Մեղմ երեկո է, ընտանեկան ջերմ, մտերմիկ միջավայր։ Ինքը, համակարգչի առջև նստած, գրում է հաջորդ օրը ՔՊ վարչության նիստում արտասանելիք ելույթի տեքստը, իսկ Աննան, գորգի վրա պառկած, անուշիկ ժպիտով պատրաստվում է հաջորդ օրվա ֆեյսբուքյան գրառումներին՝ «Կենսաբանական բառարանում» փնտրում-գտնում է անհրաժեշտ ձևակերպումները և խնամքով գրի առնում բլոկնոտում․․․ Արդեն ահագին բառեր դուրս է գրել․ «թախտաբիթի», «դաբախանի եզ», «անկապ զռռացող էշ», «հնդուշկա», «քոսոտ ոչխար», «ոջիլ»․․․ Հետո մի պահ երկմտում է ու դիմում ամուսնուն․ «Նիկո՛լ, որ «կոտոշավոր» բառը օգտագործեմ՝ կարող ա՞ Ալենչոն նեղանա․․․ դե լավ, «ուղտ» կգրեմ»։ «Լավ էլի, Աննա՛, մի՛ շեղի», բարկանում է ինքը, «ավելի լավ ա լսի տես ելույթս ոնց ա հնչում․ «Ադրբեջանը մեր տարածքի 60 տոկոսն անվանում է Արևմտյան Ադրբեջան, բայց Հայաստանում չի՛ կարող նման բան գոյություն ունենալ, հետևաբար՝ այդ 60 տոկոսը պիտի դուրս բերվի Հայաստանի տարածքից»։ Հը՛, ո՞նց ա։ Համ էլ՝ վաղը ի՞նչ սառոչկա հագնեմ, եթե պիտի ձեռներս թափ տալով խոսեմ՝ ուրիշը տուր, էս մեկի կոճակները վրաս հազիվ են կոճկվում․․․»։
Հաջորդ օրը ինքը ՔՊ վարչության նիստում է։ Բոլորն արդեն կառուցողական ելույթներ են ունեցել, առաջարկել են Քրեական օրենսգրքին կից հրապարակել գնացուցակ՝ թե ո՛ր հոդվածը խախտելու իրավունքի պետական տուրքը որքան է, առաջարկել են կոռուպցիան դարձնել ենթաակցիզային գործունեություն, սահմանել չորեքշաբթի օրերին փռշտալու համար առանձին հարկ, հատուկ տուգանք՝ օնլայն խաղադրույքներից հրաժարվելու համար, և այլն։ Եվ ահա ինքը մոտենում է ամբիոնին, գրպանից հանում ամփոփիչ ելույթի տեքստը․․․ Առանց նկատելու, որ առավոտյան շփոթվել ու իր ելույթի տեքստի փոխարեն գրպանն է դրել Աննայի կոնսպեկտները՝ սկսում է կարդալ․ «Լսե՛ք, ա՛յ ոջիլներ, ի՞նչ եք ոչխարների նման էշ-էշ դուրս տալիս, բոլ էղավ-հերի՛ք էղավ, ինչքան ղազ կա՝ պիտի թախտաբիթիների նման բառաչի՞, քե՛զ ա վերաբերում, հենց քե՛զ, ա՛յ համբալ․․․»։ Սկզբում ներկաները շշմած իրար երեսի են նայում, դահլիճում մեռելային լռություն է տիրում, բայց «համբալ» բառը լսելուն պես Ավինյանն ուշագնաց փռվում է գետնին, ու բոլորն իրար են խառնվում։ Վահագն Խաչատուրյանը, կարծելով, թե նա մեռել է, արագ մոտ է վազում և նրա ֆոնին սելֆիներ անում, բայց քիչ անց «հանգուցյալը» բացում է աչքերը․․․ Հիմա էլ Վահագն Խաչատուրյանն է ուշաթափվում ու փռվում գետնին։ Այդ իրարանցման մեջ դահլիճի դուռը բացվում է, ու դռան արանքում հայտնվում է Վազգեն Մանուկյանի գլուխը․ «որքան հասկացա՝ ձեզ նոր նախագահ է պետք․․․»։
Արթնանում է հակասական զգացողություններով և ծանր գլխացավով։