...

Հույս չունենաք

Հույս չունենաք

Հավկուրություն

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլշևիկները սկսեցին որոնել հակահեղափոխականներին և ոչնչացնել նրանց: Եվ երբ երկրում՝ Խորհրդային Միությունում, այլևս ոչ մի սպիտակգվարդիական, դաշնակ, էսեռ, մուսաֆաթական կամ ցարիզմի այլ «մնացուկ» չկար, դրանց պարզապես հորինում էին: Հակահեղափոխականներ կամ ռևանշիստներ էին «գտնվում» ամենուրեք, ամենաանհավանական «պատմություններ էին» հյուսվում սոցիալիզմի և կուսակցության, ժողովրդի թշնամիների մասին: Իսկ «բոբոն» մեկն էր՝ «ցարիզմը»:

Պաթոլոգիկ երևակայության այս ախտանիշը, ըստ երևույթին, անբուժելի է և կարող է ունենալ տարբեր դրսևորումներ: Հայաստանում 1998-ից հետո իշխանական քարոզչությունը փորձում է ընդօրինակել «բոցաշունչ» նախահայրերի գործելակերպը, բայց ապաշնորհ ու թույլ: Քանի որ մերօրյա ռևանշիստները իշխանություն նվաճելու համար զինված ջոկատներ չունեն, ոչ էլ առանձնապես ուզում են ետ վերադառնալ: Իսկ հիմնական «բոբոները»՝ Լևոնն ու Վանոն, քաղաքական ասպարեզից հեռու են, մեկը համառորեն լռում է, մյուսին ստիպել են երկրից հեռանալ: Ուրեմն ինչու՞ են 3,5 տարի շարունակ հասարակությանը վախեցնում Տեր-Պետրոսյանի իշխանության վերադառնալու հեռանկարով, ինչու՞ են մեր «տնական ու կաթնակեր» ընդդիմության յուրաքանչյուր քայլը կապում Վանոյի հետ, ինչու՞ են ԱԱՆ-ից և նախագահականից հրահանգավորվող բամբասանքչիները մերթընդմերթ «լուրեր» տարածում ժողովրդական խողովակներով նախկինների ինչ-ինչ ֆանտաստիկ հնարավորությունների մասին և ինչու՞ են բոլոր անհաջողությունները բարդում նրանց գլխին: Ո՞րն է հիվանդագին այս երկյուղի պատճառը, ո՞րն է այսպիսի գործելակերպի նպատակը:

Նախ՝ Լ. Տեր-Պետրոսյանի հիպոթետիկ վերադարձի մասին: Շտապենք տեղեկացնել, որ նա բնավ մտադրություն չունի այդ քայլը կատարելու: Եվ որպեսզի կասկած չհարուցենք, թե սա ՀՀ առաջին նախագահի մեզ տրված ցուցումն է, վերոնշյալ պնդումն ապացուցենք տրամաբանորեն:

ա) Լևոն Տեր-Պետրոսյանը 1998թ. փետրվարի 3-ին հեռացավ իշխանությունից, չկառչեց դրանից, չապակայունացրեց իրավիճակը երկրում, սակայն պարզ ասաց, որ հրաժարականի պահանջն իրեն ներկայացրել են հայտնի ուժերը: Նա նաև բնութագրեց տեղի ունեցածը. խաղաղության կուսակցությունը պարտություն էր կրել, իշխանության էր գալիս պատերազմի կուսակցությունը:

բ) Ուրեմն մինչ 1998-ի փետրվարի 3-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, Հայաստանը, դժվարին ուղի անցնելով, հռչակել էր իր անկախությունը, կարողացել էր ստեղծել պետականության կարևորագույն ինստիտուտները, ընդունել էր սեփական Սահմանադրությունը, Արցախում հաղթանակ էր ապահովել, փոքր կորուստներով դուրս էր եկել պարտադրված պատերազմից, աշխարհին ներկայանում էր որպես ժողովրդավարական ուղին ընտրած երկիր, մեծ պետությունները մեզ հետ հաշվի էին նստում՝ հաստատելով գործընկերային հարաբերություններ:

գ) Հայկական Արցախը հաղթել էր պատերազմում, իսկ համաշխարհային հանրությունը սկսել էր վարժվել այդ հաղթանակի գաղափարին: Հայաստանի առաջին նախագահի վարած արտաքին քաղաքականության ձեռքբերումներն էին ե՛ւ երկարամյա զինադադարը, ե՛ւ բանակցությունների գործնական ընթացքը, ե՛ւ Արցախի մասնակցությունն այդ գործընթացին՝ որպես բանակցային լիիրավ կողմ:

Ղարաբաղյան կոնֆլիկտը հայկական կողմը կարողացել էր ներկայացնել որպես ինքնորոշման օրինական իրավունքի համար մղվող արդարացի պայքար: Հայաստանը կոնֆլիկտի կողմ չէր և, բնականաբար, ագրեսոր չէր:

դ) Հայաստանի ներքին կյանքը դժվարությամբ, բայց դուրս էր գալիս ճգնաժամից: Ակնհայտ էր դարձել տնտեսական նոր համակարգի ձևավորումը, և երկրի հետագա զարգացման համար անհրաժեշտ էր կայուն խաղաղություն, ապաշրջափակում և նորմալ տնտեսական հարաբերությունների հաստատում հարևան երկրների հետ: Ուրեմն անհրաժեշտ էր ղարաբաղյան խնդրի հանգրվանային լուծում և խաղաղության պայմանագիր: Պատերազմը պետք է վերջակետ ունենար: Իսկապես, վաղուց հասունացել էր լրջանալու պահը:

Եվ... և ՀՀ առաջին նախագահը հայտարարվեց ապազգային, իսկ նրա քաղաքականությունը՝ պարտվողական: Ու պատերազմը չավարտվեց:

Ամենևին չենք ուզում պնդել, թե մինչև 1998-ը մենք ունեինք կատարյալ երկիր, և 1998-ից եկած «նոր» իշխանությունները ամեն ինչ հիմնահատակ քանդեցին: Ոչ: Չենք ունեցել այդպիսի երկիր, իսկ եթե ունենայինք, ապա չէինք ունենա Սահմանադրությունը ոտնահարող, օրինախախտ իշխանություններ, չէինք ունենա մինչև վերջ կոռումպացված չինովնիկների հսկայական բանակ, չէինք ունենա հիմնավորապես հիասթափված, ամորֆ հասարակություն: Բայց, այնուամենայնիվ, ստեղծված էին պայմաններ տնտեսությունը զարգացնելու, հարևան պետությունների հետ նորմալ հարաբերվելու, խաղաղության պայմանագիր կնքելու, ժողովրդավարական, իրավական պետություն կառուցելու համար: Սա տրամպլին էր, որ անհրաժեշտ էր օգտագործել, կամուրջ էր, որով կարելի էր անցնել դեպի քաղաքակիրթ աշխարհ: Ահա այդ կամուրջը հաջողվեց 3,5 տարում այնպես այրել, որ սկսում է առարկայանալ Լևոն Տեր-Պետրոսյանի կանխագուշակումը: Ուրեմն այն, ինչին կարողացել էր դժվարությամբ հասնել մեր առաջին նախագահը, այսօր հօդս է ցնդել: Եվ, բնականաբար, Լևոն Տեր-Պետրոսյանն այնքան միամիտ չէ, որ իշխանության վերադառնալու ձգտում ունենա՝ Ավգյան ախոռները մաքրելու պարտականությունը ստանձնելու նպատակով: Բացի դրանից, նա 3,5 տարի է՝ հեռու է մնում քաղաքականությունից, կուսակցական գործունեությունից ու չու-նի զինակիցներ, չու-նի թիմ, որոնց վրա հենվելով կկարողանար «իրականացնել ռևանշը»: Ուրեմն՝ թիմի մասին: Այսպես կոչված «նախկինների» քաղաքական թիմը հասարակությանն է ներկայանում մի քանի անհատների սեմինարային դեմքերով, որոնցից քչերն են կարողանում գիտակցել սեփական սխալները: Հասարակությունը նրանց գործունեությունը լուրջ չի ընդունում, նրանց հետ բարենպաստ փոփոխությունների հույս չի կապում: Նախկիններից ոմանք անթաքույց հայտնում են իրենց դժգոհությունը ներկաներից, պատասխանում են քարոզչական ճղճղան «մեղադրանքներին» ու... նեղանում ժողովրդից: Չենք ուզում անձնապես վիրավորել իշխանական լծակներից զուրկ մարդկանց, բայց պիտի պնդենք, որ մեր առաջին սերնդի քաղաքական ինտելեկտուալ գործիչները հիշեն, թե ինչպես էին իրենց պահում առաջին նախագահի օրոք, ինչպես էին անընդհատ սպասում ցուցումների, ինչպես չէին կարողանում ինքնուրույն որոշումներ ընդունել և որքան էին սիրում սեփական անձը: Այսօր էլ նույն ամբիցիոզ բնույթը թույլ չի տալիս նրանց մեկ ընդհանուր, թեկուզ փոքրաթիվ, բայց կուռ թիմ դառնալ: Պարզ է, որ սրանց ռևանշի մասին խոսակցությունները հասարակությանը մատուցվող հերթական զառանցանքն են:

Որևէ «հույս» ներկա իշխանություններին չպետք է ներշնչի նաև նորաթուխ ընդդիմությունը, որի, մեղմ ասած, ոչ գրագետ գործելակերպը ամենքիս աչքի առաջ է: Կարծում ենք, որ եռյակի սահմանադրական ստորագրահավաքը որևէ հեռանկար չունի, մանավանդ որ նրա առաջնորդները վատ են կողմնորոշվում Հայաստանում տիրող իրավիճակում և չեն փայլում ո՛չ ինտելեկտով, ո՛չ վճռականությամբ: Ուրեմն իշխանությունները զուր են ջանք թափում սրանց վարկաբեկելու համար, ամեն ինչ կստացվի ինքնիրեն...

Այնպես որ, հանգստացնենք թե՛ մեր անատամ ընդդիմությանը, թե՛ «հեռատես» իշխանություններին և միաժամանակ հուսախաբ անենք:

Լևոն Տեր-Պետրոսյանը չի վերադառնա: Հույս չունենաք: Ինքներդ պիտի գլուխ հանեք: Ավելի ճիշտ ստեղծված վիճակից պիտի գլուխ հանի այն հասարակությունը, որը պատանդ է դարձել ձեր ձեռքին, պիտի կարողանա նոր ուժ հակադրել պատերազմի ու տեռորի կուսակցությանը:

Լ. Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 306, նոյեմբերի 30, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   521 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ