...

Երրորդ ուժի անհրաժեշտության օրենքը

Երրորդ ուժի անհրաժեշտության օրենքը

Սպառված դաշտ, սպառված մարդիկ

1989 թվականին հայ մտավորականության վառ ներկայացուցիչներից մեկը՝ գրականագետ Ռաֆայել Իշխանյանը, հրապարակեց իր հայտնի «Երրորդ ուժի բացառման օրենքը», որը, պետք է ասել, թարմ շունչ հաղորդեց այն ժամանակ ընթացող գործընթացներին, որոնք ավարտվեցին Հայաստանի նոր պետության կայացմամբ: 

Եթե շատ հակիրճ, Ռաֆայել Իշխանյանն ասում էր, որ հայերը պետք է ապավինեն միայն սեփական ուժերին, չտառապեն օտարամոլությամբ և չապավինեն դրսի ուժերի ողորմածությանը, քանի որ դա միշտ աղետալի հետևանքներ է ունեցել:

Հոդվածն իր արդիականությունը չի կորցրել, բայց հիմա պետք է հրապարակել այդ հոդվածի շարունակությունը. «Երրորդ ուժի անհրաժեշտության օրենքը»: 

Այսօրվա քաղաքական դաշտի հիմնական ֆիգուրանտները պարզապես սպառել են իրենց. գաղափարապես, քաղաքականապես և բարոյապես: Վերջացել են, չկան: Չունեն որևէ պատկերացում, թե ինչ պետք է անել, ինչու պետք է անել: Մենակ մի բան են անում. երրորդ ուժի բացառման օրենքի հերն են անիծում: Թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունն այսօր դրսի ուժերի ողորմածությանն են ապավինում: Հենց ողորմածությանը: Կեսն իրեն արևմտամետ է համարում, կեսը՝ ռուսամետ, իրականում երկուսն էլ դրսի ուժերի հետ են կապում այստեղ իրենց քաղաքական գոյությունը: Իրենց, բայց ոչ Հայաստանի: Առավել ևս Արցախի:

Իշխանությունները, օրինակ, Արցախի ապագան կապել են Ռուսաստանի ողորմածության հետ, Հայաստանի անվտանգությունը՝ Հաագայի, ԵՄ-ի հետ: Ընդդիմությունը Արցախի ապագան կապել է Ռուսաստանի ողորմածության հետ, Իրանի ախպերական վերաբերմունքի ու մեկ էլ Թուրքիայի երկրաշարժի հետ: Մտեք նայեք այս ուժերի ներկայացուցիչների սոցցանցերի էջերը. բոլորը գրում են, թե ինչ պետք է անի Ռուսաստանը, Իրանը, Եվրոպան, Չինաստանը, Բայդենը, դասեր են տալիս, իսկ թե ինչ պետք է անի Հայաստանը, ոչ մեկը չի ասում: Հա, ընդդիմությունն ասում է՝ իշխանությունը գնա, լավ կլինի, իշխանությունն ասում է՝ ընդդիմությունը վերանա, լավ կլինի, քանի որ 5-րդ շարասյուն է: Բոլոր ոլորտներում ճահիճ է, կրթականից սկսած, վերջացրած դատաիրավական համակարգով: Ու այդ ճահիճը բոլորիս իր մեջ է առնում:

Երրորդ ուժի անհրաժեշտությունն արդեն օրենք է: Եթե ցանկանում ենք Հայաստան ունենալ ու հայ մնալ: Դա աներևակայելի բարդ խնդիր է՝ հաշվի առնելով, թե հանրությունն այսօր ինչ ապատիկ վիճակում է և ինչ աստիճանի է ճահճի մեջ խրված:

Հաջորդ սերիան՝ Հովիկ Աբրահամյանից հետո

Բայց հանրությանը ճահճից դուրս հանելու համար երևի պետք է նախ այդ հանրությանը կտրել «հաց և զվարճալիք» սերիալից: Ամեն շաբաթ մի սերիա բաց են թողնում: Այս շաբաթը նվիրվեց Հովիկ Աբրահամյանին: Բան չես կարող ասել, չտեսի պես 20 տարի ստամոքսներն են լցրել, իշխանություններն էլ դա հավեսով հիշեցնում են: Մարդը մենակ մի օր կարդում է, թե դատախազությունը ինչ է պահանջում բռնագրավել Հովիկ Աբրահամյանից ու նրա ընտանիքից: Էնքան երկար է այդ գույքի ցանկը: 

Մի երկու օր էլ մարդիկ էքսկուրսիա են կատարում Հովիկ Աբրահամյանի դղյակում, հիանում նրա ոսկեզօծ ապարանքներով, թագավորավայել կահույքով ու լվացքի մեքենայով: Մի երկու օր էլ իրար մեջ քննարկում են տեսածը: Մինչև ավարտվի այս սերիան, հաջորդը կսկսվի: Ու այսպես շարունակ, իսկ թե Ալիևն ինչ է ասում, ինչ զարգացումներ են սպասվում տարածաշրջանում, Փաշինյանը ինչ նոր աղետներ է գուժում... բա դրա վա՞խտն է, մի հատ նայեք, Հովիկ Աբրահամյանի ճաշի սեղանը կարմիր փայտից է, ունիտազն էլ՝ ոսկեջրած: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   4870 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ