Պարզվում է՝ ՀՀ բյուջեից, այսինքն՝ հարկատուների գրպանից, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին տարեկան հատկացվում է 65 մլն դոլար։
Սա, հիշեցնենք, այն բյուջեն է, որը Նիկոլ Փաշինյանն անվանում է «ժողովրդի գրպանը»։ Եվ ահա այդ «գրպանից» ինքն իր և իր աշխատակազմի համար վերցնում է օրական 180 հազար դոլար (ներառյալ շաբաթ-կիրակի օրերը), իսկ եթե հաշվենք միայն աշխատանքային օրերը՝ 210 հազար դոլար։ Օրական։ Ընդ որում՝ հազիվ թե որևէ մեկը, այդ թվում՝ նաև վարչապետի աշխատակազմից, կարողանա հոդաբաշխ բացատրել, թե ինչով է զբաղվում այդ աշխատակազմը։ Ճիշտ է, աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը պարբերաբար ելույթներ է ունենում, բայց դրանք, ինչի մասին էլ լինեն, ավելի շատ ղափամայի թաքնված գովազդ են հիշեցնում։ Հա, մեկ էլ նրա տեղակալն է ընդդիմությանը «քլնգող» ֆեյսբուքյան ստատուսներ գրում։ Դե մեկ-մեկ էլ կեղծ պատարագներ են կազմակերպում։ Բայց համաձայնվեք՝ ամեն դեպքում, օրական 210 հազար դոլարը մի քիչ շատ է։
Ի դեպ՝ բյուջեի մասին։ Չգիտես ինչու՝ աննկատ մնաց, որ կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանը հանկարծ սկսեց նախարարներին բացատրել, թե ինչ բան է բյուջեն, ու ոչ ավել-ոչ պակաս՝ հայտարարեց, թե դա ընդամենը «մտադրությունների մասին հայտարարություն է»։ Եվ որևէ մեկը չհամարձակվեց առարկել, որ ախր դա ոչ թե հայտարարություն է, այլ օրենք։ Տարբերությունը, կարծում ենք, հասկանալի է։ Օրենքը պարտադիր է կատարման համար, իսկ «մտադրությունները» կարող են նաև չիրականանալ։
Ի դեպ, Հայաստանում փաստացի գործում է «հիբրիդային տարբերակը»․ բյուջեն երբեմն օրենք է, երբեմն՝ «մտադրությունների մասին հայտարարություն»։ Օրինակ, եթե վարչապետի աշխատակազմի կամ կեցավայրի «ռեմոնտի» համար հատկացումների մասին է՝ պարտադիր կատարման ենթակա օրենք է, իսկ եթե բնակչության սոցիալական կարիքները հոգալու մասին՝ ընդամենը բարի մտադրություն։