...

Էշերի 2-րդ սպարտակիադան

Էշերի 2-րդ սպարտակիադան

Քոչարյանի ֆիշկեն

Բան չմնաց ընտրություններին: Մի շաբաթ հետո կսկսվի կինոն: Բայց ձեզ մի բան ասենք. այս ընտրությունները գնալով ավելի շատ հիշեցնում են ոչ թե ընտրություններ, այլ էշերի սպարտակիադա: Հատկապես նոր սերնդի ներկայացուցիչները գուցե չգիտեն, որ էշերի սպարտակիադան Քոչարյանի «ֆիշկեն» էր, երբ Արցախից Հայաստան եկավ: Իսկապես բռնել, Ղարաբաղում էշերի սպարտակիադա էր կազմակերպել:

2002 թվին Ավետիս Հարությունյանը շատ փառահեղ էր սրա մասին գրել, մեջբերում ենք.

«Բավական էր դուրս գային Բաքվի վերահսկողությունից, բավական էր նաև ձերբազատվեին Տեր-Պետրոսյանի զգաստացնող ներկայությունից, անմիջապես վերադարձան ավանակային կրոսին։ 

Անուրանալի է ավանակի դերը քաղաքակրթության պատմության, հատկապես՝ մատաղ սերնդի սեռական դաստիարակության գործում։ Հասկանալի է հասուն տղամարդու ձգտումը ժամանակ առ ժամանակ, այս կամ այն կերպ, այս կամ այն չափով քողարկված, արժանին մատուցել իր խռովահույզ պատանեկության սիմվոլներին, բայց դեռ երբեք այդ բանը այդքան «պետականորեն», այդչափ անթաքույց ու սրտանց չէր դրսևորվել, ինչպես դրսևորեցին Ղարաբաղի ու Հայաստանի պետերը այդ իշու սպարտակիադայի ժամանակ։ Չէ, իշխանությունը չար կատակներ է անում ախմախ մարդու հետ։

Ելնելով այն փաստից, որ «կարաբախսկի ռենեսանսը» սկսվեց սպիդի դեղի մասին զառանցանքից և վերջացավ էշի սպարտակիադայով, չես կարողանում ազատվել կպչուն-միստիկ այն մտքից, թե այս ամենը գուցեև պատահական չէ:

Սպիդով նախագահներից պիտի զբաղվեին Հայաստանի, Նիգերիայի, Քրդստանի, Վենեսուելայի կամ Տաջիկստանի ղեկավարները։ Եթե նրանց խելքը չի հասել, դա չի նշանակում, որ Քոչարյանի խելքն էլ չէր հասնելու։ Ով իր կողքին Զորի Բալայանի նման իդեոլոգ ունի, որը նաև բժիշկ է եղել ժամանակին»:

Տրտինգից տրտինգ Հայաստան

Հիմա որ նայում ես ընտրությունների ընթացքին, լրիվ նույնն է: Զառանցանքների այնպիսի մրցավազք է սկսվել, որ կարելի է սա համարել համահայկական իշու 2-րդ սպարտակիադան: Հիմնական մրցակիցներն էլ արժանի գտնվեցին իրար. հենց Քոչարյանը հրաքյաթ տալով մի էշություն է ասում, 10 րոպե հետո Նիկոլը անուղղելի համառությամբ պատասխանը տալիս է ու «աբգոն» անում նրան:

Օրինակ, Քոչարյանը սենց մի բան էր ասել. «Խոսում են իմ նախագահության տարիներին բռնապետության մասին: Միգուցե, այդ ժամանակ նման ինչ-որ բան մի թեթև եղել է»: 

Այսինքն, բռնապետություն եղել է, բայց, նենց, թեթևի մեջ: Միլիոն քաղտեխնոլոգ է կերակրում, թող մեկը սրան բացատրի, որ բռնապետությունը կամ լինում է, կամ չի լինում: 

Այսինքն, ինչի՞ ենք շտապում, գուցե մարդը ճիշտ է ասում: Թեթև է եղել, այսինքն, «պրիվետ, Ռոբ» ասելու համար մարդ են սպանել, բայց ահա «հաջող, Ռոբ» ասելու համար մեկին մատով անգամ կպած չկան: Կամ Բուզանդի փողոցից մարդկանց ծեծելով լարում էին, որ էշերի սպարտակիադայի համար Հյուսիսային պողոտա կառուցեն, տրտինգ տային մի ծերից մյուսը: Ընդամենը ծեծել են: Չեն սպանել, չէ՞: Կամ մարտի 1-ին Մյասնիկյան պողոտայում սաֆարի էր կազմակերպել: Ընդամենը 10 մարդ զոհ գնաց իր որսին: Բա սենց բռնապե՞տ է լինում: Իսկական, արյունարբու բռնապետը մինիմում մի 1000 հոգու պիտի թխի, որ բռնապետի ստատուսին արժանի լինի:

Երկուսդ էլ ճիշտ եք

Նիկոլ Փաշինյանը, ինչպես երևում է, որոշել է Քոչարյանին հենց իր իսկ զենքով «դաբիտ» անել: Ասաց՝ «զոհված զինվորները պետք է երկնքում հպարտանան, որ իրենց հարազատները երջանիկ են»:

Անկեղծ ասած, այս խոսքերից մեր ուղեղը կախեց: Նույնիսկ «restart»-ը չօգնեց: Մոտավորապես այն հասկացանք, որ ղարաբաղյան վերջին պատերազմի պատճառով առնվազն 4 հազար հոգի հպարտացել է, մի 50 հազար հոգի էլ դրա համար երջանիկ է: Շուտով կլրանա պատերազմի մեկ տարին, բայց մինչև հիմա Ֆիզուլիում ու Ջաբրայիլում հպարտության հետքեր են հայտնաբերվում, ինչն անմիջապես ազգականների հերթական խմբին անասելի ուրախություն է պարգևում:

Ահա այս վիճակում է էշերի սպարտակիադան: Ով առաջինը կհատի եզրագիծը, բարդ է ասել: Իրար լավ գտել են: 
Ամենախնդալունը այն է, որ Նիկոլ Փաշինյանն էլ է էշերի սպարտակիադայի մասին գրել: 2010-ին, սաստիկ զայրացած եվրոպական կառույցների դիրքորոշումից, ԵԱՀԿ-ի հրապարակած զեկույցից՝ Հայաստանում տիրող իրավիճակի մասին, գրել է. «Տո լավ է:. էս ո՞ւր էիք, ապե, չէիք երևում ահագին վախտ: Ավետիս Հարությունյանը ձեր գրած զեկույցը կանվաներ «Էշերի եվրասպարտակիադա»: Կամ, որ ավելի հնչեղ է` Եվրոէշերի սպարտակիադա: Երկուսն էլ ճիշտ են, դուք որոշեք»: 

Տո լավ է՜: Էս մենք ասում: Այս ընտրություններում մի՛ կերեք իրար. երկուսդ էլ ճիշտ եք:
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ