...

Քոչարյանի տնտեսական աճի ցուցանիշները

Քոչարյանի տնտեսական աճի ցուցանիշները

ԴԱՆԱԿ-ՄԿՐԱՏ ՍՐԵՄ

Իզուր են «չար ու թունավոր մարդիկ» փորձում նվաստացնել Քոչարյանի իշխանության տարիներին ձեռք բերված տնտեսական ակնառու նվաճումները: Իզուր են լրագրողները շվարած նայում Քոչարյանի աչքերին, երբ վերջինս դեմ առ դեմ նրանց հարցնում է՝ «Դուք էլ եք զգում, չէ՞, որ կյանքը գնալով լավանում է»: Տնտեսական աճի ցուցանիշները նրա օրոք «նախկինների» իշխանության համեմատ ակնառու են, և դա կարելի է ցուցադրել անվիճելի թվերով ու փաստերով:

Ահավասիկ.

- Լևոն Տեր-Պետրոսյանը իր իշխանության տարիներին կտրել է 2,5մ ժապավեն: Քոչարյանը ավելի քան երկու անգամ կարճատև իր իշխանության ընթացքում հասցրել է կտրել 4564 մետր ժապավեն:

- Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, ութ տարվա ընթացքում (երբ նաև պատերազմ էր և հաղթանակներ) շնորհվել է ընդամենը 340 մեդալ և շքանշան, Ռ. Քոչարյանի ժամանակ՝ 5800:

- Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին բենզինի 20 լիտրի գինը կայուն կանգնել էր 2500-2800 դրամի վրա: Քոչարյանի իշխանության տարիներին այն արագորեն կրկնապատկվեց և, եթե տատանվում է, ապա 5000-6000-ի սահմաններում: Աճի տոկոսը՝ 200:

- Լևոն Տեր-Պետրոսյանը ուներ 2,5 իշխանամետ թերթ և մեկ հեռուստաալիք (որից ամիսը մի քանի անգամ ազատ օգտվում էին նաև «չար ու թունավոր» ընդդիմության ներկայացուցիչները): Քոչարյանի ամենօրյա գովքն անելու և ներբողելու «պետականամետ» գործով են զբաղված 25 թերթ և 10 հեռուստաալիք: Դրանցում ընդդիմադիրներից որևէ մեկի մուտքը բացառվում է: Աճի տոկոսը երկու դեպքում էլ՝ 1000:

- Լևոն Տեր-Պետրոսյանը Ալիևի հետ հանդիպել է 2 անգամ, Քոչարյանը՝ 20: Բացահայտ աճ՝ 1000%-ով:

- Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք «Պապլավոկում» ոչ մի կրակոց չէր արձակվել, Քոչարյանի ժամանակ այստեղ նախ դաշնակցական ղեկավար գործիչ Վ. Հովհաննիսյանը ատրճանակից կրակեց. իսկ վերջերս, արդեն առանց կրակոցի, բազմաթիվ ներկաների աչքի առջև, Քոչարյանի թիկնապահները գազանաբար սպանեցին Պ. Պողոսյանին: Սպանեցին և նույնքան բացահայտ մնացին անպատիժ:

- Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ նախագահական ապարատում աշխատում էր 130 մարդ, Քոչարյանի աշխատակազմի թիվը անցնում է 300-ը:

- Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ամբողջ հասարակության խոսք ու զրույցի միակ առարկան, որպես նախագահի շրջապատի «կոռումպացվածության» ապացույց՝ «Վանոյի տունն» էր: Քոչարյանի օրոք նրա ոչ միայն անմիջական, այլև հինգտակ միջնորդավորված շրջապատի և իշխանական վերնախավի և միջնախավի կառուցած 2250 առանձնատներից յուրաքանչյուրի համար Վանոյի տունը որպես խորդանոց էլ չի ծառայի: Աճի տոկոսը կազմում է 225000:

- Լևոն Տեր-Պետրոսյանը այդպես էլ մինչև վերջ աշխատեց այն գրասեղանի առջև և օգտվեց այն կահույքից, որ շենքի հետ միասին ժառանգություն էր ստացել Հրանտ Ոսկանյանից: Քոչարյանը ոչ միայն հիմնովին թանկարժեք նորոգման ենթարկեց ամբողջ շենքը, այլև փոխել է արդեն երրորդ կահույքը: Աճի տոկոսը դժվար է թվերով արտահայտել, այն ձգտում է անսահմանության:

Անաչառ լինելու համար ասենք, որ կան դեպքեր էլ, երբ Քոչարյանի ցուցանիշները երևութապես նվազել են:

Օրինակ. Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, այդ թվում նաև պատերազմի տարիներին, ընդդիմությունն առնվազն շաբաթը մեկ անգամ հանրահավաք էր անում, որոնք սովորաբար ավարտվում էին չարտոնված երթով դեպի նախագահի նստավայր: Քոչարյանի խաղաղ իշխանության տարիներին այդպիսի մի երթը նրա կազմակերպչի և ղեկավարի համար քիչ մնաց կյանք արժենար: Վերջինս մերձիմահ հազիվ ճողոպրեց Երևանից:

Բայց այս օրինակն էլ վերջին հաշվով խոսում է հօգուտ Քոչարյանի արձանագրված տնտեսական աճի: Թեկուզ մարդասպանությամբ՝ պետք է երկրի ներքաղաքական վիճակը կայուն պահել, որպեսզի հարյուր միլիոնավոր դոլարները որպես ներդրում հոսեն դեպի Հայաստանի տնտեսություն: Ո՞վ ներդրում կանի մի երկրում, որտեղ նրա նախագահի թանին թթու ասող կա: Չէ՞ որ Քոչարյանը հայտարարել է, որ անձամբ ինքն է (ոչ թե օրենքը) բոլոր ներդրողների գարանտը:

Այնպես որ՝ ոչ մի տեղ չես փախչի ակնհայտ տնտեսական աճից: Ընդամենը պետք է ժապավեն հասցնել ու մկրատ սրել:

Արշալույս Հակոբյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 306, նոյեմբերի 30, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   375 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ