...

Նմանակման հերթական սեանսները

Նմանակման հերթական սեանսները

Վերապահում։ Եթե Նիկոլ Փաշինյանը լիներ թերթի խմբագիր կամ միայն ՔՊ նախագահ, համոզվա՛ծ եղեք, նրա խոսքին անդրադառնալը կհամարեի արժանապատվությունից խիստ ցածր երևույթ։ Բայց սույն անձը ՀՀ վարչապետն է, երկրիս փաստացի ղեկավարը, ուստի ստիպված պետք է բացատրենք նրա ելույթների պատճառները և նպատակները՝ փորձելով մեղմել պետության գլխին բերվող հերթական վտանգը։

Նախապատմություն։ Ս․թ․ սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանը գրավեց Հայաստանի Հանրապետության տարածքի մի զգալի հատված, զոհվեցին 200-ից ավելի հայորդիներ։

Սեպտեմբերի 22-ին Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ Սուրբ Էջմիածնում հանդիպեցին Հայաստանի և Արցախի նախկին բոլոր նախագահները։ Պատճառը երկրի համար օրհասական վիճակից ելք գտնելն էր։ 

Ցավոք, հանդիպումը ռեալ արդյունք չտվեց, սակայն առիթ դարձավ, որ խոսեն ՀՀ նախկին նախագահները և «հայտնի աղբյուրը»՝ շատերի պնդմամբ՝ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Լռությունն առաջինը խախտեց ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ի՞նչ ասաց նա, ինչի՞ մասին հերթական անգամ զգուշացրեց, ինչպե՞ս արձագանքեցին նրան իշխանությունը և խորհրդարանական ընդդիմությունը։ 

1․ Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ պետք է իշխանությունը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, և ընդդիմությունը նստեն մեկ սեղանի շուրջ և փորձեն միասնաբար ելքեր որոնել։ Ասաց նաև, որ ոչ ոք, բացի Նիկոլ Փաշինյանից և գուցե նրան մտերիմ շատ նեղ շրջանակից, գաղափար չունի, թե ինչ են առաջարկում Ռուսաստանը, Թուրքիան, Արևմուտքը։ Այսինքն՝ ինֆորմացիայի պակաս կա, իսկ ինֆորմացիա հնարավոր է ստանալ միայն իշխանությունից։ Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրեց, որ բոլոր լուծումները ցավալի են լինելու, և պնդեց, որ դրանցից պետք է ընտրել քիչ ցավալին։ 

Հիմա Լ․ Տեր-Պետրոսյանի գիտական, դիվանագիտական լեզվից թարգմանենք պարզ, ռամկական հայերենի։ Ստացվում է հետևյալը․ երկիրը ձեր բացառիկ տխմարություններով հասցրել եք այս աղետալի վիճակին, և այն վերջնական կործանումից փրկելու համար պետք է իսկական համախմբում, պետք է խելք խելքի տալ՝ գոնե չարիքներից փոքրագույնը ստանալու համար։ 

2․ Իշխանությունը և ընդդիմությունը միահամուռ մերժեցին Առաջին նախագահի առաջարկը, քանի որ երկուսի համար էլ կարևոր էին իշխանությունը, ներքաղաքական և տնտեսական շահերը, սակայն բնավ կարևոր չէր Հայաստանի ճակատագիրը։

3․ Ն․ Փաշինյանը հասկացրեց, որ ինֆորմացիա չի տալու՝ պնդելով, որ ինքն ու իր թիմն են հարց լուծողը՝ ըստ ժողովրդից ստացած քվեների։ Սակայն սեփական թերթում «հավաստի աղբյուրի» անունից ինչ-որ բաներ հրապարակեց, որոնց հավաստիությունը չափազանց կասկածելի է, քանի որ «հավաստի աղբյուրը» բնավ պաշտոնական չէ։ Կորցրինք ամիսուկես։ Նիկոլ Փաշինյանի և նրա էմիսարների դեգերումները Բրյուսել, Փարիզ, Սոչի, Թեհրան, ԱՄՆ երթուղիներով ոչինչ չփոխեցին, ավելի ճիշտ՝ միայն վատթարացրին մեր վիճակը։ 

Ընդդիմության խոսույթը նույնպես ոչնչով չփոխվեց։ Չէր էլ կարող փոխվել, որովհետև նպատակը նույնն է․ այն է՝ ժամանակ ձգել, մինչև Ն․ Փաշինյանին ստիպեն մի բան ստորագրել, հետո փլատակների վրա գալ իշխանության։ 

Նմանակողը և նմանակման պատճառը։ Ս․թ․ նոյեմբերի 10-ին կառավարության նիստում Ն․ Փաշինյանը ելույթ ունեցավ՝ գրեթե նույնությամբ կրկնելով քոչարյանական ընդդիմության թեզերը։ Իսկ նոյեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ պատրաստ է ընդդիմության հետ «կիսել» բանակցային գործընթացի նրբությունները։ Հետաքրքիրն այն է, որ այս պնդումը բնավ կապ չուներ լրագրողի հետևյալ հարցի հետ, թե արտաքին կամ ներքին քաղաքականության մեջ ինչ փոփոխություններ եղան, որ ընդդիմությունը որոշեց վերադառնալ խորհրդարան։ Այսինքն՝ Ն․ Փաշինյանի պատասխանը կապ ունի նրա երկու ելույթների իրական շարժառիթի հետ։

Ուրեմն՝ չի բացառվում, որ նոյեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանելու է Հայաստան։ Ն․ Փաշինյանը պատրաստվում է այս այցին և նմանակում քոչարյանական ընդդիմության խոսույթը, քանի որ հասկանում է, որ սա՛ է հաճելի։ Ինչպես նաև փորձում է «բանակցային գործընթացի նրբություններ» բացահայտել հենց ա՛յդ ընդդիմության համար՝ դարձյալ «Բարձր Դռանը» հաճոյանալու նպատակով։ Այսքան բան։ 

Համոզված ենք՝ եթե Հայաստան ժամաներ, ասենք, Քամալա Հարիսը, ՀՀ վարչապետի դատողությունները շա՜տ նման կլինեին արևմտամետների և նույնիսկ ԱԺԲ-ի հռետորաբանությանը։

Զարուհի Գաբրիելյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   684 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ