Հաշվի առնելով ժամկետային զինծառայության և զորակոչի ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի կառավարման բարդությունները, առաջնորդվելով ՀՀ պետբյուջեի համալրման աղբյուրների հետագա ընդլայնման հրամայականով, ինչպես նաև կարևորելով զինակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների համար որպես պարտադիր զինծառայությանն այլընտրանք օրինական հնարավորությունների ստեղծումը, առաջարկում ենք ընդունել նոր օրենք համընդհանուր զինապարտության մասին՝ հետևյալ խմբագրմամբ․
Գլուխ 1․ Ընդհանուր դրույթներ
Հոդվ․ 1․ Հայաստանում պարտադիր զինծառայության ժամկետը 24 ամիս է։
Հոդվ․ 2․ Զորակոչային տարիքի երիտասարդները կարող են ՀՀ պետբյուջե վճարել 24 մլն դրամ և ծառայել ընդամենը 1 ամիս, կամ՝ վճարել 18 մլն դրամ և ծառայել 4 ամիս։
Հոդվ․ 3․ 36 մլն դրամ վճարելու դեպքում զորակոչային տարիքի երիտասարդները կարող են ընդհանրապես չծառայել, իսկ 48 մլն դրամ վճարելու դեպքում իրավունք ունեն մտնել տարածքային զինկոմիսարիատներ, զինկոմին ասել «էդ ո՞ւմ ես պավեստկա ուղարկել, ա՛յ համբալ», ապա 3 անգամ կտտացնել նրա գլխին և (կամ) հասցնել վզակոթին։
Հոդվ․ 4․ Անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունեցող, բայց սույն օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածների ընձեռած հնարավորություններից օգտվել կամեցող ՀՀ քաղաքացիների վարկավորումը կարող է իրականացվել բացառապես «Իմ քայլը» հիմնադրամին կից հատուկ այդ նպատակով ստեղծվելիք «Դասալիք Բանկ»-ի կողմից։
Գլուխ 2․ Կանխարգելիչ միջոցառումներ
Հոդվ․ 5․ Մինչև 16 տարեկան արական սեռի երեխաների՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և այդպիսով զինծառայությունից խուսափելու պետական տուրքը 15 մլն դրամ է։
Հոդվ․ 6․ Կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով այդ գումարը ծնողներից գանձվում է անմիջապես ծննդատներում՝ վիզուալ զննման արդյունքում նորածինների մոտ արական սեռի առաջնային սեռական բնորոշիչների հայտնաբերման դեպքում։
Հոդվ․ 7․ Հղիության՝ երեխայի սեռով պայմանավորված արհեստական ընդհատման դեպքերը կանխելու նպատակով ՀՀ տարածքում արգելվում է պտղի սեռը նախապես պարզելու ցանկացած բժշկական հետազոտություն։
Հոդվ․ 8․ ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ տարածքից դուրս ծննդաբերելու և դրանով իսկ ՀՀ պետբյուջեին էական վնաս հասցնելու չարամիտ փորձերը կանխելու նպատակով սահմանային բոլոր անցակետերում տեղադրվում են հատուկ բուժկետներ՝ կահավորված հղիության թեստերի համար անհրաժեշտ սարքավորումներով։ Վերարտադրության տարիքի բոլոր կանայք պարտադիր թեստավորվում են։ Հղիության բացահայտման դեպքում նրանց ելքը ՀՀ տարածքից արգելվում է։
Գլուխ 3․ Անցումային դրույթներ
Հոդվ․ 9․ Նախքան սույն օրենքի ամբողջական կիրառման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը (սահմանային անցակետերի կահավորում, «Դասալիք Բանկի» ստեղծում և այլն) զորակոչային տարիքի քաղաքացիները կարող են պարտադիր զինծառայությունից ազատվել հետևյալ ընթացակարգերով․
ա․ Կառավարության անդամների ձեռք բերած բնակարանների համար զեղչերի ապահովում՝ նվազագույնը 24 մլն ՀՀ դրամի չափով,
բ․ Մասնակցություն «Հաջողակ զինակոչիկի հայր» խորագրով բարեգործական ընթրիքին՝ նվազագույնը 24 մլն ՀՀ դրամ մուտքավճարով,
գ․ Օրենքով չկարգավորվող այլ ընթացակարգեր։