...

Էլմար Մամեդյարովի հարցազրույցի շուրջ նախկինների քննարկումներն արհեստածին են

Էլմար Մամեդյարովի հարցազրույցի շուրջ նախկինների քննարկումներն արհեստածին են

Նախկիններն աննախադեպ ակտիվացել են և հերթական անգամ հավաքվել ու քննարկում էին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցը։ 

Իսկ ինչ էր ասել Մամեդյարովը։ Այն, ինչ ասել էր Մամեդյարովը, «մադրիդյան սկզբունքների» շրջանակներում էր։ Իսկ Սերժ Սարգսյանը բանակցել է տարիներ շարունակ «մադրիդյան սկզբունքների» հիման վրա։ Այն ժամանակ բանակցությունները բարձր մակարդակով ձախողում չէին, իսկ ահա երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը մերժվածները ձախողում են համարում։ Այն բանից հետո, երբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրատիսլավայում ներկայացրեց պաշտոնական Երևանի դիրքորոշումը, ԱԳ նախարարի խոսնակը ասուլիսում հերքեց Մամեդյարովի բոլոր պնդումները և ասաց. «Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո ունեցած ծավալուն, ընդարձակ ելույթում ԱԳ նախարարը նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է․ ինքնորոշման իրավունքը, որը պետք է իրացվի առանց սահմանափակման և հարկադրման: Առանց սահմանափակման ասելով՝ մենք ի նկատի ունենք, որ Արցախի ժողովուրդը կարող է որոշել ինքնորոշման ցանկացած տարբերակ, այն է. Արցախի ժողովուրդն իրավունք ունի պահպանել և սահմանել իր կարգավիճակը Ադրբեջանի ինքնիշխանությունից, իրավասությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Այն բոլոր առաջարկները կամ մեկնաբանությունները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար»(Aravot.am13.12.2019թ)։ 

Նման պարզաբանումներից հետո, թվում էր, թե վերջ կդրվի նախկինների մանիպուլյացիաներին, բայց չէ, սկսեցին արհեստածին քննարկումները։ Մերժվածները սա համարում են արտաքին քաղաքականության ձախողում, և իշխանությունները պետք է պատասխան տան։ Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իրավիճակից դուրս գալու համար առաջարկում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչն օրեր առաջ ասել էր նաև մեղադրյալ Քոչարյանը։ Իշխող կուսակցությունն ԱԺ-ում ունի կայուն մեծամասնություն, որը կարող է օրենքներ ընդունել՝ առանց ընդդիմության աջակցության։ Խորհրդարանի ճգնաժամը բացառվում է։ Իսկ ԱԺ լեգիտիմությունը ոչ ոք կասկածի տակ առնել չի կարող։ 

Իրավիճակից դուրս գալու Աշոտյանի  առաջարկն այնքան էլ իրատեսական չէ։ Ղարաբաղի ճակատագրով «մտահոգված» քննարկման մասնակիցներից ոչ մեկը փոխզիջման մասին բառ չէր ասում։ Անհասկանալի է, առանց փոխզիջման ինչպես է լուծվելու Ղարաբաղի խնդիրը։ Իսկ քննարկման մասնակից քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ ասաց, որ Հայաստանը պատերազմի նախաշեմին է և ժողովրդին պետք է նախապատրաստել պատերազմի ու ցույց տալ, որ սա այն իշխանությունը չէ, որ կարող է մեզ առաջնորդել այդ պատերազմում։ Պատկերացնու՞մ եք, քաղաքագետը ժողովրդին պատերազմի նախապատրաստել է ուզում ապացուցելու համար, որ այս իշխանությունը չի կարող պատերազմում ժողովրդին առաջնորդել։ Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։ Իսկ քաղաքագետը քսան տարի ինչ էր մտածում։ Ի՞նչ է, երկիրը պատերազմի նախաշեմին չէր։ Ապրիլյան քառօրյան պատերազմ չէր, որ 800 հեկտար տարածքի կորուստ ունեցանք և հարյուրից ավելի անմեղ զոհեր։ Քաղաքագետը լռում էր։ Եթե ներկա իշխանությունների արտաքին քաղաքականությունը՝ մասնավորապես Ղարաբաղի խնդրի լուծումը համարում են ձախողված, ապա առաջինը պետք պահանջեին Քոչարյանից, որը Ղարաբաղը դուրս մղեց բանակցային գործընթացից, խնդրի լուծումը տարավ փակուղի, հետո էլ Սերժ Սարգսյանից, որը բանակցում էր նույն «մադրիդյան սկզբունքների» շուրջ, ինչի մասին խոսել են երկու երկրների ԱԳ նախարարները։  

Հաշվի առնելով, որ հարևան երկրում ընտրություններ են լինելու՝ Մամեդյարովի հարցազրույցն իրենց ներքին լսարանի համար է եղել և ամենևին էլ պետք չէր ուշադրության արժանացնել, իսկ ընդդիմադիրների քննարկումներն արհեստածին էին։

Ջավահիր Այվազյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1384 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ