Մեր տեղեկությունների համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ազգային ժողովը մտադիր է հատուկ օրենք ընդունել, որը հնարավորություն կտա անցումային այս փուլում Հայաստանը զերծ պահել ցնցումներից և արտաքին ուժերի հիբրիդային հարձակումներից։ Ստորև ներկայացնում ենք օրենքի նախագիծը․
Հոդվ․ 1․ Հայաստանի Հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Չկա Հայաստան առանց Փաշինյան։ Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի՝ արձակուրդում գտնվելու ողջ ժամանակահատվածում Հայաստանը ժամանակավորապես կասեցնում է իր գոյությունը։
Հոդվ․ 2․ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը երկարաձգում է կամայական պարբերականությամբ նշանակվող մրցակցային ընտրությունների միջոցով։ Մրցակցային ընտրություններից առաջ ՀՀ ԱԱԾ-ն, Գլխավոր դատախազությունը, Ոստիկանությունը և Հակակոռուպցիոն կոմիտեն միմյանց հետ մրցակցում են՝ ընտրակաշառքի դեպքեր բացահայտելու և ընդդիմադիր ուժերի առանցքային դեմքերի նկատմամբ քրեական վարույթներ հարուցելու հարցում։
Հոդվ․ 3․ Բացահայտ կամ քողարկված ընտրակաշառքի անհերքելի ապացույց է համարվում ցանկացած խոսակցություն, որտեղ․
Օգտագործվում են «ընտրություններ», «լավ կլինի», «հանրահավաք», «մասնակցություն», «թուրքեր», «ազատվել» և այլ՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու հետ ասոցացվող բառեր,
Ադրբեջանի Հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանի բարբառով արտասանված ցանկացած միտք՝ անկախ բովանդակությունից,
Հայաստանի զարգացման և (կամ) ազգային արժանապատվության վերականգնման ցանկացած ծրագիր՝ որպես հետագայում դրանց շնորհիվ ձեռք բերվելիք նյութական և (կամ) հոգևոր առավելությունների տեսքով ընտրակաշառքի խոստում։
Հոդվ․ 4․ Ընտրակաշառքների դեպքերն ապացուցված են համարվում ոչ ուշ, քան դրանց վերաբերյալ պաշտոնական հրապարակումներից 3 (երեք) րոպե անց։ Տվյալ հանցագործների հետ ասոցացվող քաղաքական ուժերի՝ ընտրություններին մասնակցելու արգելքի որոշումը կայացվում է ոչ ուշ, քան քվեարկության մեկնարկից 24 (քսանչորս) ժամ առաջ։
Հոդվ․ 5․ Կտրականապես արգելվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-4-րդ դասարանների աշակերտների մասնակցությունը վարչապետի թեկնածուներից որևէ մեկի, այդ թվում՝ ՔՊ թեկնածու Նիկոլ Փաշինյանի քարոզչական միջոցառումներին։ Սույն կատեգորիայի աշակերտները կարող են մասնակցել բացառապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ միջոցառումներին։
Հոդվ․ 6․ Իրենց քվեարկությամբ սույն օրենքի թիվ 1 հոդվածի պահանջները խախտող քաղաքացիները որակվում են որպես շներ, շնագայլեր և կենդանական աշխարհի այլ ներկայացուցիչներ, հետևաբար՝ մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները նրանց վրա չեն տարածվում։
Ընդդիմադիր քաղաքական ուժերի հանրահավաքային հնարավոր գործողությունները մինչև հունիսի 7-ը որակվում են որպես «բռնապետական կարգը Սահմանադրությամբ տապալելու փորձ», իսկ հունիսի 7-ից հետո՝ «սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու փորձ»։ ՀՀ տարածքում գործող քրեակատարողական հիմնարկներում ազատ տեղերի բացակայության դեպքում վերոնշյալ կատեգորիայի անձինք կարող են իրենց պատիժը կրել տարածաշրջանային այլ երկրների համապատասխան հաստատություններում։
Մեր տեղեկությունների համաձայն՝ Վենետիկի հանձնաժողովն ընդհանուր առմամբ հավանություն է տվել այս նախագծին և մտադիր է Հայաստան ուղարկել լրացուցիչ 15 մլն եվրո՝ սեղմ ժամկետներում օրինագիծը լրամշակելու նպատակով։