Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ 2025 թվականի ընթացքում վերականգնվել է պետությանը հասցված մոտ 80 մլն դոլարի վնաս։ Պարզ ասած՝ տարվա ընթացքում հենց այդքան «թալան է վերադարձվել բյուջե»։
«ՉԻ»․ Իսկ հիմա հիշենք իշխանությունների բաժանած 3 մլրդ դրամ պարգևավճարը։ Իրականում դա միայն դեկտեմբերին բաժանված գումարն է, այն էլ՝ միայն առաջին կիսամյակի համար, երևի դեռ մի այդքան էլ կբաժանվի, չհաշված՝ որ «ռեգուլյար» պարգևավճարներն ամեն ամիս են բաժանվում։ Իսկ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ։ Ասում էր, որ իրենք որպես պարգևավճար բաժանել են վերադարձված թալանի 0,0001 տոկոսը։ Իսկ որքա՞ն է կազմում 80 մլն դոլարի 0,0001 տոկոսը։ Ճիշտ է, 80 դոլար։ Կամ՝ մոտ 31 հազար դրամ։ Այսինքն՝ հենց այդքան պարգևավճար պիտի ստանային բարձրաստիճան պաշտոնյաները։ Ընդ որում՝ ոչ թե յուրաքանչյուրը, այլ բոլորը միասին, այն էլ՝ տարեկան։ Եթե այդ գումարը բաժանվեր միայն պատգամավորներին և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, ամեն մեկին տարեկան բաժին կընկներ ընդամենը 0,8 կարկանդակ (կարտոֆիլով) կամ 0,6 կարկանդակ (մսով)։ Հասկանալի է, որ նրանց դա էլ է շատ, բայց ամեն դեպքում հիմա Նիկոլ Փաշինյանը երևի պիտի պաշտոնանկ անի գլխավոր դատախազին՝ «ետ բերած թալանի» թվերը հրապարակելու և իրեն խայտառակ անելու համար։