...

Ինչ կլիներ, եթե չլիներ այս օրը

Ինչ կլիներ, եթե չլիներ այս օրը

Ուղիղ 24 տարի առաջ այս օրը՝ 1998 թվականի փետրվարի 2-ին, քաղաքապետ Վանո Սիրադեղյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացրեց իր հրաժարականի դիմումը։ Ի՞նչ Հայաստան կունենայինք այսօր, եթե չլիներ այդ հրաժարականը, ինչպես կզարգանային իրադարձությունները՝ երկար զրույցի թեմա է։ Բայց մի բան հաստատ է, օրեր ու իրադարձություններ կան, որոնց անշրջելիությունը թանկ է նստել մեզ վրա։ Սա, թերևս, հենց այդ օրերից մեկն է։ Ու հենց այդ օրերին Վանոն այլ ձևով է կարդացվում և ընկալվում։ Այս անգամ հատվածներ ենք առանձնացրել Սիրադեղյանի «Չհիշվող պատերազմ» հոդվածից։ Այն գրվել է 2002 թ․ մայիսի 14-ին։

«․․․Պարզվեց, որ մեր ժողովուրդը պատերազմ չի համարում այն պատերազմը, եթե ժողովրդի կեսին չեն բնաջնջում և երկրից մնացածին չեն վտարում: Կամ՝ երկրի ողջ չափահաս բնակչությանը չեն զորակոչում, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, և կեսն է ետ գալիս պատերազմից: Եթե համայնական արտից 10 հասկ փեշը դնելու համար երեխամորը տարիների սրոկ չեն տալիս: Եթե գերի ընկածի ընտանիքին չեն զրկում հացի քարտից ու մատնում սովամահության: Եթե պատերազմից ձեռուոտը տեղը վերադարձածին չեն աքսորում Սիբիր … Իսկապես, ի՞նչ պատերազմ, եթե տունդ հրի չեն մատնել, կանանց բռնաբարել և երեխաներիդ սրի չեն քաշել:

Տիգրան Մեծից դեսը հայությունը միայն այսպիսի պատերազմ գիտի: Բայց չէ՞ որ պատերազմը հազարավոր զոհերով տասնյակ հազար ընտանիք մտավ: Եվ Ղարաբաղի ու Հայաստանի ամեն մեծ ու միջին գյուղ իր չափով իր Եռաբլուրը ունի: Ընդ որում, դա ժողովուրդների վարած պատերազմների պատմության մեջ այն եզակի դեպքերից է, երբ երկրից դուրս հազարներով զոհվել, բայց թաղվել են հայրենի հողում: Այդ պատերազմը մերժեց ոչ միայն Հայաստանի հասարակական գիտակցությունը, այլև Սփյուռքը, չնայած պատճառ չուներ հայրենասիրության բացակայությունը բացատրելու ցրտով ու խավարով: Հետևաբար, անցած պատերազմի և առհասարակ «Մեկ ազգ – մեկ հայրենիք» թեմայով խոսելիս «ազգասեր» մեր բերանները Լենինականից Ղարս լայնքով ճորթելուց առաջ արժե հիշել, արձանագրել՝ թեկուզ ցավ տա, և չմոռանալ երբեք, որ ղարաբաղյան պատերազմի չորս տարիներին Սփյուռքից (մոտիկ ու հեռու) այդ պատերազմին մասնակցեցին 50 հոգուց ոչ ավել կամավորական:

․․․․ Հայաստանի ժողովուրդը չներեց այդ պատերազմը, բնականաբար, և չգնահատեց ո´չ զինադադարը, ո´չ հաղթանակը… Որովհետև դա դեռ սովետական ժողովուրդն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զոհվել էին պատերազմում: Եվ Հայաստանը ընտրությունների գնաց առանց իր լավագույն զավակների: Ինձ ու ձեզ հետ միասին, իմիջիայլոց: 

«Բա որ դու էլ երեկ ինձ հեծանիվդ չտվիր քշե՜ մ…»: Պետք չէ թաքնվել մանկամտության թիկունքում, զառամախտը շուտով օգնության կգա: Հետո, մանկան հիշաչարությունը չի անցնում երեկվա օրից այն կողմ: Ուրիշ է հայ գրագետի հիշողությունը: Իր նույնիսկ ամենաանհիշաչար տեսակով հանդերձ: Առանձնահատուկ է: Վասակ Դարբինյանը, օրինակ, հիշում է, որ Վանո Սիրադեղյանը առաջարկում էր օրենքով ներում շնորհել գաղտնի ծառայությունների գործակալներին, որպեսզի ազատ զգան այլ երկրների հանդեպ իրենց պարտավորություններից, բայց չի հիշում, որ առաջարկում էր այդ բանը անել՝ անել առանց անունները հրապարակելու: Սա ոչ թե դետալ է կամ հավելյալ միտք: Տրամագծորեն հակոտնյա բաներ են: Առաջինի դեպքում ժողովրդին բաժանում ես երկու մասի՝ մատնիչների և նրանց զոհերի, երկրորդ դեպքում՝ մատնիչներին շանս ես տալիս չշարունակել օտար հետախուզություններին ծառայել, շանս ես տալիս չենթարկվել նախկին տերերի շանտաժին՝ իրենց անցյալ զբաղմունքի համար: Առարկայացնենք. մի դեպքում պառակտում ես ազգը, մյուս դեպքում՝ չես պառակտում ազգը: Իսկ ոչինչ չանելու արդյունքը այսօրն է, երբ բոլորը ծախում են բոլորին:

Ընդհանրապես, Հայաստանում ոչ մեկը չի մտապահում, թե ով ինչ է արել ու ասել 2 կամ 5 տարի առաջ (դա՝ ոչինչ), բայց ում քնից բրթես՝ բերանացի արտասանում է Ավարայրի ճակատամարտը կամ Կոտորածի պատմությունը (ըստ Ջոն Կիրակոսյանի): Եվ չի հիշում 41-45-ի պատերազմի տևողությամբ ձգված Ղարաբաղյան պատերազմը: Պատերազմից հիշում են ցուրտն ու մթությունը, կարելի է կարծել՝ պատերազմները անցնում են ջեռուցման և լույսերի մեջ… Ունիկալ հիշողության տեր այս ժողովրդի հարազատ զավակ հայ գրագետը, ահա, տասը տարվա աշխարհացունց իրադարձությունները մի գիշերվա երազի նման (վատ երազի) թոթափած՝ իրեն գտավ հրապարակային մահապատժի վայրում, Առագաստի կառափնարանի շուրջ բոլորեքյան նստած՝ գարեջրի գավաթը ձեռքին ֆեստիվալ վայելելիս… Համազգային նման բարոյալքումը, այսպիսի համապարփակ մթագնումը նախորդում է մեծ աղետներին: Եվ ոչ մի միստիկա չկա այստեղ:

Երբ երկրի օպոզիցիան պայքարում է ոչ թե օրվա, այլ տարիներ առաջ եղած իշխանության դեմ, երբ ապրիլի 24-ին խաշ են դնում և ակադեմիկոս ու հանցագործ սեղան են նստում օղռաշների հետ, երբ օրենք են գրում պատմական իրադարձության վերաբերյալ, երբ իրավապաշտպանները պաշտպանում են հաղթած բանակի Սպարապետի գլուխը կտրելու գնացած անասուններին (միմիայն նրանց), երբ 100 հոգու ներկայությամբ մարդ են սպանում և ի հայտ չի գալիս մեկ լիարժեք վկա, գլխակեր բարքերով ապրող այդ երկիրը չի կարող աղետի չգալ: Իրավիճակի դրամատիզմը այն է, որ որքան ուշանում է աղետը, այնքան սպառվում են վերականգնումի բարոյական, դեմոգրաֆիկ, նյութական, քաղաքական ռեսուրսները»:

Պատրաստեց Գոհար Վեզիրյանը

ՎԱՐԿԱՆԻՇ

   3233 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ