...

Ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել

Ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել

«Կա երկու հարց. ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել։ Առաջին հարցի շուրջ արդեն մեկուկես տարի վեճ-քննարկումներ են գնում, սակայն երկրորդ հարցը մնում է անպատասխան, կամ ավելի ճիշտ պատասխան ոչ ոք չի գտնում։ Տպավորություն կա, որ բոլոր կողմերը մտածում են մի բանի մասին՝ պատմության առաջ իրենց մաքրելու։ Բայց, արդյոք, այդ պատմությունն ապագայում գրվելու ու կարդացող լինելու է, եթե երկրորդ հարցի պատասխանը չգտնվի։ Եթե այսպես շարունակվի, ապա այդ առումով անհանգստանալու կարիք չունեն»,- ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Վերցնենք թեկուզ վերջին մեկ-մեկուկես դարի հայոց պատմությունը։ Կտեսնենք, որ այս երկու հարցերը՝ ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել, էլի դրված են եղել մեր առջև։ Այդ երկու հարցերի պատասխաններն էլ կան և թերևս չարժե հեծանիվ հորինելու տրամաբանությամբ շարժվել։ Պարզապես՝ չենք սիրում լսել և իմանալ մեր չիմացածը։ Մենք միայն խոսում ենք՝ առանց դադարի, առանց իմանալ-չիմանալու։ Մենք՝ անհատապես, հավակնում ենք լինել միակ ճշմարիտը, և հենց սա էլ խանգարում է, որ լռենք ու լսենք։  

Եվ ուրեմն՝ ո՞վ է մեղավոր։ Այս հարցի պատասխանը տրված է Հովհաննես Թումանյանի՝ 1921 թ․ Ավետիք Իսահակյանին գրված նամակում։  «Ես չեմ ուզում և չեմ կարող երկար ու բարակ գրել մեր երկրից, թեև դու հարցնում ես։ Կարճ ասեմ. մենք թե՛ դրսից, և թե՛ ներսից քանդեցինք մեր երկիրը։ Գլխավորապես մենք։ Մենք եմ ասում, և սրա մեջն է ճշմարտությունը։ Մի մասը խաչագող սրիկաներ, մի մասը գողեր ու ավազակներ, մի մասը ապիկար թշվառականներ, և չերևաց մի բազմություն, գոնե մի խմբակ, որ վերածնվող երկրի շունչը ու բարոյական կարողությունը հայտնաբերեր։ Էսքան աղետների ու պարտությունների մեջ ո՛չ մի մեղավոր չերևաց, ո՛չ ոք ոչ պատասխանի կանչվեց, ոչ պատասխան տվեց։ Եվ շարունակվում է. այժմ էլ նույն մարդիկը, նույն ճանապարհներով…Եվ ոչ մեկը գոնե անձնասպան չեղավ, որ ապացուցաներ, թե գոնե ամոթ ու խղճմտանք կա էս մարդկանց մեջ կամ էս ժողովրդի մեջ։ Բայց ես ինչ եմ ասում՝ չկարողացան գոնե վշտանալ կամ վշտացած երևալ»։ 09.12.1921, Կ.Պոլիս-Վենետիկ

Ի՞նչ անել։ Այս հարցի պատասխանն էլ տրված է Հովհաննես Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» հոդվածում, որը հեղինակը գրել է դեռևս 1910 թ․։ Հոդվածը բանաձևում-ախտորոշում է մեր հիվանդությունները։ «Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում»,- նշում է Թումանյանը և եզրակացնում․ «Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով»։ Հանրային բոլոր շերտերի ախտորոշումից հետո Թումանյանը առաջարկում է եղածը քննարկել «բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով»։ Մտավորականի իր բարձունքից նա արձանագրում է․ «Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։ Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։

Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։ Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։

Էնպես որ՝ մեկ հարյուրամյակներ ապրել ենք այս հարցադրումներով, ուրեմն՝ էլի կապրենք։ Կմեռնենք-կհառնենք, հետո էլի կմեռնենք՝ նորից կհառնենք։ Մինչև կհասկանանք, որ պետք է նախևառաջ սկսել մեր դժբախտությունը ճանաչելուց։ Եվ հենց ինքնակատարելագործման բարձր ցանկությունը հռչակվի մեր միակ ամբիցիան՝ գուցե հաջողենք։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2170 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ