...

Հրայր Թովմասյանը 2009-ին այն աշխատանքային խմբի անդամն էր, որը մշակել է ՔՕ 300.1 հոդվածը

Հրայր Թովմասյանը 2009-ին այն աշխատանքային խմբի անդամն էր, որը մշակել է ՔՕ 300.1 հոդվածը

Ճակատագրի հեգնանքով հուլիսի 7-ին` ՀՀ սահմանադրության 25-ամյակից երկու օր անց, նշանակված ՍԴ նիստում պետք է քննության առնվի ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը: Խնդրահարույց այդ հոդվածը քննվելու է մի դատարանի կողմից, որի անդամներից մեկը` Հրայր Թովմասյանը, 2009-ին անմիջական մասնակցություն է ունեցել այդ հոդվածի «լույս աշխարհ» գալուն:

Բանն այն է, որ 2009-ին, երբ «Մարտի 1»-ի դեպքերից հետո («Յոթի գործով») ծագեց Քրեական օրենսգրքի մասնավորապես երկու` 300 և 225 հոդվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը, այն ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրամանով ստեղծվեց աշխատանքային խումբ` Աժ պատգամավոր Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ: Խմբում ընդգրկված էր նաև այն ժամանակ անկախ իրավաբան Հրայր Թովասյանը: Նա, որպես փորձագետ, այդ շրջանում իր ասուլիսներից մեկում ասել էր, թե` լավ չէ, որ Հայաստանում օրենքների փոփոխության անհրաժեշտությունն ավելի հաճախադեպ է դառնում. իրավական անորոշությունը երբեմն այնքան շատ է, որ տվյալ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության որոշման հարց է առաջանում: «Զարմանալի է, որ այս հոդվածները ժամանակին արժանացել են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությանը, այնինչ, շատ են ներքին հակասությունները, նույնիսկ շատ կան ռուսերենից թարգմանության սխալներ»,- հայտարարել էր Թովմասյանը:

Մասնավորապես 300 հոդվածի մասին էլ ասել էր. «Այս հոդվածով միմյանց հետ խառնվել են այնպիսի հասկացություններ, ինչպիսին իշխանությունը բռնությամբ զավթելը կամ պահելը, սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը, տարածքային ամբողջականությունը բռնությամբ խախտելը: Փաստորեն հիմա երեք հոդվածները լցված են մեկի մեջ»: Այժմ, փաստորեն, Թովմասյանը, առանց կաշկանդվելու այն հանգամանքից, որ նախկինում ինքը աշխատել է այդ հոդվածի վրա, պետք է գնահատական տա իր իսկ աշխատանքին: Ասենք, Քոչարյանի կաշին փրկելու համար ասի, որ էն ժամանակ գլխառադ է արել այդ հոդվածի մշակումը, քանի որ քունը տանում էր, կամ էլ սոված էր:

Ի դեպ, սույն աշխատանքային խումբը հանդիպել էր Վենետիկի հանձնաժողովի փորձագետների, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի և այլ պաշտոնատար անձանց ու փորձագետների հետ: Իսկ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորվել էր «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայով սահմանված չափանիշները քրեական օրենսգրքին համապատասխանեցնելու և քրեական օրենսգրքին իրավական որոշակիություն հաղորդելու անհրաժեշտությամբ»:

««ՀՀ քրեական օրենսգրքի» 300 հոդվածը` «Իշխանությունը յուրացնելը», հակասական է, տպավորություն է ստեղծվում, որ կա Սահմանադրությամբ նախատեսված ձև իշխանությունը բռնությամբ զավթելու համար, պարզ չէ, թե ո՞ր իշխանության մասին է խոսքը: Աշխատանքային խումբը որոշել է իշխանությունը յուրացնելը դիտարկել իշխանությունը ստանձնելը կամ իշխանությանը տիրանալը: Որոշվել է «Իշխանությունը յուրացնելը» հոդվածից հանել սահմանադրական կարգը տապալել և տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններ հանցակազմերը»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերից մեկում նշել էր Դավիթ Հարությունյանը:

300.1 հոդվածն, ի դեպ, ի հայտ եկավ հենց այս աշխատանքային քննարկումների արդյունքում, և «շիլափլավի» տեսք ունեցող 300 հոդվածից առանձնացվեց որպես առանձին հանցակազմ: Այս նոր հոդվածի վերաբերյալ, որով արդեն առանձին է սահմանվում «սահմանադրական կարգը տապալելը», Վենետիկի հանձնաժողովը դեռ 2009-ին դրական կարծիք էր հայտնել. «Այս նոր դրույթը, որով համալրվում է նախորդը (300 հոդվածը-խմբ.), ամրագրելով առանձին հանցագործություն` սահմանադրական կարգը տապալելը, նույնպես, ըստ ամենայնի, ընդունելի է»:

Հ.Գ. 1 Նկատենք, որ Վենետիկի հանձնաժողովը, ի պատասխան ՍԴ հարցման, սույն հոդվածի սահմանադրականության հետ կապված (հավանաբար հաշվի առնելով դրանով առաջադրված մեղադրանքի հնչեղությունը) օրերս մի լղոզված կարծիք է հայտնել` հոդվածի վերաբերյալ վերջնական եզրակացությունը թողնելով եզրակացություն հայցող մարմնին` ՀՀ ՍԴ-ին: Ըստ այդ կարծիքի. «անդամ պետություններից շատերը, բայց ոչ բոլորը, սահմանադրական կարգը տապալելու հանցագործությունը դիտարկում են որպես պետական դավաճանություն, այսինքն ՝ Սահմանադրությունը խաբեությամբ, բռնի և ապօրինի կերպով փոփոխելու մտադրություն կամ դրա փաստացի փորձ, ինչը միշտ չէ, որ պահանջում է սահմանադրական կարգի իրական տապալում: Սահմանադրական կարգի հասկացությունների, սահմանադրական կարգի տապալման, իշխանության յուրացման վերաբերյալ դատական նախադեպերի պակաս կա, ինչը ցույց է տալիս, որ, մեծ մասամբ, այդ հասկացությունները կարգավորող օրենսդրական դրույթներ մինչ օրս չեն կիրառվել: Սա, իր հերթին, ցույց է տալիս, որ չկա լավագույն պրակտիկա՝ կապված այն փաստական հանգամանքների հետ, որոնց ներքո նմանատիպ հանցագործության, մասնավորապես` պետական դավաճանության մեղադրանքների հետ ինչպես կվարվեին անդամ պետություններում»:

Փաստորեն, եթե Քոչարյանն ԵԽ անդամ այլ երկրում ապրեր, որտեղ սահմանադրական կարգ տապալում հասկացության տակ հասկացվում է պետական դավաճանության, այսօր նա ու գործով մյուս մեղադրյալները որպես պետական դավաճան էին կանգնած լինելու դատարանի առաջ:

Ընդգծենք, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական բնույթ ունի ու կարծիք հայցող մարմինը այն ըստ հայեցողության կարող է կիրառել կամ չկիրառել իր կողմից կայացվելիք որոշման կամ վճռի ընթացքում: Եթե Թովմասյանն ու ՍԴ մյուս անդամներն իրենց մեջ ուժ գտնեն ու հակասահմանադրական չճանաչեն խնդրո առարկա հոդվածը, ապա Քոչարյանն ու մյուս ամբաստանյալները կդատվեն ըստ այդմ: Սա կլինի ոչ միայն Մարտի 1-ի գործով արդարադատության իրականացում մեր երկրում, այլ նաև սահմանադրական կարգի տապալման գործով դատական նախադեպ: Վենետիկի հանձնաժողովը գուցե ապագայում հղում անի հենց ՀՀ նախադեպին, երբ ԵԽ անդամ որևէ երկիր այդ մարմնից կարծիք հայցի սահմանադրական կարգի տապալմանը վերաբերող հոդվածների սահմանադրականությունը որոշելու առնչությամբ:

Հ. Գ. 2 Երբ հոդվածը պատրաստ էր տպագրության, պարզվեց, որ Քոչարյանի փաստաբանական թիմը հետ է վերցրել մոտ մեկ տարի առաջ ՍԴ ներկայացված դիմումները: «Նախագահը առավոտյան հստակ դիրքորոշում հայտնեց, որ, եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ կառաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն և մեր ընդհանուր պահանջ, հորդոր, խնդրանքն է բոլոր քաղաքական ուժերին սահմանադրության հետ կապված այս գործընթացներում ոչ պարոն Քոչարյանի, ոչ փաստաբանական թիմից որևէ մեկի անունը չշոշափել»,- հայտարարել է Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը` Հրայր Թովմասյանի սանիկը: Երբ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ամբաստանյալն է խոսում ու անհանգստանում պառլամենտարիզմի կայացման խոչընդոտներից, համոզվում ես, որ Քոչարյանն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է լինել ցինիզմի անգերազանցելի վարպետ:

Հեղինե Մանուկյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ