլիտայի բոլոր ներկայացուցիչները, որոնք Հայաստանն առաջնորդել են և տարել են դեպի թակարդ ու պահել թակարդում, այդ ընտրությունների արդյունքում բոլորը պետք է դուրս մղվեն և այլևս գործ չունենան քաղաքական դաշտում»։
«ՉԻ»․ Պատահաբար որևէ մեկը չի՞ հիշում, թե Հայաստանի ղեկավարներից ով հայտարարեց, թե բանակցությունները սկսում է սեփական կետից, իսկ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Իսկ այն ո՞վ էր, որ հայտարարեց, թե «Սևրի դաշնագիրն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը»։ Ո՞վ էր ասում «նոր պատերազմ-նոր տարածքներ», ո՞վ հրաժարվեց 2020-ի հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելու հնարավորությունից, թեև, իր իսկ խոստովանությամբ, դրանով կխուսափեինք հազարավոր զոհերից։ Այն ո՞վ էր, որ հայտարարեց, թե «Հայաստանը կադաստրի թուղթ չունի» և դրանով իսկ մեզ գցեց այնպիսի թակարդը, որ Ադրբեջանը մեր տարածքն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում, իսկ հայ-ադրբեջանական սահմանը՝ «պայմանական»։
Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ առաջին հերթին հենց ինքն ու իր ղեկավարած քաղաքական ուժը պիտի դուրս մղեն քաղաքական դաշտից։ Բայց որպեսզի հանկարծ այդպես չընկալվի՝ օգտագործում է «նախորդ շրջանի» բառակապակցությունը։ Այսինքն՝ նրանք, ովքեր ոչ թե նախորդ շրջանում, այլ հիմա՛ են երկիրը տարել դեպի թակարդ ու պահել թակարդում, լավ էլ պիտի մնան քաղաքական դաշտում։