...

Գլուխ քորելու համար եղունգ է հարկավոր

Գլուխ քորելու համար եղունգ է հարկավոր

«Aravot.am»-ը զրուցել է նախկին ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հետ։ Լրագրողը հարցրել է․ «Տարօրինակ չե՞ք համարում, որ կառավարության նիստում վարչապետը հոխորտում էր Ադրբեջանի և Ալիևի հասցեին, ասում էր, որ նա է սադրում իրավիճակը, 1․5 տարի է՝ թմբկահարում են, թե փառահեղ հաղթանակ են տարել, մինչդեռ 117 հազար հայ է ապրում Արցախում, և դա Ադրբեջանի պարտությունն է։ Այս հայտարարություններն արդյոք նոր լարվածություն չե՞ն առաջացնում»։ Ի պատասխան՝ Հակոբյանը նշել է․ «Հոխորտալ ամենևին պետք չի, էլի եմ ասում՝ խելքները գլուխները պիտի հավաքեն ու աշխատեն, որովհետև մեր վիճակը շատ բարդ է։ Բոլորն իրենց պարտականությունները պիտի լավ կատարեն, դուք՝ լրագրողներդ, ձերը, ընդդիմությունը՝ իրենը, վարչապետը՝ իրենը, արտգործնախարարը, մյուսները, բոլորը։ Հոխորտալու և դիվիդենտներ շահելու վախտը չի, վիճակը, կրկնում եմ, բարդ է, շատ ավելին, քան պատկերացնում եք»։ Լրագրողը շարունակել է․  «Հիմա ունենք իրավիճակ, երբ Արցախում առանց կրակոցի գյուղ ենք կորցրել, հայկական կողմը պաշտոնապես հաղորդում է, թե ռուսները բանակցում են, որ ելման դիրք վերադարձնեն ադրբեջանցիներին։ Ո՞րը պիտի լինի մեր անելիքը, ինչպես Դուք եք ասում՝ մեր գործը»։ Հակոբյանը կարճ հավելել է․ «Ես մի բան գիտեմ, որ դու ինքդ պետք է քորես քո գլուխը»։

Բայց գլուխ քորելու համար եղունգ է պետք։ Ունե՞նք մենք այդ հնարավորությունը մեր գլուխը քորելու, թե՞ ոչ։ Այ հենց այս հարցի պատասխանը գտնվի՝ ռացիոնալ մակարդակում, անելիքն էլ կերևա։ Երկու-երեք օրվա մեջ բազմաթիվ գեներալներ, բանակի հետ առնչություն ունեցած անձինք բաց տեքստով կամ էլ ենթատեքստերով հորդորում են ակնկալիքներ չունենալ Ռուսաստանից և ապավինել սեփական ուժերին։ Քանդված բանակով, հուսալքված հասարակությամբ, իշխանության և ընդդիմության եղած չգոհացնող որակով ինչպե՞ս կամ ո՞ւմ ապավինել։ Համաձայնենք՝ վիճակը բարդ է, բայց դա արձանագրելուց բացի պետք է գործողությունների պլան ունենալ։ Իշխանության պլանը մեկն է՝ ամեն գնով հասնել խաղաղության, ընդդիմության պլանը մեկն է՝ ամեն գնով հասնել իշխանափոխությանը, գեներալիտետն էլ իրար մեջ «դավաճանության» թեմայով «ռազբիրատների մեջ է»։ Ի՞նչ անել, երևի սպասել ռուսների «խաբարին»։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1538 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ