...

Սերժ Սարգսյանն անկեղծ ու ազնիվ չէ

Սերժ Սարգսյանն անկեղծ ու ազնիվ չէ

Խոստացված մեծ ասուլիսի փոխարեն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն որոշել են կարճ տեսանյութերի ձևաչափով պատասխանել հանրությանը հետաքրքրող հարցերին և, ինչպես նշված է այդ տեսանյութերը նախապատրաստող նախաբանում, անկեղծ զրույց վարել ապրիլյան պատերազմի ու այլ հարցերի վերաբերյալ: 

Արդեն հրապարակված է երկու տեսանյութ, որոնցից առաջինում Սերժ Սարգսյանը ոչ այնքան համոզիչ ձևով փորձում է պատճառաբանել, թե ինչու խոստացված մեծ ասուլիսը փոխարինվեց նախապես պատրաստված, մշակված, խմբագրված, մոնտաժված այս ձևաչափով, որը բնավ էլ անկեղծ զրույց չի կարելի համարել։ Ինչպես և սպասելի էր, «մեղքը» գցվում է համավարակի ու արտակարգ դրության վրա, թե իբր դրանք հնարավորություն չեն տալիս մեծ ասուլիս կազմակերպել։

Այս պատճառաբանությունը, սակայն, ինչպես ասացինք, այնքան էլ համոզիչ չէ, քանի որ ցանկության դեպքում տեխնիկական այլ ձևաչափերով կարելի էր կազմակերպել ասուլիս, ասենք՝ հեռավար կարգով. համացանցային տեխնոլոգիաները դրանց հնարավորությունը լիուլի տալիս են։

Մեծ ասուլիսից ու հանրության հետ շփվելուց խուսափելու բուն պատճառը, ըստ ամենայնի, այն է, որ Սերժ Սարգսյանը երբևէ չի փայլել լրագրողների, հանրության հետ բաց ու ուղիղ հարաբերվելու ունակությամբ, իսկ նման ամեն մի շփման դեպքում «խիարը թարս է բուսնում» նրա համար՝ հարցերին տված խայտառակ պատասխաններով. «ինչքան ուզես, այնքան խփեմ», «եկել ես ստեղ, տոններս փչացնում ես, որ ի՞նչ անես» պատասխաններն արդեն «դասական» անեկդոտի են վերածվել։

Ինչևէ. արդեն հրապարկված երկու կարճ տեսանյութերում մեր ուշադրությունը գրավեց Սերժ Սարգսյանի հնչեցրած մի արտահայտություն։ Տեսանյութի տակ գրված՝ «Դուք պայքարում ե՞ք անցյալը ետ բերելու համար» հարցին, Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Միանշանակ է, որ չի կարող լինել վերադարձ անցյալին»։ Թերևս կարելի է ենթադրել, թե ինչ անցյալի մասին է խոսքը։ Ամենայն հավանականությամբ, նկատի է առնվել Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակաշրջանը, այդ իշխանության օրոք գոյություն ունեցող պետական-քաղաքական համակարգը, վարված քաղաքականությունը, հաստատված հասարակական հարաբերությունները, բարքերը։

Այդ ամենը 2018 թվականի ապրիլ-մայիսին մերժվեց ժողովրդի գերակշռող մեծամասնության կողմից։ Թերևս այս իրողությունը նկատի ունի Սերժ Սարգսյանը, երբ ասում է, թե «չի կարող լինել վերադարձ անցյալին», այսինքն՝ իր իշխանության տարիների մթնոլորտին ու տրամաբանությանը։

Սակայն հաշվի առնելով Սերժ Սարգսյանին ենթակա կուսակիցների՝ այս երկու տարվա ընթացքում հնչեցրած բազմաթիվ ու բազմաբնույթ հայտարարությունները, մեկնաբանությունները իրենց իշխանության ժամանակաշրջանի գնահատականների վերաբերյալ, բնավ տպավորություն չի ստեղծվում, թե նրանք վերաարժեքավորել են այդ անցյալը, խորքում գիտակցել ու ընդունել են իրենց այն բոլոր աղաղակող թերություններն ու սխալները, որոնք հանգեցրին հանրային մերժմանը։

Հեղափոխությունից օրեր անց ՀՀԿ-ի հրապարակած մի փաստաթղթում, որտեղ խոսք էր գնում իրենց իշխանության տարիների գործունեության գնահատականի մասին, որպես հիմնական թերություն, ընդամենը նշվում էր այն, թե կուսակցությունը լավ չի աշխատել հանրության հետ։ Այսինքն՝ ամեն ինչ շատ լավ ու ճիշտ են արել, իսկ միակ բացթողումը եղել է մարդկանց հետ լավ չաշխատելը։

Այս երկու տարիներին ՀՀԿ-ական գործիչները ևս իդեալականացնում են իրենց վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը, գովերգում իրենց իշխանության տարիները, խոսում մեծամեծ նվաճումների մասին, և ափսոսանքի, ներում հայցելու ոչ մի խոսք իրենց ծաղկեցրած կոռուպցիայի, ընտրակեղծարարության, անարդարությունների, ժողովրդի ճնշման ու հարստահարման մասին։ Ըստ նրանց՝ չէ ու չէ, նման բաներ չեն եղել, եթե ինչ-որ փոքր բաներ եղել էլ են, ապա դրանց հետ իրենք կապ չունեն։ Այլմոլորակայիններն ու Սորոսն են դրանցում մեղավոր։

Այնպես որ, Սերժ Սարգսյանը այնքան էլ անկեղծ ու ազնիվ չէ իր պատասխանում։ Այսօր իր կուսակիցները (և ոչ միայն նրանք) պայքարում են հենց անցյալը հետ բերելու համար։ Իրենց անցյալը։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1224 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ