...

Սերժ Սարգսյանը Լուկաշենկոյին՝ «քո խիարն էլ թարս բուսնեց»

Սերժ Սարգսյանը Լուկաշենկոյին՝ «քո խիարն էլ թարս բուսնեց»

Բելառուսի՝ առայժմ գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության օրերին Սերժ Սարգսյանի «երեսով էր տալիս» ու բացատրում, թե ինչու վերջինիս համար «խիարը թարս բուսնեց»։

Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ օրը Լուկաշենկոն, իր ամենամյա ուղերձում դիմելով Բելառուսի խորհրդարանի անդամներին՝ հայտարարել էր, որ հրաժարվում է երկրում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մտադրությունից. «Ես խոստանում եմ, որ երբեք ձեզ, մասնագետներին, դատավորներին չեմ կանգնեցնի մի ընտրության առջև, երբ հարկավոր լինի պետության սահմանադրական հիմքերը փոխել առանձին վերցված մեկ անձի համար: Մենք սրանում համոզվեցինք նաև Հայաստանի օրինակով»:

Լուկաշենկոն նաև նախատել էր Սերժ Սարգսյանին՝ ասելով, թե նա պետք է ազնիվ լիներ սեփական ժողովրդի հետ ու պաշտոնը պահելու համար արկածախնդրության չդիմեր՝ Սահմանադրությունը փոխելու տեսքով. «Մենք ժամանակին դա արել ենք` վերացնելով առաջադրման սահմանափակումները Բելառուսի բոլոր նախագահների համար: Պետք չէր նախագահական հանրապետությունը վերածել խորհրդարանականի, հետո էլ խորհրդարանականը պարզ չէ թե ինչի»: 

Ուզում է ասել՝ ինքը «ազնիվ» է եղել և առանց այս ու այն կողմ ընկնելու, օրենքով իր համար ապահովել է անսահմանափակ թվով նախագահի պաշտոնում առաջադրվելու իրավունքը՝ թքած ունենալով ժողովրդավարության ու հանրային կարծիքի վրա։

Լուկաշենկոն նույն այդ ելույթում նաև խոստովանել է, որ ժամանակին Սերժ Սարգսյանի հետ խոսել է ժողովրդի հետ ազնիվ չվարվելու մասին. «Մենք քննարկել ենք այս հարցը Հայաստանի նախկին նախագահի հետ, և ես իմ տեսակետը շատ հստակ բարձրաձայնել եմ` հարկավոր է գնալ և ամեն ինչ ազնվորեն ասել սեփական ժողովրդին: Ի՞նչ կարիք կար փոփոխության ենթարկել պետության հիմքերը, կոտրել երկիրը մեկ անձի համար: Իսկ եթե այդ մա՞րդը կոտրվի. դա էլ տեղի ունեցավ»:

Այսինքն՝ Լուկաշենկոն վստահ էր, որ իր հեղինակությունն ու դիրքերն այնքան բարձր ու ամուր են երկրում, որ, առանց քաղաքական ֆոկուսների, ուղղակի ընտրության միջոցով կարող է հերթական անգամ «ինչքան ուզի, այնքան խփի» ու շատ հանգիստ նորից բազմի նախագահի աթոռին։

Լուկաշենկոն անգամ չար երազում չէր կարող պատկերացնել, որ Բելառուսի համբերատար ու ենթարկվող ժողովուրդը ոտքի կկանգնի, կընդդիմանա ու «հեռացիր» գոռալով՝ կմերժի իրեն։

Այս օրերին Բելառուսի ողջ տարածքում բողոքի ցույցեր են, գործադուլներ, Լուկաշենկոյի մերժման տարատեսակ ակցիաներ։ Եթե գործընթացները այս տեմպերով շարունակվեն, չի բացառվում, որ Լուկաշենկոյի հեռացումը օրերի հարց լինի։

Այժմ Սերժ Սարգսյանը իր բախտակից Լուկաշենկոյին հակադարձելու լավ հնարավորություն ունի։ Կարող է ասել՝ քո «ազնիվ» ինքնավստահությունն էլ չօգնեց քեզ հերթական անգամ գահին նստելու համար ու «խիարը քեզ համար էլ թարս բուսնեց»։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1038 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ