...

Հայրենասիրության թույլատրված սահմանը

Հայրենասիրության թույլատրված սահմանը

Թվում էր՝ սարսափելի պարտությունից, հազարավոր զոհերից, խեղված ճակատագրերից հետո, Հայաստանի համար օրհասական այս պահին ոչմիթիզականության վակխանալիան կանգ կառնի, և մարդիկ լուռ, սթափ կփորձեն վերաիմաստավորել եղածը, սեփական վարքը, կփորձեն տեսնել իրականությունը, կփորձեն լուծումներ գտնել, կոնկրետ գործ անել, բայց տեսնում ենք հակառակ պատկերը: Հայդատականության «աստեղային ժամն» է փողոցում, իսկ իշխանական կաբինետներում՝ նույն ոչմիթիզականների անմեղսունակ արդարացումները: Գուցե իսկապե՞ս հայրենիքի պատմականն ենք սիրում...

1. Նախորդ դարի 60-ական թվականներին մեզ՝ սովետական հայերիս, թույլ տվեցին հիշել Ցեղասպանությունը: Գրքեր գրվեցին, գրաքննությունը չխոչընդոտեց, նույնիսկ դպրոցական թելադրությունների տեքտերն էին ընտրվում Եղեռնի սարսափելի պատկերները վերարտադրող գրական դրվագներից: Մեզ համար հայրենասիրության սահման էին գծել, որի մեջ, իհարկե, չէր մտնում անկախ պետականության գաղափարն իսկ:

2. 1988 թ.-ին հայ ժողովուրդը ոտքի կանգնեց ոչ թե պատմական, այլ իրական հայրենիքը պաշտպանելու համար: Իրական հայրենիք՝ Արցախ, որ հայաբնակ էր և պետք է նվաճեր իր անկախությունը: Շարժման նախնական վախվորած կարգախոսները՝ «Լենին, պարտիա, Գորբաչով» տիպի, փոխվեցին ամիսների ընթացքում: Ձևավորվում էր Հայաստանի անկախ պետականության իրական հեռանկարը, որը շատ արագ դարձավ գերակա, որովհետև Շարժման առաջնորդներն ու մասնակիցները գիտակցում էին հայկական պետականության կարևորագույն դերը Հայաստանի և Արցախի համար: Իսկ Սփյուռքում Ցեղասպանության ճանաչումն ու պահանջատիրությունը փեշակ դարձրած դաշնակցությունն այդ օրերին մեզ կոչ էր անում անկախության հարցը հանկարծ չբարձրացնել. հայդատականության ծիրին մեջ դա չէր մտնում;

1991- 94 թ.թ. Հայաստանի իշխանությունը և ժողովուրդը հաղթահարեցին ծանրագույն փորձություններ, հաղթեցին պատերազմում: Սակայն մեր երկրում կային դժգոհներ: Եթե հասարակության մի մասը դժգոհ էր սոցիալական պայմաններից, ապա մեր հայդատական մտավորականությունը, որի համար Սովետը գյոզալ երկիր էր, դժգոհ էր նաև գաղափարներից, մեր անկախությունից: Ահա այս կարգի մտավորականությունն էր 96 թվականին Վազգեն Մանուկյանի հետևորդը, քանի որ նա՛ էր համաշխարհային ազգի և ոչմիթիզականության ջահակիրը: Իսկ Հայաստանի իշխանությունը չէր տեղավորվում հայրենասիրության թույլատրված սահմաններում: Իշխանության համար գերակա և անսակարկելի արժեք էր երկրի անկախությունը: 

3. 98 թվականից հետո երջանկացան թե՛ զառամյալ մտավորականները, թե՛ դաշնակցությունը, քանի որ իշխանությունը զավթած Ռոբերտ Քոչարյանը վարպետորեն օգտագործեց նրանց բարդույթները: Հայդատականությունն ու ոչմիթիզականությունը դարձան իշխող գաղափարներ, քոչարյանական դիվանագիտությունը գլուխ էր գովում, որ հերթական երկրում հերթական անգամ ճանաչվել է Ցեղասպանությունը, իսկ Հայաստանը քայլ առ քայլ կորցնում էր անկախությունը: Պարադոքս է, բայց փաստ. Արցախի հարցում «հաղթողական» Ռ. Քոչարյանը և նրա հավատարիմ դաշնակից դաշնակցությունը ոչինչ չարեցին միջազգային ասպարեզում Արցախի անկախությունը ճանաչել տալու համար: Չէին էլ անելու, որովհետև հայդատականությունը միայն շղարշ էր նրանց համար, Սփյուռքին սիրաշահելու միջոց՝ Հայաստանում անվերահկելի իշխանություն ունենալու համար: 

4. Ահա այս վայ քաղաքականության հետևանքն է մեզ պատուհասած աղետը, ահա այս վայ գաղափարախոսության հետևորդներն են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը: Կրկնենք՝ նույնիսկ սարսափելի աղետը չփոխեց հայաստանյան քաղաքական խոսույթը: Աղմուկը շատ է. միտք չկա: Ավելին, հիմա ոչմիթիզականներն ընկել են մի տեսակ էյֆորիայի մեջ: Հիմա արդեն ողբում են նոր կորցրած հողերի համար, խոսում են ռեվանշից, բոլորից բարձր են գոռում դավաճանության մասին՝ մոռանալով, որ Ն. Փաշինյանի արածը շատ դեպքերում կրկնում էր 1918- 20 թ.թ. Հայաստանում իշխող դաշնակցականների քայլերը: Նույն անհեռատեսությունը, քաղաքական նույն անպատասխանատվությունն ու հավկուրությունն ենք տեսնում: Ն. Փաշինյանը ոչմիթիզականության դասական օրինակ է:

5. Հայաստանը կորցնում է ինքնիշխանությունը, և մեզ կտեղավորեն հայրենասիրության թույլատրված սահմաններում: Թույլ կտան այցելել Ծիծեռնակաբերդ, դաշնակները կայրեն նաև Ադրբեջանի դրոշը, պահանջատիրության ցանկում կավելանան Շուշին ու Հադրութը: Եվ սա դեռ լավագույն դեպքում: 

Լևոն Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 40, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   809 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ