...

Հրդեհը հեքիաթներով չեն մարում

Հրդեհը հեքիաթներով չեն մարում

Ցանկացած խնդրի լուծման համար անհրաժեշտ է ելակետային տվյալների ճշգրտություն: Մենք հիմա կարևորագույն խնդիր ունենք՝ փրկել պետությունը, այսինքն՝ մարել հրդեհը: 

Ուստի Արցախյան վերջին պատերազմում պարտվելուց հետո մենք պետք է կարողանայինք գտնել պատերազմի իրական պատճառները, աղետաբեր կոպիտ սխալները, ինչը մեզ թույլ կտար անաչառ գնահատել ստեղծված վիճակը:

Սակայն 2020-ի պատերազմի վերլուծությունները, շնորհիվ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր քարոզչության, մեղմ ասած թերի են, սխալ, որովհետև սխալ է ելակետը: Այսպես, իշխանական քարոզչությունն ամեն ինչ արեց, որ պարտությունը բարդի բանակի, ժողովրդի, դրսի ուժերի վրա՝ իր առաջնորդին ծանրագույն մեղքից ազատելու համար:

Ընդդիմությունն իր «հողատու, դավաճան, կապիտուլյանտ» հորջորջումներով հասարակության ուշադրությունը կենտրոնացրեց 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի վրա՝ հեռանալով քննության իրական առարկայից, այսինքն՝ պատերազմի սկզբնապատճառից: Ընդդիմության՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, հանրապետականների և ՀՅԴ-ի շարժառիթը պարզունակ է: Նրանք ոչ մի կերպ չեն ուզում ընդունել, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի իրենց վարած կործանարար քաղաքականության ապաշնորհ շարունակողն է, և այս աղետի սկիզբը դրվել է 1998 թվականից:

Ստացվում է, որ երկու կողմն էլ լեգիտիմացրին պատերազմը և պարտությունը:

Եվ այսօր ունենք հետևյալ վիճակը.

1.    Պարտված Հայաստան, արտահերթ ընտրություններով կրկին իշխանության ղեկը ստանձնած պարտված ղեկավար, որի բանակցային ներուժը հավասար է զրոյի:

2.    Արցախահայության գոյության երաշխավորը ոչ թե մենք ենք, այլ փրկված հատվածում տեղակայված ռուս խաղաղապահները:

3.    Հայաստանի սահմանները վտանգված են, երկիր ներխուժած ադրբեջանական զինախմբերը չեն հեռացվել:

4.    Հազարավոր զոհեր, վիրավորներ, անհայտ կորածներ և գերիներ, սահմանային բախումներում՝ նոր զոհեր և վիրավորներ:

5.    Տեղեկությունների ծայրահեղ սղություն, այսինքն՝ մենք չգիտենք, թե մեր իշխանություններին ինչ են պարտադրում եռակողմ բանակցություններում, կամ ինչ են ասում մերոնց Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները՝ ռուսները, ֆրանսիացիներն ու ամերիկացիները: Որոշ բաներ կարելի է կռահել թշնամի երկրի ղեկավարի ասածներից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից և այլն: Կրկնենք՝ որոշ բաներ: 

6.    Եվ վերջապես, իշխանությանը թվում է, թե մարսել է պարտությունը, հասարակությունը ներել է մարդկային և տարածքային կորուստները: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն այս հոգեբանական ելակետով կարող է նորանոր արկածախնդրությունների գնալ: Ի դեպ, որոշ ընդդիմադիրներ՝ ՀՅԴ, ԱԺԲ, և քաղաքական նախկին գործիչներ՝ օր.՝ Վարդան Օսկանյան, կրակի վրա յուղ են լցնում՝ պնդելով, որ որևէ համաձայնագիր ստորագրել պետք չէ: Սրան զուգահեռ ուժգնացել է պատերազմի քարոզը:

7.    Իհարկե, պատերազմը չի ավարտվել, իհարկե, Ադրբեջանն օգտագործելու է մեր բոլոր թույլ կողմերը, որոնցից առաջինը և կարևորագույնը պետական մտածողությունից իսպառ զուրկ իշխանությունն է: Նոր պատերազմի վտանգը չափազանց մեծ է:

Ամփոփենք այսքանը: Աշխարհը և թշնամին հիմա խոսում են պարտված երկրի պարտված առաջնորդի հետ: Ուստի հերոսական կեցվածք ընդունելուց առաջ պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք մարել հրդեհը: 

Ուստի դարձյալ անում ենք առաջարկ-հորդոր: Հասարակության մտածող հատվածը պետք է ոչ թե ըմբոշխնի ապոկալիպտիկ պատկերներով տեքստերը կամ լալահառաչ հերոսականությամբ ողողված ողբերը, այլ թույլ չտա խեղաթյուրել անցյալն ու ներկան, թույլ չտա, որ իշխանական և մերձիշխանական վերլուծագանգերը հիմա էլ հանրությանը կերակրեն ֆրանսիական, ամերիկյան կամ ռուսական հեքիաթներով: Չի կարելի անընդհատ հուսալ, որ Ադրբեջանի նավթը մի օր կավարտվի, իսկ Թուրքիան կվերանա մոլորակի երեսից: Չի լինելու այդպես: 

Գրիգոր Խաչիկյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1696 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ