...

Ո՞րն է հացի փոխարինիչը

Ո՞րն է հացի փոխարինիչը

Ոսպի ու հնդկաձավարի փոխարինիչը

Արդեն մի քանի օր է՝ բոլորս փորձում ենք գտնել ոսպի և հնդկաձավարի փոխարինիչները, բայց՝ ապարդյուն:

Նպարեղենի այս տեսակների փոխարինիչների մասին խոսակցությունները սկսվեցին Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հայտարարությունից հետո:

«Կլինեն որոշակի գնային տատանումներ, պետք է դրան հանգիստ վերաբերվել, եթե մենք տեսնում ենք՝ ոսպի և հնդկաձավարի գները բարձրանում են, ապա մենք՝ որպես սպառողներ, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները»,- ասել էր նախարարը:

Հնդկաձավարի մեկ կիլոգրամը՝ նախկին 250 դրամի փոխարեն, այսօր արժե 750-800 դրամ, իսկ ոսպի մեկ կիլոգրամը՝ նախկին 450 դրամի փոխարեն, արժե 650-700 դրամ: Հիմա փնտրենք ոսպի ու հնդկաձավարի փոխարինիչները: Դրանք կարող են նպարեղենի մյուս տեսակները լինել, որոնք սննդային արժեքով կարող են փոխարինիչներ հանդես գալ: Ըստ մասնագետերի՝ դրանք կարող են լինել սիսեռը, լոբին: Բայց նախարարի հիշողությունը թարմացնենք. սիսեռն ու լոբին էլ պակաս թանկարժեք չեն: Սիսեռի մեկ կիլոգրամի արժեքը 950 դրամից է սկսվում, 1000 դրամից էլ՝ լոբու գինը:

Նշենք, որ արտակարգ դրություն հայտարարելուց հետո նպարեղենի գները կրկնակի բարձրացել են:

Բայց միայն նպարեղենը չի թանկացել: Սննդամթերքի բոլոր տեսակների գներն աճել են:

Անհասանելի մթերքներ

Բանջարեղենի և մրգի շուկայում նույնպես գնաճ է գրանցվել: Ամենից առաջ ու բարձր տեմպերով թանկացավ կոճապղպեղը, որի գինը որոշ սուպերմարկետներում անգամ 19000 դրամի է հասնում:

Զարմանք առաջացրեց նաև կիվին: Ֆեյսբուքի մի քանի օգտատերեր լուսանկարներ էին հրապարակել, որոնց համաձայն՝ կիվիի մեկ կիլոգրամի արժեքը հասել էր 1900 դրամի: Ցիտրուսների մյուս տեսակները ևս թանկացել են:

Ըստ վիճակագրության՝ մարտին փետրվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 5.6 %:

Գների բարձրացումն անընդունելի է համարում «Հասարակական պաշտպանների միության նախագահ» Արամ Գրիգորյանը:

Նա «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց, որ գնաճ սովորաբար արձանագրվում է տնտեսական վատ ցուցանիշների ժամանակ: Նրա կարծիքով՝ ցանկացած իրավիճակում կան տնտեսվարողներ, որոնք փորձում են օգտվել իրավիճակից և շահույթ ստանալ:

Ասում է՝ որևէ ապրանքի փոխարինիչ գտնել պետք չէ: Մարդն ուզում է գնել այն, ինչն իրեն անհրաժեշտ է: Գրիգորյանի կարծիքով՝ պետությունը ոչ թե պետք է խորհուրդ տա, այլ համապատասխան կարգավորումներ ձեռնարկի:

«Շուկայում թանկացումներ կան: Դա կարող է պայմանավորված լինել նաև մեծ պահանջարկով, կամ տվյալ բնամթերքի պակասով: Կան մթերքներ, որոնք շատ անհրաժեշտ են, գները մեխանիկորեն բարձրացել են անհասկանալի ձևով: Կան ապրանքներ, որոնց թանկացումը սեզոնայնությամբ է պայմանավորված: Օրինակ՝ կիվիի գնաճի դեպքում, պետք է հաշվենք, թե տեղափոխության ժամանակ տրանսպորտի գինը բարձրացել է, թե՝ ոչ, կամ էլ դրա ինքնարժեքի մեջ այլ տնտեսական բաղադրիչներ մտել են: Եթե աճը կտրուկ է, պետք է դա ուսումնասիրել, որովհետև կտրուկ գնաճի պատճառը ստեղծված իրավիճակն է, պետությունը պետք է իր լծակներն օգտագործի»,- ասաց նա:

Ալյուրը թանկացել է

Թեև իշխանությունները պնդում են, որ ցորենի մեծ պաշար կա և ալյուրի մասով կարող ենք հանգիստ լինել, այնուամենայիվ ալյուրը թանկացավ: 50 կիլոգրամ ալյուրի 1-ին տեսակն Արարատի մարզում արժե 11600 դրամ:
Օրինակ՝ Եղեգնաձոր քաղաքում ապրիլի մեկի դրությամբ 50 կիլոգրամ ալյուրի պարկի արժեքը կազմել է 10400 դրամ, իսկ 20 օր առաջ այն վաճառվել է 9600-ով: Հացի թանկացում է նկատվել Երևանում, Վանաձորում, Գյումրիում:

«Սևանի հացի գործարանի» տնօրեն Աշոտ Ավետիսյանը հաստատում է, որ վերջին շաբաթներին ալյուրի գինը բարձրացել է, սակայն այդ փաստը կապված է ոչ թե ալյուրի պաշարների նվազման, այլ՝ դոլարի փոխարժեքի բարձրացման հետ։

«Դոլարի կուրսն ահագին բարձրացել է, 20-30 ցենտ էլ ալյուրի գինն է բարձրացել: Վերջին 20 օրվա ընթացքում 600-800 դրամ գին է փոփոխվել: Իսկ փոքր արտադրողները ալյուրի թանկացման գնի տակից դժվար դուրս կգան, դրա համար թանկացնում են: Մենք խոշոր արտադրող ենք, գին չենք բարձրացրել: Այս օրերին չենք էլ մտածում շահույթ ստանալու մասին: Իսկ ցորենի խնդիր չկա: Խոշոր արտադրողներ կան, որոնք 6 ամսվա պաշարից են խոսում»,- նշեց գործարարը:

Գների կարգավորման գործում մեծ անելիք ունեն պետական կառույցները՝ շեշտում է «Հասարակական պաշտպանների միության նախագահ» Արամ Գրիգորյանը:

Ըստ նրա՝ գնաճը զսպելու համար պետք չէ տնտեսվարողին ասել՝ գինը բարձր է, պարզապես պետք է համապատասխան հարկային քաղաքականություն վարել:

«Եթե սուբյեկտը գտնում է, որ ապրանքի գինը պետք է բարձրացնել, թող բարձրացնի, բայց դրան համապատասխան հարկային քաղաքականության մեջ պետք է ներքաշվի: Պետք է հիմնավորի, թե ինչու է թանկ վճարում: Եթե շահույթն ավելացել է, թող դրան համապատասխան հարկեր վճարի»,- կարևորեց փորձագետը:

Խոզի միս կերեք 

Այլ պատկեր է մսամթերքի շուկայում: Ի տարբերության այլ սննդամթերքների՝ խոզի միսն էժանացել է: Խոզի բուդը 2650 դրամից դարձել է 1980, իսկ չալաղաջը՝ 3000 դրամի փոխարեն վաճառվում է 2590-ով:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ նախագահ Հրաչ Բերբերյանը բացատրում  է՝ անասնակեր չլինելու պատճառով գլխաքանակը կրճատում են:

«Խոզի կերի արժեքը բարձրացել է, գյուղացիներն այլևս ի վիճակի չեն պահել անասնագլխաքանակը: Բանկերն ուշացնում են վարկերի տրամադրման գործընթացը, որ կեր գնեն»,- մատնանշեց նա:

Ասում է՝ երկար չի պահպանվի գինը, ամռանը թանկանալու է, իսկ գարնանը մշտապես գինը նվազում է:

Տավարի մսի գինը սկսել է բարձրանալ: Բերբերյանի խոսքով՝ էլի կթանկանա, քանի որ արդեն արոտ են տանում անասուններին:

Թռչնի մսի գինը ևս բարձրացել է:

Մանյա Պողոսյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1105 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ