...

Հրայր Թովմասյանը եկեղեցի է գնում, գիշերներն էլ հանգիստ չի քնում

Հրայր Թովմասյանը եկեղեցի է գնում, գիշերներն էլ հանգիստ չի քնում

«Պրեսսինգ» առցանց հաղորդման ժամանակ Հրայր Թովմասյանն օրերս մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել, որոնք, սակայն, այդպես էլ դուրս մնացին նրա «երկրպագուների» տեսադաշտից: Նա մասնավորապես հայտարարել է, որ թեև դժվարությամբ, սակայն  ՍԴ նախագահ դառնալուց հետո կարողացել է հաղթահարել նախկինում կուսակցական լինելու «բարդույթը»: «Ինձ համար բավական դժվար է եղել, ես անքուն գիշերներ եմ անցկացրել... Հերթական բարդ որոշումներն ընդունելուց առաջ ես առավոտյան եկեղեցի եմ գնում, որպեսզի չսխալվեմ, ես ճիշտ որոշում կայացնեմ, ես գիշերներն արթնանում եմ, հերթական որոշումը նորից կարդում եմ»:

Հրայր Թովմասյանի անցած քաղաքական ճանապարհից, ՍԴ նախագահի պաշտոնում նրա կարգվելու օպերացիայից անտեղյակները երևի թե կմտածեն, թե ի դեմս նրա` գործ ունեն հայկական արդարադատության մեսիայի հետ, հետևապես նրան պետք է ոչ թե հալածել, այլ երկրպագել: Մարդն այնքան սրբակենցաղ է, որ ստիպված է լինում որոշում կայացնելուց առաջ եկեղեցի գնալ, այդ որոշումների պատճառով զրկված է գիշերները հանգիստ քնելուց, մի խոսքով` ինչ անում է` արդարադատության աստվածուհու անունից է անում:

Մեզ, սակայն, անհանգստացնում է այն, թե ինչու պիտի ՍԴ նախագահը գիշերներն արթնանա, որոշումը նորից կարդա, եթե այն կայացվել է օրենքի և Սահմանադրության տառի համապատասխան: Սովորաբար գիշերներն արթնանալու սովորություն ունեն կա'մ լուսնոտները, կամ էլ նրանք, որոնց, ինչպես ժողովուրդն է ասում`«շեռը պղտոր է»: Ինչ վերաբերում է առավոտյան եկեղեցի գնալուն, ապա ՍԴ նախագահը թերևս պետք է սահմանափակի ՍԴ-ից դուրս որևէ փակ հաստատություն այցելությունները` հաշվի առնելով իր նախկին կուսակցական ընկերներից մեկի տխուր փորձը: Նա էլ շոգեբաղնիք էր այցելում և կրիմինալ բովանդակությամբ տեսլիքներ ունենում` իրեն այցելած ՀՔԾ քննիչի տեսքով: Այնպես որ՝ դեռ պետք է պարզել, թե արդյոք եկեղեցի այցելության ժամանակ պարոն Թովմասյանը հաղորդակից է լինում Աստծո ներկայությանը, թե ինքն էլ է զանազան տեսիլքներ ունենում` կայացվելիք որոշումների հարցով շահագրգռված նախկին պաշտոնյաների տեսքով:

Հրայր Թովմասյանը նույն հարցազրույցում նաև նշում է, թե իր համար կուսակցական էջն այլևս ջնջված է, «այդ կապերն այլևս գոյություն չունեն»: «Այդ կապերն այսպես ասեմ, չես կարող ասել, որ ընդհանրապես չկան, նախկին կուսակցական ընկերներ կան, նրանց մեջ հարազատ մարդիկ կան, ինչը շատ բնական է, բայց նրանք զրոյական նշանակություն ունեն: Շատ անգամ եմ կրկնել, բայց թող ներեն նաև իմ հայրն ու մայրը, նրանք ևս, իմ ընտանիքի անդամները նույնպես, զրոյական նշանակություն ունեն արդարադատությունն իրականացնելիս»: «Боже, какой типаж!»,- կասեր հայտի ֆիլմի հերոսը, մենք էլ Թովմասյանի նախկին կուսակցական ընկերներին ու ընտանիքի անդամներին մեր ասելիքն ասենք` զգույշ եղեք, երբ պարոնը արդարադատություն իրականացնելիս է լինում, մեկ էլ տեսար խառնեց սցենարն ու կրկնեց Րաֆֆու Սամվելի հայտնի խոսքը` «այն սուրը, որը սպանեց դավաճան հորը, կսպանի նաև ուրացող մորը»: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1107 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ