...

Գագիկ Ծառուկյանը հետո է ճնշելու

Գագիկ Ծառուկյանը հետո է ճնշելու

Այսօր ամփոփվելու է «Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» կառուցման մրցութային առաջին փուլը և հայտնի է դառնալու, թե 12 առաջարկից մրցույթում որ նախագիծն է հաղթել։ «Ես ուզում եմ հատուկ ընդգծել. իմ կամ իմ ընտանիքի կողմից չի եղել որևէ ճնշում, որևէ ուղղորդում, ես չեմ պարտադրել իմ կարծիքը, չեմ խոսել իմ նախասիրության մասին։ Ես սա համարում եմ ամենակարևոր սկզբունքը. արդար մրցույթ, ժողովրդի կարծիք։ Ի սկզբանե իմ որոշումն է եղել այդպիսին. թող հաղթի այն նախագիծը, որը կընտրի հանձնախումբը, որը կընտրի ժողովուրդը։ Ես վստահ եմ ու հավաստիացնում եմ բոլորին, որ Քրիստոսի արձանի կառուցմամբ նոր էջ է բացվելու մեր ժողովրդի և պետության կյանքում՝ հաջողության, խաղաղության, համերաշխության նոր էջ մեր երկրում»,- «Հրապարակ» թերթի հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանը։ 

Մի տեսակ անհավատալի է Գագիկ Ծառուկյանի հատուկ ընդգծածը, որ իր ու իր ընտանիքի անդամների կողմից ճնշում չի եղել։ Կամ էլ՝ սուրբ գործի մեջ մի քիչ փոխվել է ընտանիքով։ Թե չէ կային ժամանակներ, երբ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերից ինչ ֆիլմ ուզում, ընթացքից անջատել էր տալիս, կամ էլ՝ հակառակը։ Բայց ամենատարօրինակը, որ Պետրոս Ղազարյանի հաղորդումներն էր կտրում ընթացքից, ձայնագրվածն էլ՝ առանց եթերի ուղարկում աղբանոց։ Դա անում էր՝ գոռալով, թե ընտանիքով նստած «Կենտրոն» ենք նայում, ինչի՞ եք էրոտիկ թեմա քննարկում։ Իհարկե, չէին հասկանում, թե էրոտիկան որտեղ է դրսևորվել, բայց որ Ծառուկյանն ասում էր, ուրեմն՝ էրոտիկա կար։ Հիմա Ծառուկյանը արձանի կառուցման ամենակարևոր սկզբունքը հենց սա է հռչակել։ Ինքն էլ իր վրա զարմացել է, որ չի միջամտել։ Սա նոր էջ է, բայց Ծառուկյանի ու նրա ընտանիքի կյանքում։ Չնայած՝ Ծառուկյանի մասով ավելի շուտ այլ սկզբունք է գործում՝ ասել մի բան, հետո շրջանցել այդ ասածը, ապա մտածել, թե բոլորը մոռացել են իր ասածի մասին, ուրեմն՝ կարելի է տրամագծորեն հակառակն անել։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3186 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ