...

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իշխանության բեռի տակ մտնել չեն ուզում

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իշխանության բեռի տակ մտնել չեն ուզում

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ո՛չ ազնվականին բնորոշ պատվախնդրություն ունեն, ո՛չ էլ արկածախնդիր են: Երկուսն էլ յուրովի պրագմատիկներ են: Այսպես, որքան էլ երկրի ներսում հենվում էին ոչմիթիզականության, հայդատականության առասպելաբանության վրա, դրսում անում էին քայլեր, որոնցով ապահովում էին իրենց անխռով իշխանությունը Հայաստանում և Արցախում: Երկուսն էլ շարունակել են բանակցություններն արցախյան խնդրով, երկուսն էլ համաձայն են եղել զիջումների, չնայած հենց իրենց վերահսկողության տակ գործող ուժերը և լրատվամիջոցները ակտիվորեն տարածում էին «հող հանձնողին հանձնենք հողին» խիստ ազգայնական գաղափարախոսությունը: 

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը որդեգրել էին արցախյան հարցի լուծումը հնարավորինս ձգձգելու մարտավարությունը, քանի որ բնավ չէին ուզում դավաճանի պիտակով հեռանալ իշխանությունից: Սակայն Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, հեռացավ՝ իշխանությունը թողնելով Նիկոլ Փաշինյանին: Եվ ինչպես ինքն է վերջերս խոստովանել, պարտվեց ոչ թե իմքայլականներին, այլ ավելի հզոր ուժերի: Այսինքն՝ հզոր ուժերը հոգնել էին արցախյան խնդրի լուծման անլուծելի վիճակից և աջակցել մեկին, որը, իրենց կարծիքով, ավելի ռացիոնալ կլինի: Չարաչար սխալվեցին: Սակայն աղետալի պատերազմից և խայտառակ պարտությունից հետո Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրավունք ստացան ազգակործան պատուհաս Նիկոլ Փաշինյանին հողատու, դավաճան և կապիտուլյանտ անվանելու: Իսկ իրենք ջրից չոր դուրս եկան:

Այժմ, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նրանց առաջարկեց միասնաբար հանդես գալ ներկա անմեղսունակ, արկածախնդիր իշխանության դեմ, երկուսն էլ մերժեցին: Ինչո՞ւ:

Կարծում եմ՝ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը համոզված են, գիտեն, որ Հայաստանի՝ նոր ընտրություններով ձևավորված իշխանության առջև ծառանալու են բարդագույն խնդիրներ: Դրանցից մեկը լինելու է Ադրբեջանի հետ ինչ-որ պայմանագրի ստորագրումը, որ բխելու է 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրից: Հզոր ուժերը մեզ ուղղակի ստիպելու են այդպիսի քայլ կատարել:

Հետևաբար Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին այժմ ձեռնտու է հանդես գալ որպես ընդդիմություն, այդ կարգավիճակով հայտնվել խորհրդարանում և հարմար պահին կրկնել իշխանափոխության ստուգված տարբերակը, այսինքն՝ այն, ինչ արել էին 1998-ին: Հիշեցնեմ՝ այն ժամանակ մեկ գիշերում մեր ԱԺ-ն «երկրապահացավ», և առնետավազքի պատճառով ՀՀ նախագահը զրկվեց խորհրդարանական հենարանից: 

Եզրակացությունը հետևյալն է. ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները հիմա իշխանություն չեն ուզում, որպեսզի խուսափեն ստորացուցիչ գործընթացից: Նրանք գիտեն՝ ինչ է լինելու: Նրանք միասին կամ առանձին-առանձին գուցե արդեն պայմանավորվել են ներկաների հետ և ԱԺ-ում դառնալու են ընդդիմություն, որը հեղաշրջմամբ կվերցնի իշխանությունը, երբ Ն. Փաշինյանը հլու-հնազանդ կկատարի հզոր ուժերի ցուցումները:

Զարուհի Գաբրիելյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ