...

Իմ մատանին, քո մատանին, ընդդիմության մատանին

Իմ մատանին, քո մատանին, ընդդիմության մատանին

ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարագիր է ներկայացրել 2021 թվականին ու 2021 թվականի դրությամբ ունեցվածքի վերաբերյալ։

Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից։

Իշխան Սաղաթելյանը հայտարարագրել է տասը անշարժ գույք, որոնցից մեկի միանձնյա սեփականատերն է, մյուսի բաժնային՝ 50%-ի սեփականատերն է, և մյուս ութ գույքին տնօրինում է որպես համատեղ սեփականություն։

Միանձնյա սեփականատեր է Արաբկիրում գտնվող բնակարանի, Երևանի Կենտրոն համայնքում գտնվող բնակարանի բաժնային սեփականատեր է, Գեղարքունիքի մարզում գտնվող ութ հողամասի համատեղ սեփականատեր է։

2019-ին նվեր է ստացել 8 մլն դրամանոց մատանի, որն առկա է։ Բանկային հաշվին հայտարարագրել է 2 մլն 656 հզր դրամ, կանխիկ հայտարարագրել է 56 մլն դրամ, 92 000 դոլար, 28 000 եվրո։

Իշխան Սաղաթելյանի և (կամ) նրա ընտանիքի անդամի կազմակերպությունում ունեցած մասնակցության (փայեր, բաժնետոմսեր, բաժնեմասեր) տոկոսը «Ի-ՄԵԳԱ սերվիս» ՍՊԸ-ում կազմում է 100, «Ինվեստ հոթել գրուպ» ՍՊԸ-ում 100, «Մասսակա» ՍՊԸ-ում 50 և «Արիանա հյուրանոց» ՍՊԸ-ում 100 տոկոս։

Իշխան Սաղաթելյանի տիկինը՝ Լիանա Խաչատրյանը, 2019-ին 4 մլն դրամանոց վզնոց է նվեր ստացել։ Բանկային հաշվին հայտարարագրել է 70 000 դրամ, և 19 դոլար, կանխիկ ունի 75 000 դոլար, 32 մլն դրամ և 22 հզր եվրո։

«ՉԻ». Ռ. Քոչարյանի օրոք մի հատ անեկդոտ կար. մեկը նախարար է դառնում, մի ամիս ու կես անց հաշվապահը զանգում, հարցնում է, թե ինչի չի գալիս, աշխատավարձը ստանա: «Ո՞նց, ես աշխատավարձ էլ եմ ստանո՞ւմ»,- զարմանում է նախարարը:

Չէ, բայց դժվար Իշխան Սաղաթելյանը չիմանա, որ այսքան եկամուտներից զատ, մի հատ էլ Ազգային ժողովից եկամուտ ունի: 

Մի խոսքով՝ վատ չի ապրում, եթե 20 հազ. դոլարանոց մատանիներ է նվեր ստանում: Ուղղակի սրանից ընդդիմության հայրենափրկիչ շարժումն է տուժում: Դե, ի՞նչ սրտով հայրենիք փրկես, երբ եղանակները տաքացել են, շոգ է, մարդիկ Սևան են գնում, քոթեջ ու հյուրանոց են բրոնյա անում, հազիվ գործ է բացվել: Հեսա ՀՅԴ անդամավճարները մուծելու օրն է գալիս, հլը բոթաս պիտի առնի..

Դրա համար էինք ասում. այս ընդդիմադիր և ազգափրկիչ շարժումը պետք է ղեկավարի մեկը, որը այնքան էլ մեծահարուստ չէ, որ ժողովրդի համակրանքը մի քիչ ավելանա: Գիտենք, բարդ խնդիր է, ընդդիմության շարքերում համեստ ապրելակերպ ունեցող առաջնորդ գտնելը ավելի բարդ մարտահրավեր է, քան Վոլոդինի հետ հանդիպում կպցնելը, բայց այդ ուղղությամբ պետք է շարունակել փնտրտուքները:   

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3257 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ