...

Մեղադրեք ձեր Սերժ Սարգսյանին

Մեղադրեք ձեր Սերժ Սարգսյանին

Այսօր կառավարության նիստում հայ-ադրբեջանական հարաբերություններին ու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող իր ծրագրային ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է շփման գծում հրադադարի պահպանման ու վերահսկման մեխանիզմներին. «Հրադադարի պահպանման մոնիթորինգը, որը գոյություն ուներ մինչև համավարակը, փաստացի խիստ սահմանափակ է: Անհրաժեշտ է ներդնել արդյունավետ միջազգային մոնիթորինգ, որը լինի մշտական և ունենա ստուգողական մեխանիզմներ, որոնք կարձանագրեն, թե երբ և որ կողմն է խախտել հրադադարը: Նմանօրինակ մոնիթորինգային գործունեություն կարող է իրականացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը, որն ունի տարածաշրջանում տարիների փորձառություն և կարող է ապահովել ԵԱՀԿ դիտորդների մշտական ներկայությունը տարածաշրջանում՝ թե՛ պետական սահմանին և թե՛ շփման գծում: Զինվորականների միջև տեղում ուղիղ կապի ապահովումը արդյունավետ գործիք է միջադեպերը կանխելու և պարզաբանելու ուղղությամբ»:

Վարչապետի այս մոտեցման մասին ամեն ինչից «խորագիտակ», «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ճիշտ հասկացա՞, որ Հայաստանը վերադառնում է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններին և Արցախի հետ ռազմաքաղաքական մեծ և համապարփակ համաձայնագրի կնքման օրակարգին: Փաստորեն սեփական նոր կետը լավ մոռացված ու մերժված հին կետն էր»:

Ինչպես հայտնի է, Վիեննայում համանախագահների միջնորդությամբ ձեռքբերված պայմանավորվածություններն ընդունվել էին ապրիլյան պատերազմից հետո և վերաբերում էին սահմանային գոտում վերահսկողության ու հետաքննական մեխանիզմների ստեղծմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի հանձնակատարի ապարատի լիազորությունների մեծացմանը։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո նախկին իշխանության ներկայացուցիչները, մասնավորապես՝ հանրապետականները, մշտապես վարչապետին մեղադրել են այն բանում, թե իբր նա հրաժարվել է այդ պայմանավորվածություններից ու անցել Դուշանբեի «վերելակային դիվանագիտությանը»։ Այս պնդման համար նրանք հիմք են ընդունում այն հանգամանքը, որ վերջին երկու տարիներին Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում երբևէ չի նշվել այդ պայմանավորվածությունների մասին։

Սակայն, ինչպես ցանկացած թեմայում, այս հարցում ևս հանրապետականները խեղաթյուրում են իրականությունը։
Այդ պայմանավորվածությունների մասին մատնանշումները քննարկումներից ու Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից դուրս էին մղվել հենց իրենց առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ։

Այսպես. Վիեննայում կայացած հանդիպումից ու ձեռք բերված պայմանավորվածություններից հետո հետաքննական մեխանիզմների ներդրման մասին չէր հիշատակվել Սանկտ Պետերբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ, որտեղ խոսք էր գնացել միայն հանձնակատարի լիազորությունների մասին։ Իսկ արդեն հաջորդ՝ Ժնևում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումից հետո, Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ որևէ ակնարկ չկար ոչ հետաքննական մեխանիզմների, ոչ էլ հանձնակատարի լիազորությունների ավելացման մասին։ Այնպես որ, եթե ՀՀԿ-ականների ու նրանց սազանդարների մեղադրանքների ու պնդումների համար հիմք ու փաստարկ են Մինսկի խմբի հայտարարությունների հիշատակումները, ապա պետք է մեղադրանքներ ներկայացնել իրենց «իմաստագույն» առաջնորդ Սերժ Սարգսյանին ու նրա իշխանության շրջանին։

Համլետ Կիրակոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ