...

Վանոն Նիկոլին էլ է պատերով տվել


Ուրացողի հիշատակարանը

Այս շաբաթվա իրադարձությունները երևի ճիշտ կլինի ամփոփել Վանո Սիրադեղյանի գնահատականներով, որոնք նա տվել է այս իշխանություններին: Այո, չեք սխալվում, այս իշխանություններին: Որովհետև այն գնահատականները, որոնք Վանոն տվել է դեռ 1999 թվականին, նաև այսօր են արդիական, ու առավել քան դիպուկ: Շատերը կարող են ասել, որ այն ժամանակ նա նկարագրել է քոչարյանական իշխանություններին: 

Ոչ, նա վերլուծել և նկարագրել է, թե ինչ է իրենից ներկայացնում ուրացող, ապազգային և գաղափարազուրկ իշխանությունը: Իսկ նման իշխանություն կարող է լինել 25 տարի առաջ, հիմա, ու միգուցե 25 տարի հետո: 

Օրինակ, ի՞նչ են ասում հիմա այս իշխանությունները: Արցախի հարցը կանխորոշված էր, Արցախը հանձնված էր, էն, որ ասում էինք՝ Արցախը Հայաստան է ու վերջ, էդ հեչ: 

Այս առթիվ Վանո Սիրադեղյանն ասել է. «Ինչո՞ւ էր պետք իշխանությունը զավթել Հայաստանում։ Պետք էր, որովհետև իրենք չեն հավատում Ղարաբաղի հարցի կարգավորմանը։ Ավելին, իրենց հարկավոր չէր խաղաղ կարգավորումը»: 

Այո, Նիկոլ Փաշինյանին ու իր խմբին խաղաղ կարգավորում պետք չէր, հակառակ դեպքում կընդունեին 2019թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած փաթեթը: Ոչ միայն չեն ընդունել, այլև մինչև հիմա էլ վախենում են այն հանրայնացնել: Հենց ասում են՝ հրապարակեք այդ փաստաթուղթը, Նիկոլ Փաշինյանի ֆազերը գցում է, սկսում է ճվճվալ, իրեն տափերովը տալ, հիստերիկ շարժումներ անել:

Անլվա ու անթրաշ ուղեղներով

Ի՞նչ են ասում իշխանությունները: Նիկոլ Փաշինյանն այս շաբաթ հայտարարեց. «Ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք, բայց ինչո՞ւ ենք հետաձգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցով որոշումը, որովհետև ասում ենք՝ մենք ուզում ենք համոզված լինել, որ ինչպես մենք ունենք քաղաքական որոշում, որ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում»:

Այս առթիվ Վանո Սիրադեղյանն ասել է. «Ամրապնդվել, ամայացնել փորձելով եղած և չեղած քաղաքական դաշտը, ամեն քայլով փորձելով նսեմացնել Հայաստանի գործիչների, կառույցների դերն այս պատերազմում: Այսպես անլվա ոտներով մտնելով մեր համաժողովրդական անկախության ու ազատագրության շարժման 88թ. նվիրական շեմը, շարժում, որը ոչ կուսակցություն էր, ոչ իշխանություն, ոչ քաղաքական գործիչներ, այլ մեր ժողովրդի ոգու վսեմագույն պոռթկումներից մեկը»։ 

Համաձայնվեք, որ Նիկոլ Փաշինյանի մեծագույն ձեռքբերումներից մեկն այս 7 տարվա մեջ քաղաքական դաշտի ամայացումն էր, բարոյազրկումը, երբ պետության երկրորդ դեմքը կարող է թքել քաղաքացու վրա, ԱԺ հանձնաժողովներից մեկի նախագահը անլվա բերանով ու շուրթերով կեղտ թափել կին լրագրողի վրա: 

Անպատկառության շքերթը

Ի՞նչ են անում հիմա այս իշխանությունները: Գյումրիի քաղաքապետի ընտրությունների շեմին ամբողջ իրավական համակարգով, սպեցնազով, վարչական ռեսուրսով հարձակվել են ընդդիմադիր թեկնածուների վրա: Վստահեցնում ենք՝ ոչ մի բանից չեն խորշելու, պատժիչ միջոցների ամբողջ արսենալը գործի են դնելու: Ինչքան պետք է, կբռնեն, կնստեցնեն, ինչքան տոկոս պետք լինի, կխփեն:

Այս առթիվ Վանո Սիրադեղյանն ասել է. «Կարծում եմ, հեշտ էր ցույց տալ, ապացուցել, որ սրանք այնպիսի անպատկառությամբ են օժտված, որ ժողովրդին ու բանակին պարտության տանելուց հետո էլ փորձելու են մնալ իշխանության գլխին և քանի որ ոչ ոք դա չի հանդուրժելու, երկիրը ներքաշելու են այս անգամ քաղաքացիական պատերազմի մեջ»։ 

Աստված չանի, իհարկե: Հուսանք, որ գոնե այս հարցում Վանոյի կանխատեսումը չի իրականանա: Չնայած, Նիկոլ Փաշինյանը դրան հասնելու ձևը կգտնի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   506 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ