Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ՀԷՑ-ի հետագա կառավարման երկու սցենար կա՝ կամ բյուջեից վճարել և ամբողջությամբ դարձնել պետական սեփականություն, կամ՝ եթե պարզվի, որ այդ ծախսն արդարացված չէ, «թափանցիկ ընթացակարգերով» նոր ներդրող ներգրավել։
ՉԻ. Սա, իհարկե, շատ բնորոշ է ՀՀ իշխանությունների համար՝ սկզբում ունեցվածքը խլել ու միայն հետո որոշել, թե ինչ են անելու դրա հետ։ Բայց ամեն դեպքում՝ Նիկոլ Փաշինյանին հուշենք, որ հնարավոր է նաև երրորդ սցենարը։
Օրինակ, կարելի է քրեական գործեր հարուցել և կալանավորել Սամվել Կարապետյանի ողջ ազգուտակին, հետո բանտերում նրանց օրը մի քանի անգամ մի լավ «տփել», հետո նրանց ստիպել, որ ՀԷՑ-ը վաճառեն պետությանը 7-8 հազար դրամով կամ փոխանակեն մի քանի շաուրմայի հետ, այնուհետև «թափանցիկ ընթացակարգերով» մրցույթ հայտարարել՝ այնպես, որ ՀԷՑ-ը գնի Աննա Հակոբյանի հետ բացարձակապես կապ չունեցող որևէ նորահայտ օլիգարխ, հետո այդ օլիգարխի հետ պայմանավորվել, որ նա, որքան էլ «նախկինների թալանի պատճառով վնասով աշխատի», միևնույն է՝ ի սեր ժողովրդի, հոսանքի սակագինը չի բարձրացնելու, պետությունն էլ բյուջեից սուբսիդավորելու է այդ վնասը․․․ Պայմանով, իհարկե, որ սուբսիդիայի գումարի առնվազն կեսը ծախսվի հաջողակ տղամարդկանց համար կազմակերպվող բարեգործական ընթրիքների մուտքավճարի վրա։
Համաձայնվեք՝ փայլուն նախագիծ է։ Հպարտ քաղաքացիների համար հոսանքը չի թանկանում, բյուջեի գումարները ծառայեցվում են բարեգործական նպատակների, կալանավորները շաուրմա են ունենում․․․ Եվ կարևորը՝ ոչ մի կոռուպցիոն ռիսկ։