...

Ինչ խնդիր է ուզում լուծել այսօրվա ընդդիմությունը

Ինչ խնդիր է ուզում լուծել այսօրվա ընդդիմությունը

Ընդդիմությունը շարունակում է ակտիվ հանրահավաքային պայքարը։ Այս համատեքստում անդրադառնալով ընդդիմությանը՝ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կրկին բարձրաձայնել է հարցադրումը, որը շատերին է հետաքրքրում՝ ի՞նչ խնդիր է ուզում լուծել այսօրվա ընդդիմությունը: Ըստ այդմ՝ նա տարբերակներ է նշել։

1․ Ընդդիմությունը ցանկանում է խանգարել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, 

2․ Ընդդիմությունը իշխանափոխության միջոցով ժամանակ է ձգձգում՝ սպասելով Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության հանգուցալուծմանը: 

3․ Իշխանության գալու դեպքում ընդդիմությունը Վերին Շորժան, Սև լիճը չի տալու Ադրբեջանին և Արցախն էլ չի ճանաչելու Ադրբեջանի կազմում: 

Ի դեպ՝ քաղաքագետն ընդգծել է, որ մինչև հիմա հանրահավաքների հարթակից քաղաքական ելույթ չի հնչել, ինչը կարող էր հանրության վերաբերմունքը փոխել: Իմիջիայլոց, հանրահավաքային պայքարի առաջին օրվանից շատերը նկատել ու բարձրաձայնել են, որ ընդդիմությունը պրիմիտիվ էմոցիաների վրա է կառուցում գործընթացը՝ խուսափելով քաղաքական ելույթներից։ Կարծիք կա, որ ընդդիմությունը պարզապես ասելիք չունի։ Մինչդեռ խնդիրը ոչ թե ասելիքի բացակայությունն է, այլ «խաղի» տրամաբանությունը։

Փորձենք քաղաքագետի մատնանշած սկզբունքների տեսանկյունից դիտարկել ելույթների ապաքաղաքական լինելը։ 1․ Եթե ընդդիմության ցանկությունը խաղաղության պայմանագրի ստորագրման վիժեցումն է, ապա դրա մասին բարձրաձայնելը համարյա ինքնասպանության պես մի բան կլինի։ Ինչո՞ւ, որովհետև այս հայտարարությունը կփակի ընդդիմության՝ արտաքին աշխարհի համար ինչ-որ պահից սկսած ընկալելի դառնալու պոտենցիալը։ 2․ Եթե ընդդիմության գոլը ժամանակ ձգձգելն է, ապա դա ինչ-որ իմաստով ձեռնտու է նաև իշխանությանը։ Ռուս-ուկրաինական հանգուցալուծման հեռանկարից է կախված լինելու նաև իշխանության գործողությունների վեկտորը։ Այս առումով կասկածները, թե իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ նույն ֆիլմի սցենարային տարբեր գծեր են, որոնք ինչ-որ պահից հատվելու են, միանգամայն բնական են։ Ինչ վերաբերում է 3-րդ կետին, ապա սրա մասին հախուռն ու հակասական հայտարարություններ եղել են, բայց այն որպես ծրագրային դրույթ՝ հստակ ձևակերպմամբ, առայժմ չի հնչել։ Կմոբիլիզացնի՞ այս մոտեցումը հանրության այլ շերտերին՝ միանալու պայքարին։ Կարծում ենք՝ այո։ Դա կբերի հեղափոխական զարգացումների. առայժմ դրա հեռանկարը խիստ մշուշոտ է։ 

Գոհար Վեզիրյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1619 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ