...

Հերթը հասավ Սերժին ու Միշիկին

Հերթը հասավ Սերժին ու Միշիկին

Երկու օր առաջ ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրել էր. «Այսօր կան բազմաթիվ քաղաքական և հասարակական արժանի գործիչներ, ովքեր խորհրդարանում չեն, բայց անկեղծ և իրական պայքարի մեջ են այս չարիքի կառավարության դեմ։ Բայց կան նաև ուժեր և անհատներ, ովքեր քաղաքական դաշտում ոտատեղ ունենալու համար իրենց պարտքն են համարում վարկաբեկել կամ նսեմացնել խորհրդարանական ընդդիմության գործունեությունը՝ չհասկանալով դասագրքային մի պարզ ճշմարտություն. կա´մ իշխանություն ես, կա´մ ընդդիմություն, դրանց մեջտեղում լինելը լավ կարգավիճակ չԷ, դրա վերջը լուսանցքն է»։ 

Այս առթիվ «Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը գրել է. «Քոչարյանական թևում երևի հասկացան, որ ծավալվող դիսկուրսի մեջ ամենամանր տրամաչափի «սաքուլիկների» ու այլ լնգուլավազի անբովանդակ էշությունները էդքան էլ արդյունավետ չեն: Թերևս դրանով եմ հակված բացատրել Իշխան Սաղաթելյանի գրառումը:

Մեր հիմնական խնդիրը Ռոբերտ Քոչարյանի ու Հայաստան դաշինքի հետ այն է, որ նրանք լեգիտիմացրին Նիկոլին, իսկ կոնկրետ Սաղաթելյանը սիմվոլիկ ֆիգուր է, որովհետև իր՝ փոխխոսնակ ընտրվելով, ինքը Նիկոլից զատ լեգտիմացրեց նաև Ալենին Սիմոնյան: Ըստ այդմ, էդ «հիմա ընդդիմությո՞ւն եք, թե՞ իշխանություն» հարցի ամենահետաքրքիր պատասխանողներից մեկն էլ հենց Սաղաթելյանն է, ընդ որում, պատասխանելուց պետք է բացատրի, թե էդ ո՞նց էին իշխանություններին օր ու արև չտալու, բայց իր՝ ընտրվելուց հետո ԱԺ-ն բնականոն հունով աշխատում է, իսկ երբ էլ էդ հունը խախտվում է, մարմնական վնասվածքներ ստանում են ընդդիմադիրները»:

Մենք երեկ մի քիչ անդրադարձանք ընդդիմության տարբեր թևերի միջև սկսված այս գզվռտոցին: Փոխադարձ մեղադրանքները քոչարյանականների և միշիկական, սերժական թևերի միջև գնալով ուժգնանում են ու ավելի հասցեավորված են դառնում: 

Փորձենք հասկանալ, թե էս ինչ հաշիվ է. քոչարյանականները հայտարարում են, թե ով ընդդիմություն չի, ուրեմն՝ իշխանություն է: Բայց, ընդդիմություն ասելով, իրենք միայն իրենց են այդպիսին համարում: Այսինքն՝ ով մեր հետ չէ, ուրեմն՝ իշխանության հետ է: Ով մեզ քննադատում է, ուրեմն՝ Նիկոլի հետ է: Էս մյուս թևը, եկեք սա պայմանական անվանենք սերժական, որովհետև քոչարյանականների մի մասն այս թևի ներկայացուցիչներին սերժական է համարում, մի մասը՝ միշիկական, մի երկու տեղ տեսանք, նույնիսկ՝ միշիկական ճտեր, դրա համար, ընդհանրացված՝ սերժական ասենք... ուրեմն, էս թևն էլ հակադարձում է, թե դուք մեզ քննադատելուց առաջ մի հատ ձեր արածներին նայեք, կոնկրետ՝ դուք եք լեգիտիմացրել Նիկոլին:

Այս մասին բազմիցս ենք գրել ու հիմա էլ կասենք. ոչ ոք Նիկոլ Փաշինյանին այդքան չի աջակցել, թև ու թիկունք չի եղել, ոնց որ՝ Ռոբերտ Քոչարյանը: Ամենապարզ վկայությունը. հենց Ռոբերտ Քոչարյանն է վիժեցրել ընդդիմության կոնսոլիդացման գործընթացը կամ դրան ուղղված առաջարկները: Իր բոլոր քայլերով նպաստել է իշխանությունների վերարտադրմանը: Էդ մարդու տեսակն այդպիսին է: Պիտի ինքը լինի ու վերջ: Ասաց՝ ես եմ միակն ու անկրկնելին, ես, մենակ ես... Իր այդ ՀՓՇ-ով դաշտից դուրս մղեց բոլոր նորմալ քաղաքական ուժերին, խորհրդարանական ընտրություններում էլ իրեն գցեց մեյդան, թե գալիս եմ, ես պիտի լինեմ, երկիրը պաստառախեղդ արեց իր վանող լուսանկարներով, ու դա ամենամեծ նվերն էր Փաշինյանին: Փաշինյանը լիովին օգտվեց այդ նվերից: Փոխարենը Քոչարյանն էլ Նիկոլ Փաշինյանի նվերից օգտվեց. դարձավ թիվ մեկ ընդդիմությունը: Մանդատները սուսուփուս վերցրեց, գնաց խորհրդարան, կինոն պրծավ: Սա երկկողմանի շահավետ գործարք էր: Պարտադիր չէ, որ այդ գործարքը գրավոր լինի կամ նախապես պայմանավորված: Ու թիվ մեկ ընդդիմադիրի կարգավիճակի դիմաց Քոչարյանը պարզապես քցեց, քաշեց իր բազմաթիվ կողմնակիցներին, որոնց մի մասը հիմա քրեական հետապնդման է ենթարկվում, մի մասն էլ լուսանցքում հայտնվեց: 

Ու հիմա երկուսն էլ փորձում են պահպանել ընտրություններից հետո ձևավորված այս ստատուս-քվոն: Իշխանությունները՝ հասկանալի է, որ պահպանեն իրենց դիրքերը: Իսկ ահա Քոչարյանն ամեն ինչ անում է, որ ընդդիմադիր դաշտում այլ քաղաքական ուժեր ակտիվ դերակատարում չունենան: Դրա համար են քոչարյանականները հիմա աջուձախ քննադատում, սևացնում, վիրավորում, հակաքարոզչություն իրականացնում... միշիկականներին, սերժականներին, Ծառուկյանին, Մարուքյանին, բոլորին: Երեկ էլ, տեսաք՝ քոչարյանական պատգամավորներից մեկի կայքը Տեր-Պետրոսյանի մասին զառանցանքներ էր գրել, էլի Նիկոլի հոգեհայր, բան:

Թվում է, թե Նիկոլի դեմ են գրել, բայց իրականում՝ Նիկոլ Փաշինյանի ընդդիմության դեմ են գրել: Այսինքն՝ մի բան, որը և´ Փաշինյանի սրտով է, և՛ Քոչարյանի: Ստացվում է, որ Փաշինյանի ջրաղացին են ջուր լցնում, ու էդքանից հետո համարձակվում են հայտարարել, թե ով մեր հետ չէ, ուրեմն՝ Նիկոլի հետ է: Արա´, ամենաշատը դուք եք Նիկոլի հետ, բայց անուն եք կպցնում մնացած ընդդիմադիր ուժերի՞ն: Փաշինյանը ամեն ինչ անելու է, որ Քոչարյանը շարունակի համարվել թիվ մեկ ընդդիմադիրը, այլընտրանքը, Քոչարյանն էլ դրա դիմաց անելու է այն, ինչ հիմա անում է: Հիմա արդեն հերթը հասել է Սերժ Սարգսյանին

Հ.Գ. Երկրի ճակատագրով իբր մտահոգ քոչարյանական ուժի պատգամավորին 7 անգամ նվաստացրին, ասում են՝ պատրաստ ենք նորից նվաստանալ, մենակ թե հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը վերցնենք: Այ, էս եք դուք: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ