...

Ըհը, Հովիկ Աբրահամյանն էլ ջրի երեսին հայտնվեց

Ըհը, Հովիկ Աբրահամյանն էլ ջրի երեսին հայտնվեց

Ուրիշի կրակի վրա մշտապես ձեռքերը տաքացնող նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը «վերակենդանացման» նշաններ է ցույց տալիս: Օգտագործելով դեկտեմբերի 5-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունները՝ նա ձեռնոց է նետել իր ընտանիքի վաղեմի թշնամի համարվող Գազի Հովոյին՝ Հովհաննես Ղազարյանին, որի հետ տարաձայնություններ ուներ դեռևս 2010 թվականից: Ի դեպ, Գազի Հովոն Սերժ Սարգսյանի թիմից է, չնայած երբեմնի սերժական էր նաև Հովիկ Աբրահամյանը, որն ինչ-որ պահից դեմարշ սկսեց սեփական շեֆի դեմ։ Նշենք, որ Արտաշատի տարածաշրջանում ՏԻՄ ընտրություններին մասնակցում են 6 քաղաքական ուժեր, բայց հիմնական մրցակիցներ են համարվում ՔՊ անդամ, Արտաշատի քաղաքապետի ժ/պ Կառլեն Մկրտչյանն ու «Օրենք և արդարություն» կուսակցության ղեկավար Կարեն Ղազարյանը՝ Գազի Հովոյի որդին: Ընտրությունները Հովիկ Աբրահամյանի համար պատեհ առիթ են՝ Փաշինյանի գլխավորած կուսակցության միջոցով հին հաշիվները մաքրելու և Գազի Հովոյի հետ պայքարում հաղթանակած դուրս գալու համար: Մեր տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանը իր ազդեցության տակ գտնվող Արտաշատի տարածաշրջանի բոլոր գյուղապետերին հրահանգել է անցնել ՔՊ-ի թրի տակով, դառնալ այդ կուսակցության անդամ ու բոլոր վարչական լծակներն օգտագործել հանուն Քաղաքացիական Պայմանագրի: ՔՊ ավագանու համամասնական ցուցակում են նաև Աբրահամյանների մտերիմներից շատերը, օրինակ՝ Արգամ Աբրահամյանի սանիկը՝ Արթուր Մկրտչյանը, որն այս պահին զբաղեցնում է Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Իսկ Կառլեն Մկրտչյանի նախընտրական բուկլետներն ամենուր զարդարում են Աբրահամյաններին պատկանող շենքերի պատերը: Հանուն ճշմարտության պետք է նշել, որ Ղազարյանները շատ լավ են գիտակցում, թե իրականում ով է «ենթաքաղաքական» պայքարի մրցակիցը, և իրենք էլ ձեռքերը ծալած չեն նստել։ Մեր տեղեկություններով՝ նրանք այս օրերին գյուղեգյուղ, տնտետուն ընկած ձայներ են հավաքում: Ինչ վերաբերում է երկար տարիներ բարձր պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանին, ապա սա հերթական անգամ վկայոււմ է իր սկզբունքներն ու գաղափարախոսությունները հաճախակի փոխող որակի մասին: Հիմա հասկանալի է, թե ինչու կոռուպցիոներ հայտարարվածների անունների կողքին համառորեն բացակայում էր Հովիկ Աբրահամյանի անունը: Ըստ երևույթին՝ լավ երաշխիքներ է ստացել իշխանության հետ համագործակցելու համար: 

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   6513 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ