...

Հանրային խորհո՞ւրդ, թե՞ բուտաֆորիկ կամուրջ

Հանրային խորհո՞ւրդ, թե՞ բուտաֆորիկ կամուրջ

2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո, երբ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը շրջանառության մեջ դրեց Հանրային խորհուրդ (ՀԽ) ստեղծելու գաղափարը, մեկ նպատակ ուներ` հասարակական համերաշխության հասնելու պատրվակով Սերժ Սարգսյանի ձեռքը տալ այնպիսի գործիք, որով հնարավոր կլինի լուծել անգործ մնացած ու իշխանությանը «հավայի» քննադատող ընդդիմադիրների զբաղվածության հարցը, ձեռքի հետ էլ վերջապես բավարարել ՀՀ չկայացած նախագահ Վազգեն Մանուկյանի նախագահական ամբիցիաները. թող որ ինքը դառնալու էր ոչ թե երկրի, այլ երկրի նախագահին կից հասարակական մարմնի նախագահ:

Եվ այսպես, Սերժ Սարգսյանի օրոք՝ 2009-ին, ձևավորված ՀԽ-ն, որպես նախկին իշխանությունից ավանդված կառույց, այժմ էլ որպես խորհրդատվական մարմին գործունեություն է իրականացնում վարչապետի աշխատակազմում: Երբ փոփոխվում էր սահմանադրությունը, Սերժ Սարգսյանը միտումնավոր չհրաժարվեց այդ կառույցի ծառայություններից, քանի որ հավանաբար ծրագրել էր, որ երբ ինքը հետագայում դառնա ՀՀ վարչապետ, այդժամ վարչապետի մակարդակով կշարունակի շփվել Վազգեն Մանուկյանի հետ, և նրա ու մյուս ՀԽ-ականների հետ տարեվերջյան ավանդական խաշի սեղանի շուրջ կկիսվի իր քաղաքական անմահության գաղտնիքներով ու դրանց վերաբերյալ թեր և դեմ կարծիքներ կլսի: Նկատենք, որ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու  և խորհրդարանական կառավարման անցնելու առաջարկը դեռևս 2013-ին  շրջանառության մեջ դրվեց հենց ՀԽ-ի կողմից, գաղափար, որը, փաստորեն, մեկից մեկ համապատասխանում էր Սերժ Սարգսյանի հեռահար ծրագրերին: Ի դեպ, այդ  կառույցի ստեղծման օրվանից շատերն են կասկածի տակ դրել վերջինիս ՕԳԳ-ն` նույնիսկ ԱԺ առանձին պատգամավորներ: 

Այս օրերին, Վ. Մանուկյանի հնարավոր հրաժարականի համատեքստում վերստին քննարկվում է նրա ղեկավարած մարմնի ՕԳԳ-ի հարցը`արժե նման կառույցի գոյությունն ընդհանրապես, թե ոչ: ՀԽ-ն, հիշեցնենք, մարմին է, որի գործունեությունը կարգավորվում է ՀԽ մասին օրենքով: Այս մարմինն իսկապես կարող է ունենալ կարևոր դերակատարում՝ հաշվի առնելով օրենքով նրան վերապահված իրավունքներն ու գործառույթները, մասնավորապես` հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելու, պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը նպաստելու առումով: Այսինքն, սա մի հարթակ է, որի առաքելությունն ի սկզբանե  պետք է լիներ կապող օղակ դառնալը կառավարության և հանրության միջև: Մի բան, որի խիստ անհրաժեշտությունը հատկապես զգացվում էր նախկին ռեժիմի օրոք, երբ իշխանությունը մեկուսացված էր հասարակությունից: Փաստ է, որ այսօր կառավարությունն ու հանրությունը կապված են լեգիտիմ կապով և քանդված է այն «չհասկացվածության պատը», որն իբրև թե քանդելու նպատակով էլ Ս. Սարգսյանը ձեռնամուխ եղավ  ՀԽ կոչվող  բուտաֆորիկ կամրջի ստեղծմանը: Երբ ս.թ. ապրիլին, ՀԽ ձևավորումից հետո վարչապետը հանդիպեց այդ մարմնի ներկայացուցիչների հետ, մասնավորապես ասաց. «Տրամադրված եմ հնարավորինս սերտ աշխատել ՀԽ-ի հետ, որովհետև կարծում եմ, որ սա մի հարթակ է, որտեղ կարող են մտքեր գեներացվել, որտեղ կարող են բանավեճեր տեղի ունենալ, որտեղ կարող են ի վերջո դիրքորոշումները հղկվել, սխալներն ի ցույց դրվել և այն, ինչ ընթանում է ճիշտ ուղղությամբ՝ դարձնել առավել արդյունավետ»: Իր հերթին Վ. Մանուկյանը հայտարարեց, թե «ՀԽ-ն իր գործունեությամբ պետք է հեղինակություն և վստահություն ձեռք բերի հասարակության շրջանում և դրա հետ միասին կարողանա սերտորեն աշխատել կառավարության հետ»: 

Հարց է առաջանում` արդյոք այս յոթ ամիսների ընթացքում Մանուկյանին քանի միտք հաջողվեց գեներացնել, քանի դիրքորոշում հղկել, և վերջապես` այնպես անել, որ իր ղեկավարած մարմինը և մասնավորապես նաև ինքը վստահություն ձեռք բերեն հանրության աչքում: Պատասխանը Վ. Մանուկյանի այդ ընթացքում հնչած հակաիշխանական հայտարարություններն են, որոնք ոչ մի դեպքում չպետք է շփոթել ՀԽ-ի կոլեգիալ դիրքորոշումների հետ: Նկատենք, որ  Մանուկյանը, որն ի պաշտոնե հանրություն-կառավարություն կապի ամրապնդման երաշխավորն է, ինչպես նշել է ՀԽ անդամ Ստյոպա Սաֆարյանը` չի ցանկացել վարչապետի առաջարկությամբ կազմակերպել հանրային քննարկումներ՝ Արցախյան հակամարտության վերաբերյալ, մինչդեռ կառույցի կոչումը հենց նման քննարկումներ կազմակերպելն է:

Ավելին` Մանուկյանն արդեն մի քանի ամիս է «Վերնատուն» անունով փակ ակումբ է ստեղծել, որի անդամներն են ընդգծված հակաիշխանական կեցվածքով մի շարք գործիչներ` ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյան, Դավիթ Շահնազարյան, ՀՅԴ-ից հեռացված Աղվան Վարդանյան, քաղաքագետներ Ստեփան Դանիելյան, Երվանդ Բոզոյան և այլք: Հետաքրքիր է` Մանուկյանը կառավարության թիկունքում այդ ի՞նչ սեպարատ, թաքուն քննարկումների մեջ է, որոնք ի վիճակի չէ իրականացնել ՀԽ նախագահի կարգավիճակում: Իհարկե, ՀԽ-ն չունի գործող իշխանությանը գովերգելու և նրա ամեն մի քայլը ծափի արժանացնելու կաշկանդվածություն, և այդ մարմնում ներկայումս բազմաթիվ սրտացավ ու երկրի խնդիրներով մտահոգ մարդիկ են ներգրավված:  Սակայն դրա նախագահի ապակառուցողական պահվածքը բնավ չի նպաստում այդ կառույցի իմիջի բարձրացմանը, մի բան, որն անելու խոստում էր տվել հենց ՀԽ նախագահը, սակայն հետևողականորեն տապալում է իր իսկ խոստումը: Ուստի` նրա` ՀԽ նախագահությունը կամավոր թողնելը կլինի այդ մարմնի հեղինակության բարձրացմանն ուղղված առաջին քայլը:

Հեղինե Մանուկյան  

«Չորրորդ իշխանություն», թիվ 7, 2019

ՎԱՐԿԱՆԻՇ

   1203 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ