...

Կոմպրոմատլամիշ, խելագարլամիշ, դոլարլամիշ

Կոմպրոմատլամիշ, խելագարլամիշ, դոլարլամիշ

Դեպի պայծառ հոգեբուժարան

Այս շաբաթն էլ շաբաթլամիշ եղավ: Ընկել ենք խենթանոցի հորձանուտները, որը մեզ տանում է անհայտ ուղղությամբ: Տանողները Նիկոլն ու Ռոբերտն են: Արդեն բոլոր այլևայլությունները մի կողմ են դրել և բաց տեքստով են ասում այն, ինչ մտածում են ու ինչ մտադիր են անել:

«Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմում ավտոմեքենաների գող Դետոչկինը քննիչ Պոդբերյոզիվիկովին մեղադրում է, որ իրեն երկար ժամանակ չէին կարողանում բռնել: Հիմա Քոչարյանն է, Փաշինյանին մեղադրում է, որ իրեն «Մարտի 1»-ի ոճրագործության համար չի դատել: Մի քիչ էլ մնա, կասի, լավ եմ արել, կրակել եմ: Բայց դե, Նիկոլն էլ տակ տվողը չի, նա էլ իր զինանոցում, ավելի ճիշտ՝ ծոցում, ահագին հակափաստարկներ է պահում, որ տեղն եկած պահին շփփացնի Քոչարյանի երեսին: Օրինակ՝ Քոչարյանի լուսանկարը՝ սատկած առյուծին թամքած, աֆրիկյան կայֆերի ժամանակ: Ծոցից հանեց ու մարդկանց ցուցադրեց. ասաց, նայեք՝ ով է Քոչարյանը: Ընտիր է: Ընդ որում, լուսանկարը շրջանակի մեջ էր: Տնի՞ց էր բերել, ինչ էր արել: Հետո հայտարարեց, որ եթե սատկած առյուծ քշողները ժամանակին հոգեբանական թեստ հանձնեին, «Հոկտեմբերի 27» չէր լինի: Հոյակապ է: Չնայած, գաղափարը լավն է: Եթե երկրի ղեկավարի թեկնածուներն իսկապես հոգեբանական թեստ հանձնեին, ի՞նչ իմանաս, գուցե իսկապես ոչ «Հոկտեմբերի 27»-ը լիներ, ոչ էլ այսօրվա մեր վիճակը: 

Չնայած, եթե նույնիսկ նման թեստ լիներ, մեկ է, Քոչարյանը նաղդ կհանձներ. ԺԵԿ-ից տեղեկանք կվերցներ, որ վերջին 25 տարում չի տառապել մարդատյացությամբ, կամ, եթե թարազուի բերենք այդ տերմինը՝ միզանտրոպիայով: Ոնց որ տեղեկանք է ներկայացրել, որ տիրապետում է հայոց լեզվին: 

Ու սա դեռ սկիզբն է: Հաջորդիվ Քոչարյանն ասելու է, որ այս իշխանությունները խոստացան դատել կոռուպցիոներներին ու թալանչիներին, բայց տեսեք, իրեն չդատեցին: Ու շատ անկեղծ ու անմեղ տեսքով ներկայացնում է իր ունեցվածքը, ասում՝ սրանից էն կողմ ուրիշ բան չունեմ: Միայն մի 40 րոպե ունեցվածքն էր ներկայացնում: Համեստ մարդ է: Տնաշենն այդ փողով Սու-30-ի մի ամբողջ էսկադրիլիա կառներ, հլը հրթիռներն էլ հետը, պոլնի զապրավկա արած: Մնացած փողով էլ Ղարաբաղի օդը կփակեր: 

Բայց էլի ոչինչ, համեստ է: Ի տարբերություն Նիկոլի, որը հակադարձեց, թե 2018 թվականից հետո իր ընտանիքի նյութական վիճակը վատացել է և չի լավացել, ինչի համար հպարտ է: Ընդհանրապես, միակ բանը, որ Փաշինյանի մոտ այս երեք տարում անփոփոխ է մնացել՝ հպարտությունն է: Պարտերազմը պարտվել ենք, հպարտ է, Ադրբեջանը Գեղարքունիքի մարզում արդեն շլագբաումներ է դնում, հպարտ է, որ աղքատացել է, հպարտ է: Դու մենակ չես, մենակ չես: Որ ուզում ես իմանաս, վերջին երեք տարում Քոչարյանն էլ է աղքատացել: Ամենաշատը դրանից է կատաղած: Շատ բան կուլ կտար, բայց որ չի հարստանում, այ դա Նիկոլին երբեք չի ների: 

Աղքատ, ավելի աղքատ

Հիմա Քոչարյանի աղքատացման տեմպերն արդեն երկնիշ թվեր են արձանագրում: Էդ ի՜նչ փողեր է ծախսում այս ընտրությունների վրա: Իր ասելով, երկրում արդեն 800 նախընտրական շտաբ է բացել: Եկեք հաշվենք:

Նախընտրական շտաբի համար պետք է տարածք վարձակալել, եթե իհարկե Զարուհի Փոստանջյանն իր տարածքը ձրի չի տվել: Միջինը գցենք՝ 100 հազար դրամ: Ոնց ուզում է լինի, երկու աշխատող այդ գրասենյակը պիտի ունենա: Գցենք, միջինը 110 հազար դրամ աշխատավարձով: Համեստ, համեստ ենք հաշվում: Ուտելիք, կոմունալ, պիցցա, խորոված, պոնչիկ... մի 90 հազար ամեն գրասենյակին: Բուկլետ, համակարգիչ, կահավորում, բջջայինի լիցքավորում... մի 200 հազար դրամ էլ դա հաշվենք: Ստացվեց 472 մլն դրամ կամ 908 հազար դոլար: Միայն գրասենյակային ծախսերը և այն էլ ամենահամեստ հաշվարկներով: Ու դեռ չենք հաշվում ամեն քայլափոխին սյուներից մեզ սպառնացող պաստառները: Դրանց գներից տեղյակ չենք, բայց ենթադրում ենք, մի երկու այդքան էլ դրանց վրա են ծախսում: Չստացվե՞ց, որ Քոչարյանն ավելի է աղքատանում, քան Նիկոլը: Դրա համար էլ ամեն օր սպառնում է Նիկոլին: Ասում է՝ դոլար առ դոլար, դրամ առ դրամ հետ ենք բերելու: 

Ծախելու բան չի մնացել

Թե ասա՝ ո՞նց ես աղքատ Նիկոլից վազվրատ անելու փողերդ: Ուրեմն, եթե իշխանության գա, պիտի պետությունից ինչ-որ բան ծախի, որ վնասները փոխհատուցի: Բայց այստեղ էլ է խնդիր ունենալու. ի՞նչ է ծախելու: Ոնց որ թե, ինչ հնարավոր է, ժամանակին արդեն ծախել է: Գազաէներգետիկ համակարգ, խողովակաշարեր, ատոմակայան, ՀԷԿ-եր, ՋԷԿ-եր, կապի համակարգ: Բան չկա ծախելու: Երևի միայն Մեղրիի միջանցքն է մնացել: Իհարկե, Քոչարյանը դա էլ հաճույքով կծախեր, բայց Ադրբեջանը ձրի է ուզում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1660 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ