...

Ինչպե՞ս տարածաշրջանում դիրքավորվել որպես «բոքսի տանձ»

Ինչպե՞ս տարածաշրջանում դիրքավորվել որպես «բոքսի տանձ»

«Տարածաշրջանում որպես հարևան և գործընկեր դիրքավորվելու» մանկամիտ փորձերի արդյունքում Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է «բոքսի տանձ», որին բոլոր կողմերից հարվածում են՝ մոտավորապես «խի՞ գլխարկ չես դրել» պատճառաբանությամբ։ Ճիշտ է, տեղից վեր կացողը Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության գլխին է բամփում, բայց հարվածները, ուզենք, թե չուզենք, Հայաստանն է ստանում։ 

Ռուսաստանը նրա գլխին բամփում է «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու համար»՝ իբր այսօրվա վիճակի գլխավոր պատճառը դա է (թեև Ռուսաստանն ինքը միշտ էլ ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում), Թուրքիան նրա գլխին բամփում է «Ղարաբաղում իրեն ճիշտ չպահելու» համար, թեև նա վաղուց ձեռքերը լվացել է Ղարաբաղից, Իրանը նրա գլխին բամփում է օտար ուժեր տարածաշրջան բերելու և «կասկածելի այցելությունների» համար, ԵՄ-ն չի ճանաչում Արցախի նախագահի ընտրությունները, Ուկրաինան ու Վրաստանը՝ նույնպես, ԱՄՆ-ը կոչ է անում «անհապաղ և միաժամանակ բացել երկու միջանցքները»՝ այդպիսով հավասարության նշան դնելով Լաչինի և Աղդամի ճանապարհների միջև, ինչին վաղուց ձգտում էր Ադրբեջանը, երկրի ներսում «տիտղոսակիր ընդդիմությունը» նրա գլխին բամփում է Արցախի նախագահին չշնորհավորելու համար (ի դեպ՝ տեսնես աշխարհում ուրիշ երկիր կա՞, որի նախագահն ընտրվել է գաղտնի քվեարկությամբ), և այսպես շարունակ։ Իսկ Նիկոլի հեչ վեջը չի․ հայտնի անեկդոտի նման՝ «ի՞նչ եք կպել, էրեխա ա, իրա համար մածուն ա ուտում»։ Իսկ ուրիշ ի՞նչ է մնում, եթե արդեն նույնիսկ ինքն է հասկացել, որ իր քաղաքականությունը՝ «եթե նապաստակն իրեն խելոք պահի, գայլն իրեն չի ուտի», կատարելապես ձախողվել է։ Այո, մնում է միայն «մածուն ուտելը»։ Իսկ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, նայած տրամադրության, կարող է խոստանալ ՀՀ զինանշանի վրայից հանել Արարատի պատկերը, կարող է Սևրի պայմանագիրը թափ տալ, կարող է ընդհանրապես չվերցնել հեռախոսը, քանի որ խիստ զբաղված է՝ մասնակցում է Եղիպատրուշի մանկապարտեզի լվացարանի երկրորդ ծորակի բացմանը․․․ 

Իսկ ի՞նչ է տեղի ունենում Արցախում։ Տեղի է ունենում այն, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ ուժերով կարծես թե կարողանում են կամաց-կամաց կյանքի կոչել արցախահայությանը բռնությամբ Ադրբեջանին «ինտեգրելու» քաղաքականությունը։ Արցախի նոր նախագահն էլ ընտրվելուն պես հայտարարել է, թե քանի որ Հայաստանը փաստացի ձեռքերը լվացել է Արցախի հարցից, «միջազգային իրավունք» ասվածն էլ ձևական է, Արցախի համար մնում է միայն մի տարբերակ՝ «ինքնուրույն փորձել գտնել միջանկյալ, իրավիճակից բխող լուծումներ»։ Հասկանալի է, չէ՞, որ «միջանկյալ, իրավիճակից բխող լուծումը» կամաց-կամաց ինտեգրվելն է կամ դրա իմիտացիայի միջոցով ժամանակ ձգելը, ինչը, ի դեպ, լիովին բխում է Ռուսաստանի շահերից։ Որովհետև Ադրբեջանը ռուս խաղաղապահներին թույլ կտա երկարաձգել իրենց ներկայությունն Արցախում միայն մի պայմանով՝ եթե ռուսները գործեն ադրբեջանական օրակարգով, այսինքն՝ նպաստեն «Ղարաբաղում ապրող հայերի ինտեգրմանը»։ Առաջին քայլը կլինի Լաչինի միջանցքի վերջնական չեղարկումն ու Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով խորհրդանշական բեռներ հասցնելը (ռուսների աջակցությամբ սա արդեն համարյա իրականացվել է), հաջորդ քայլը երևի կլինի ԼՂՀ Պաշտպանության բանակի զինաթափման փորձը՝ դարձյալ ռուսների ձեռքով, հետո՝ «տեղում կարգուկանոնի հաստատումը», և այլն։ 

Ընդունելի է այս «միջանկյալ լուծումը», թե ոչ՝ քննարկելը բացարձակապես անիմաստ է, որովհետև Արցախն իսկապես այլ ելք չունի։ Ի դեպ՝ ճիշտ այնպես, ինչպես չուներ մեկ կամ երկու ամիս առաջ։ Ռուս-ադրբեջանական համատեղ աքցանը հենց դրա համար էլ սեղմվում էր, որ Արցախն այլ ելք չունենա։ Իսկ թե ինչպես ստացվեց, որ Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը որոշեցին միասնաբար գործել ընդդեմ Հայաստանի ու Արցախի՝ դա էլ երևի պիտի Նիկոլից ու իշխանությունը նրան զիջածներից հարցնել։ Չնայած՝ ի՞նչ ենք կպել Նիկոլից, «էրեխա ա՝ իրա համար մածուն ա ուտում»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   659 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ