...

Ինչո՞ւ է հրաժարվում Խաչատուրովը

Ինչո՞ւ է հրաժարվում Խաչատուրովը

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով Սերժ Սարգսյանի այցելությունը, նիստից առաջ ու հետո լրագրողների հարցերին կցկտուր պատասխանները, այդ այցելության առթիվ նրա գրասենյակի պաթետիկ հայտարարությունը, իհարկե, որևէ կերպ չի կարելի գնահատել որպես այս թեմայով կուլմինացիա, ինչի մասին օրեր առաջ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կուլմինացիոն ինչ-որ կետ, թերևս, կարելի է ակնկալել քննիչ հանձնաժողովի համապատասխան եզրակացություններից ու զեկույցներից, որոնք ըստ էության կլինեն հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո։

Այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի այցելությունը հանձնաժողով և հարցուպատասխանի վերաբերյալ հրապարակային դարձած տեղեկատվական որոշ հոսքեր իրենցից որոշակի հետաքրքրություն ներկայացնում են։

Զորօրինակ այն, որ նիստում Սերժ Սարգսյանը սխալ է որակել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի՝ հանձնաժողովի նիստին չմասնակցելու որոշումը։ Ամեն դեպքում այս մասին լրագրողներին ասել է քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. «Սերժ Սարգսյանն ասաց, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ էր։ Ասաց, որ ինքը խոսել է Խաչատուրովի հետ այստեղ գալուց առաջ և հորդորել է, որ ճիշտ կաներ գար։ Ես նորից եմ կրկնում՝ Խաչատուրովը Սերժ Սարգսյանի՝ այստեղ գալուց հետո ճիշտ կանի, որ ինքն էլ գա ու պատասխանի իրեն ուղղվող հարցերին, որպեսզի ամբողջական դառնա, որովհետև ի վերջո համար մեկ զինվորականը եղել է Գլխավոր շտաբի պետը»։

Ապրիլյան պատերազմի հետ կապված շատ դրվագներում Յուրի Խաչատուրովն ունեցել է հանգուցային մասնակցություն, որոնց ետևում կան որոշ խորհրդավոր կետեր ու հարցականներ։ Այս տեսակետից հատկապես հիշատակելի է զինադադարի կնքման հարցը։

Վերջերս անդրադառնալով ապրիլյան պատերազմի թեմային՝ Խաչատուրովը հայտարարել էր. «Ադրբեջանին, իհարկե, հաջողվեց մեզ համար անսպասելիություն ապահովել, բայց հայկական զինուժը կարողացավ դիմակայել գրոհը, ու ապրիլի 3-ին մենք արդեն մշակում էինք կորցրած դիրքերը հետ բերելու պլանները»:

Այդ մշակված «պլանները» չհաջողվեց իրականացնել, քանի որ ապրիլի 5-ին Մոսկվայում կնքված զինադադարը կասեցրեց այն: Օրերս այս մասին հայտարարել էր նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը՝ նշելով, թե պատրաստվում էինք ետ բերել կորցրածը, եթե չլիներ զինադադարը։

Մոսկվայում կայացած բանակցություններին ու կնքված զինադադարին հայկական կողմերից մասնակցել է հենց Յուրի Խաչատուրովը։ Ընդ որում, ըստ որոշ տեղեկությունների, Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարությունը համաձայն կամ տեղյակ չի եղել դրան։ Հատկանշական է, որ բանակցությունների մանրամասներին տեղյակ չի եղել կամ չի տիրապետել նաև Սերժ Սարգսյանը։ Ամեն դեպքում, 2016 թվականի ամռանը նա հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ բանակցությունների ու զինադադարի մանրամասներից, բայց գնացին համաձայնության՝ նոր զոհերից խուսափելու համար:

Այսինքն, դուրս է գալիս, որ Մոսկվայում ընթացած բանակցությունների ու կնքված զինադադարի պատասխանատվության մեծ մասն ընկած է Յուրի Խաչատուրովի վրա։ Ու շատ էական է, թե ինչպիսի աշխարհաքաղաքական ու ռազմական գաղտնիքներ են թաքնված այդ ամենի ետևում։ Դրանց որոշ պատասխաններ, իհարկե, ինչքան որ հրապարակային առումով հնարավոր է, կարող է տալ հենց Յուրի Խաչատուրովը։ Բայց նա հրաժարվում է այցելել հանձնաժողով ու պատասխանել հարցերին։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1434 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ