...

Գնել Սանոսյանին ու Ալեն Սիմոնյանին հրավիրեք ԱԱԾ

Գնել Սանոսյանին ու Ալեն Սիմոնյանին հրավիրեք ԱԱԾ

«ԵվրոԱսֆալտ» շինարարական ընկերությունը, որի գլխավոր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր Կառլեն Սիմոնյանն է, իշխանական շրջանակներում ունի մեկ այլ ծանոթ ևս, որը, թերևս, պետական գնումներում այս նորաստեղծ ընկերության հաջողությունների գլխավոր «բանալիներից» է»,- իր նոր հետաքննության մեջ նշել է «Հետք»-ը: Խոսքը Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՏԿԵ ներկա նախարարի մասին է, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: Փաստաթղթերով և փոխկապակցված անձանց անուն-ազգանունների հրապարակումով հետաքննության հեղինակները փաստարկել են այս կապն ու վերջում ձևակերպել իրենց հարցը․ «ԵվրոԱսֆալտ» ՓԲԸ-ի հաջողության բանալիներն են բացառապես «մրցույթ» և «հաղթել» բառե՞րը, թե՞ նաև, օրինակ, «Գնել Սանոսյանը»: 

Հրապարակումը երեկ է եղել, այն այսօր տեղ է գտել տարբեր կայքերի վերլուծականներում և մամուլի տեսություն բաժիններում։ Թերևս հենց այս պատճառով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարել է, թե շատ հետևողականորեն փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ ճանապարհաշինության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների հետ: Ըստ այդմ՝ նա հատուկ հանձնարարական է իջեցրել իրավապահ մարմիններին։ «Հակակոռուպցիոն կոմիտե ունենք, Գլխավոր դատախազին, ԱԱԾ-ին խնդրում եմ մամուլի ոչ մի նման հրապարակում անպատասխան չթողնել: Շատ ուշադիր է պետք լինել կեղծ մատնության սահմանագծերն անցնելու պարագային էլ»,- նշել է վարչապետը։

Հետաքրքիր է՝ ի՞նչ կանի վարչապետը, երբ Հակակոռուպցիոն կոմիտեն, գլխավոր դատախազը կամ ԱԱԾ-ն պարզեն, որ հրապարակումը 100 տոկոսանոց ճշմարտություն է։ Ավելի շուտ՝ ոչինչ։ Ալեն Սիմոնյանին վաղուց ամեն ինչ ներվում է, իսկ Գնել Սանոսյանն այլ «ալիբի» ունի։ Նույն հետաքննությունից պարզ է դառնում, որ 2020 թվականին Սանոսյանի անվան հետ կապվող «Թի Էս Քնսթրաքշն» ընկերությունը 5 մլն դրամ է նվիրաբերել «ՔՊ»-ին, որն, ի դեպ, արտացոլվել է կուսակցության տարեկան հաշվետվության մեջ: Ծանոթ իրավիճակ է չէ՞՝ հին Հայաստանի բարի ժամանակները հիշեցնող։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2851 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ