...

«Բտվելը նորաձև է» ծիսակարգը Մոզամբիկում

«Բտվելը նորաձև է» ծիսակարգը Մոզամբիկում

Մոզամբիկում «Բտվելը նորաձև է» շարժումն իրականացվում էր հետևյալ ծիսակարգով․ Մեծ Վոժդ Նգիկոլո Պապատուհասայի և Մեծ Վոժդուհու հեծանիվները դրվում էին երկու տարբեր պատգարակների վրա, իրենք նստում էին դրանց վրա, որից հետո Քայլա-Քայլա ցեղախմբի ամենահավատարիմ ռազմիկներն ուսերին էին առնում այդ պատգարակները և թմբուկների հարվածների ուղեկցությամբ քայլում երկրով մեկ։ Որևէ ցեղախմբի ճամբար հասնելուն պես այդ ցեղախմբի բոլոր անդամները պարտավոր էին Նգիկոլոյի պատգարակի շուրջ մեծ կիսաշրջան կազմել, ծնկի իջնել, երեք անգամ գոռալ «Նգիկոլո-վո՛ժդ» ու մնալ ծնկաչոք վիճակում։ Դրանից հետո, ըստ ծիսակարգի, Վոժդուհին իջնում էր պատգարակից, հերթով մոտենում մոզամբ ժողովրդի հպարտ ու ծնկաչոք ռազմիկներին, զննում նրանց վզներից կախած ուլունքաշարերը, ու եթե արժեքավոր բան էր գտնում՝ ասում էր «հաջողա՛կ ա» ու հանում-կախում իր վզից։ Այդ ընթացքում հաջողակը պարտավոր էր երեք անգամ ճակատը գետնին խփել՝ ամեն անգամ կրկնելով «Ամո՛թ Սաշիկին»։ Իսկ եթե ուլունքներն արժեքավոր չէին լինում՝ ձեռքով նշան էր անում, և անմիջապես մոտ էին վազում ցեղային խորհրդի մեծ վոժդ Ալենթքի-Թքին ու Ավինյամ-Նյամ Համբալա-Բալան։ Սրանցից մեկը ոլորում էր անհաջողակի ձեռքերը, մյուսը թքում էր երեսին, հետո տեղերով փոխվում էին, և այդպես՝ յոթ անգամ, ի պատիվ Նգիկոլո Պապատուհասայի գահակալման յոթ տարիների։

Դրանից հետո սկսվում էր «Բտվելը նորաձև է»-ի բուն ծիսակարգը։ Քայլա-Քայլա ցեղի ռազմիկներից մեկը հանդիսավորապես Նգիկոլոյին էր հանձնում կարմիր ժապավենով զարդարված նիզակը, Նգիկոլոն այդ նիզակը նետում էր որևէ ուղղությամբ, ու նույն պահին Արծրուրու Դագդիգա՛գան խոնարհվում էր Պապատուհասայի առաջ ու գոռում․ «Օ՛ Մեծ Վոժդ, քո նիզակը զգետնեց 12 անտիլոպ» (կամ որևէ այլ կենդանի՝ ըստ նպատակահարմարության)։ Սա լսելուն պես ընդունող ցեղախմբի վոժդերը պարտավոր էին անմիջապես բերել 12 անտիլոպ՝ մորթված-պատրաստ վիճակում, որպեսզի Նգիկոլոն անձամբ դրանք խանձի Մեծ Խարույկի վրա։ 

Դրանից հետո Նգիկոլոն ու Մեծ Վոժդուհին թմբուկների ներքո ուտում էին անտիլոպները և ոսկորները շպրտում մոտակա թփերի ուղղությամբ։ Ծիսակարգն ավարտված էր համարվում, երբ թփերից լսվում էր Հանրա-Հանրա ցեղախմբի Վոժդ Արամզա-Վենիչիչիի ձայնը՝ «Օ Նգիկոլո, փառք քեզ, որ կշտացանք, աննախադե՛պա»։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ