...

Իմ հայրենիքը, քո հայրենիքը, ընդդիմության մայրենիքը

Իմ հայրենիքը, քո հայրենիքը, ընդդիմության մայրենիքը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է. «Ամենամեծ վատությունը, որ կարող է անել Նիկոլն ընդդիմության հանդեպ, դա հրաժարական տալն է ու իշխանությունը նրանց վերադարձնելն է, որպեսզի իրենց «օրակարգով» գան ԱԺ։

Իրականությունն այն է, որ ընդդիմությունը ոչ մի օրակարգ էլ չունի։ Ընդդիմությանը փրկում է այն, որ Նիկոլը պատրաստվում է այդ աթոռի վրա մեռնել, այն ոչ մեկին չտալով։

Ընդդիմության օրակարգ չունենալն արդեն ոչ միայն ընդդիմության խնդիրն է, այլ մեր բոլորիս, որովհետև Հայաստանն է, որ այսօր ոչ մի օրակարգ չունի»:

Ստեփան Դանիելյանի գրած ամեն բառի տակ պատրաստ ենք ստորագրել: Իրականությունը ոնց կա, այդպես էլ նշել է: Մեր ուշադրությունն այս օրերին գրավել է հենց այն, որ մի քիչ շատացել են իրավիճակի մասին սթափ վերլուծությունները, գնահատականները, նախկինի համեմատ մի քիչ ավելացել են այս իրավիճակին իրատեսորեն մոտեցող քաղաքագետները, վերլուծաբանները: Զառանցողները շարունակում են զառանցել, նրանց թիվը չի պակասել, բայց միտք հայտողների թիվն է ավելացել:

Նույնիսկ հույս է կայծկլտում, որ... մարդ ես, մեկ էլ տեսար, մի քիչ էլ շատանան, որակ կազմեն, սկսեն հասարակական կարծիք ձևավորել, ազդել քաղաքական պրոցեսների վրա:

Բայց ի՞նչն է հետաքրքիր. այս գրառման համար Ստեփան Դանիելյանին վրա են տվել, ցցի են հանում. բացառապես քոչարյանականներն ու դաշնակները, հատկապես՝ «նարինջ» մակնիշի: Հիշում եք, երևի, որ մի պահ սկսեցին նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին դիտարկել որպես վարչապետի թեկնածու, քոչարյանականները միանգամից վայնասուն բարձրացրեցին, սկսեցին քրֆել Թաթոյանին... 

Հիմա նույն ձևով քաղաքագետին են վրա տվել: Մեկը գրել է. «Եթե ի նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանին կասեմ, որ սխալվում եք, որպես ընդդիմության առաջնորդ ինքը ունի իր ծրագիրը ու իր աշխատանքի ընթացքում ինքը ապացուցել է բոլորիս, որ կարող է երկիրը ոտքի հանել, եկեք չմոռանանք 1991 ից մինչև 1998 ը ինչպես էր քանդված Հայաստանը ու Ռոբերտ Քոչարյանը ինչպես նորից վերակառուցեց ու միլյարդների ներդրումներ բերեց»:

Հաստատ քոչարյանական է, որովհետև գրել է՝ միլյարդ: Չենք էլ ուզում այս խոսքերը մեկնաբանել, դա նույնն է, որ բռնես, «Մոխրոտիկը» հեքիաթին քաղաքական գնահատականներ տաս:

Բայց ամենասպանիչը քոչարյանականների հետևյալ փաստարկն էր. «Երբ կպարզվի Ռուսաստանի օրակարգը, այդ ժամանակ ընդդիմությունը կհանրայնացնի իրենը»:

Ու անկեղծ են գրում. սպասում են, թե Ռուսաստանն ինչ կասի, ինչ կհրամայի, նոր տեղից ժաժ կգան: Այսինքն՝ հայրենիք կփրկեն: Մի կողմից, վրա են տալիս նրանց, ովքեր ասում են՝ դուք օրակարգ չունեք, մյուս կողմից ասում են՝ հա, մենք օրակարգ չունենք, որովհետև.... Ռուսաստանը օրակարգ չունի: Էս տողերը գրելիս մեր ծիծաղն ու լացը իրար են խառնվում: 

Հ.Գ. Իսկ իշխանավորներից ոչ ոք Ստեփան Դանիելյանին չի հակադարձել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3401 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ