...

Հեղափոխությունը բանակի կողքով է անցել

Հեղափոխությունը բանակի կողքով է անցել

2013 թվականի մայիսին սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատները Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից, ի նշան բողոքի, որոշել էին իրենց որդու դին տեղափոխել Երևան՝ Կառավարության շենքի դիմաց. չէին հավատում պաշտոնական վարկածին: Ոստիկանները Երևան-Սևան մայրուղում թույլ չէին տվել առաջ շարժվել։ Նախկին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի ջանքերով իրավիճակը հանդարտվել էր։

Երեկ առավոտյան՝ հունվարի 30-ին, մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները, ի նշան բողոքի, երթով հասել էին Երևան՝ Արգավանդի խաչմերուկ և պատրաստվում էին զինծառայողի մարմինը տեղափոխել պաշտպանության նախարարության դիմաց։ Վահրամ Ավագյանի հարազատները նույնպես չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնասպանության վարկածին և այս կերպ էին ուզում արտահայտել իրենց բողոքը։ Ոստիկանները փակել են Արմավիր-Երևան մայրուղին և թույլ չեն տվել հարազատներին գալ Երևան: Միայն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ջանքերով հնարավոր է եղել հանդարտեցնել իրավիճակը։ Ինչպես տեսնում ենք, բանակում բան չի փոխվել։

Սպանված զինվորի հարազատների բողոքից հետո նույն Քննչական կոմիտեն տարածեց միանգամայն այլ հաղորդագրություն․ «2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը, Սպարտակ Արթուրի Ավետիսյանը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Վերջիններս ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում»:

Ի՞նչ է սա նշանակում։ Ծնողը, որը բանակին տվել է իր ամենաթանկը՝ առողջ երեխան (բժշկական ստուգումներով միայն պրակտիկորեն առողջներն իրավունք ունեն զինծառայություն անցնելու, իսկ եթե զինվորը հոգեպես առողջ է, ինքնասպանության վարկածը գրեթե բացառվում է), պետք է ողբերգությունը թողած արդարություն աղերսի, որ նոր ուզենան բացահայտել մարդասպանությունը և դեռ հարց է՝ դատարանում ինչ է կատարվելու։ Հետհեղափոխական Հայաստանի բանակում գործում են հին ավանդույթները, միայն սննդակարգն է փոխվել։ Նշանակում է՝ հեղափոխությունը բանակի կողքով է անցել, ինչն անընդունելի է։ Ծնողը կհասկանա, երբ որդին զոհվում է պատերազմի ժամանակ, իսկ երբ զոհվում է ծառայակցի ձեռքով և անունը դնում են ինքնասպանություն, ծնողի ցավը աննկարագրելի է դառնում և դարձյալ իր անասելի ողբերգությունը թողած, արդարություն է աղերսում։

Պետությունը նույնիսկ մարդասպաններին պատժել չի կարողանում։ Գրեթե մեկ տասնամյակ է, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը բողոքի ակցիաներ են անում Կառավարության շենքի դիմաց, նույնիսկ հեղափոխությունից հետո մարդասպաները չեն պատժվում։ Եթե նախկին դեպքերից մեկնումեկը պարզվեր, հանցագործներից մեկը պատժվեր, հավանաբար հունվարի 30-ի ողբերգությունը չէր լինի։

Ամենամտահոգիչն այն է, որ բանակում տեղի ունեցած հանցագործությունների համար ոչ մի սպա չի պատժվել, իսկ հրամկազմում էլ փոփոխություններ չեն լինում։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա «ինքնասպանությունները» շարունակվում են։ Այսինքն՝ մեր կյանքի բոլոր բնագավառներում գործում են նախահեղափոխական Հայաստանի ավանդույթները։ Պատճառն այն է, որ համակարգային փոփոխություն չի եղել, հին համակարգով նոր բան անելն անհնար է։ Վարչապետը նույնիսկ հոդաբաշխ բացատրություն չունի, թե ինչու է մնում հեղափոխությանը դիմադրող համակարգը։ Փաշինյանը հայտարարեց անցումային արդարադատության, վեթինգի մասին, այդպես էլ անհետևանք մնաց, դատական համակարգում բարեփոխում չեղավ, ոչ միայն բանակի հանցագործները, այլև ոչ մի բնագավառի հանցագործ էլ հեղափոխությունից հետո պատասխանատվության չի ենթարկվել։ Ո՞ր մի հանցագործն է արդարադատության առջև պատասխան տվել։ Հեղափոխությունից երկու տարի անց ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը չկա, արդեն նախկիններն իրենց Հրայր Թովմասյանից արդարության խորհրդանիշի կերպար են կերտում։

Թավիշ, բարեկրթություն. դրանք արդեն կեղծ արտահայտություներ են, և հեղափոխական իշխանության անգործությունն է։ Փաստ է, որ հեղափոխության պահանջները չեն կատարվում։  Եվ Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ սա միայն իր պարտությունը չի լինելու, սա բոլորիս պարտություն է։ Եվ չէր կարելի այսքան անլուրջ վերաբերվել ամբողջ ժողովրդի և պետության ճակատագրին։ Ժամանակն է, դեռ մի քիչ էլ ուշացած, որ վերջ տա սելֆիներին, լայվերին, 100 փաստերին և լուրջ գործով զբաղվի՝ կատարի հեղափոխության պահանջները։

Ջավահիր Այվազյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5025 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ