...

Գերի ընկնելը քեզանից է սկսվել

Գերի ընկնելը քեզանից է սկսվել

ՊՆ մամլո նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած մարտերում զոհված զինվորականին, գրել է. «Սարգսյան Գուրգեն Աշոտի, իսկական, արժանապատիվ հայ զինվորական, ով գերի չհանձնվեց»:

Երեկվանից սա մեծ աղմուկ ու զայրույթ է առաջացրել: Դե, որովհետև Արծրուն Հովհաննիսյանի գրածից ստացվում է, որ ով գերի է հանձնվում, նա այնքան էլ հայ չէ և արժանապատվություն էլ չունի: Կային նաև հակառակ տեսակետը պնդողները, որ Արծրունը Գուրգեն Սարգսյանին որպես հերոսի օրինակ է բերում: 

Գուցե մենք հավատայինք այդ տեսակետին, բայց երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Գերիների մասով, կարծում եմ, որ ժամանակն է գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ ձևով հետաքննենք, որովհետև ՀՀ Զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ: Պետք է քննվի` ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրքերը հստակ սահմանում են, թե որ դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Պետք է քննենք՝ այդ դեպքի հետ գործ ունենք, թե ոչ։ Եթե մարդը վիրավոր է կամ անգիտակից վիճակում, հստակ է, որ ոչ մի պրիտենզիա չի կարող լինել»:

Սա Նիկոլ Փաշինյանն է ասել: Այսինքն՝ նա հաստատում է Արծրուն Հովհաննիսյանի այն միտքը, որ գերի ընկնող զինվորը արժանապատվություն չունի և իսկական հայ չէ: 

Մինչև հիմա սրանք իրենց ձախողումների, պատերազմում պարտվելու, տարածքներ հանձնելու, երկիրը աղետի հասցնելու համար մեղքը գցում էին նախկինների, գեներալների, ընդդիմության վրա, հիմա արդեն նաև շարքային զինվորներին են մեղադրում: Ամեն ինչ, ամենքին վարկաբեկել են, հիմա էլ զինվորին հասան:

Մեր հայ զինվորները նաև 2020-ի պատերազմում քաջության և հերոսության բացառիկ էջեր են գրել՝ անկախ ձեր արկածախնդրություններից: Մեր հայ զինվորը շատ լավ պատկերացնում է, թե ինչ կարող է իր հետ լինել, եթե ադրբեջանցու ձեռքն ընկնի: Ու եթե գերի է ընկել, հաստատ պատճառն այն չէ, որ չի ցանկանում կռվել: Չկա նման բան:

Իսկ պատճառը կարող ենք ասել. պատերազմից մի տարի է անցել, մեր նոր սահմանները ամրացնելու ուղղությամբ ոչ մի բան չի արվել: Ինժեներա-տեխնիկական աշխատանքներ չեն արվել, դիրքերը չեն կահավորվել, համապատասխան զենք-զինամթերքով չեն ապահովվել: Զինվորին ավտոմատ են տվել, ասել՝ գնա, էն չոլում կանգնի: Չոլում: Ադրբեջանցիները զբոսնելով, ճամփին կոֆե խմելով են գալիս, հասնում մեր պոստ կոչվածին: Ծանր զրահատեխնիկայով, հրետանիով գալիս են, զինվորն ի՞նչ պիտի անի: Էդ ձեր չարածի համար զինվո՞րն է մեղավոր:

Երեկ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանն էր ասում. բա 15 հոգով 400 ադրբեջանցու դեմ ո՞նց կռվեն, ո՞նց պոստ պահեն: Այդ հարցը խորհրդարանում շեֆիդ ուղղիր, հարցրու՝ ինչի՞ են մեր զինվորները պալատկաներում քնում, ինչի՞ էս մի տարվա ընթացքում բուլդոզերները չես մտցրել, ծերից ծեր նոր խրամատներ փորել, չես ականապատել տարածքները: Ադրբեջանցիները ո՞նց են անում. հենց մի մետր առաջ են գալիս, անմիջապես էքսակավատորները կոխում, այնտեղ ամեն ինչով կահավորված, բետոնապատ պոստեր են սարքում: Դու ի՞նչ ես արել, որ համարձակվում ես զինվորի գերեվարվելը հետաքննել: Քեզանից է սկսվել այս գերեվարումը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2173 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ